Միշա Բրուդիանիին եթե զենք էլ չտան, նա կամուֆլյաժ կպատրաստի զինվորների համար

Միշա Բրուդիանիին եթե զենք էլ չտան, նա կամուֆլյաժ կպատրաստի զինվորների համար

Միխեիլ Բրուդիանին ազգությամբ հայ է, ռուսախոս: Ծնվել է Վրաստանում, ապրել է Ռուսաստանում, նստել է Հայաստանում: Ավելի ճիշտ՝ կալանավորվել է երկու տարի առաջ՝ առանձնապես խոշոր չափի հաշիշ եւ մեթամֆետամին պատրաստել-պահելու կասկածանքով: Հիմա ապրում է «Նուբարաշեն» բերդի փոքրիկ խցում: Այնտեղից է հետեւում հետհեղափոխական Հայաստանի անցուդարձին՝ կորոնավիրուս, պատերազմ, իրավական անարխիա: Մի պահ Բրուդիանիին հաջողվեց ազատության մեջ հայտնվել: 20 մլն դրամ գրավի դիմաց դատարանը նրան ազատ էր արձակել: Բայց դատախազությունը համաձայն չէր, բողոքարկել է, եւ Բրուդիանիին էլի բռնել են: Այնուամենայնիվ, նա չի չարացել: Նա պացիֆիստ է: Բանակը չի սիրել, զենք չի ընդունել, բայց խոստովանում է. պատերազմական այս օրերին հեռուստացույցի էկրանին կպած, արցախյան գոյամարտին հետեւելով՝ վերարժեւորել է զենքը: «Ես հավատացյալ մարդ եմ,- ասում է,- հիմա, գտնվելով այստեղ, ինձ մոտ հայրենասիրական զգացումներ արթնացան»: 
Կալանավայրում նա հավաքել է իրեն տրվող անկողնային պարագաները, հագուստը, ներքնաշորերը, հիմնարկի ղեկավարությանն է դիմել, որ այդ ամենն ուղարկեն Արցախ՝ երեխաներին: Բանտի ղեկավարությունը խոստացել է, որ կմտածի եւ իր որոշումը կհայտնի Բրուդիանիին: «Հին շորերն ու պարագաները խնամքով պահում եմ, դրանք եմ օգտագործում: Սննդից էլ եմ ուզում  հրաժարվել: Չեմ կարող հանգիստ հացս ուտել՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Արցախում»,- ասում է նա: 

Միխեիլ Բրուդիանին այն կալանավորների թվում է, որոնք դիմել են քրեակատարողական ծառայության ղեկավարությանը՝ խնդրելով, որ հնարավոր դարձնեն իրենց մասնակցությունը ռազմական գործողություններին: «Ես չեմ կարող խոսել բոլորի փոխարեն, բայց ես գիտեմ իմ ներուժը, իմ ռեսուրսը: Պարտադիր չէ զենք վերցնել ու գնալ առաջնագիծ: Եթե ինձ չեն ուզում տալ զենք, ես կարող եմ այստեղից էլ օգտակար լինել: Ես լավ նկարում եմ: Կարող եմ, օրինակ, նոր հագուստ, կամուֆլյաժներ ստեղծել, եթե ինձ նյութեր, կտոր տան ու ասեն, թե ինչ տարածքի համար են ուզում՝ հո՞ղ է այդ տարածքում, ի՞նչ բուսականություն: Փոխանակ վազվզեն խցերով, անիմաստ խուզարկություններ անեն, թող երկու-երեք հոգուց հանձնաժողով ստեղծեն ու հարցումներ անեն կալանավորների, դատապարտվածների շրջանում, պարզեն, թե ով ինչով կարող է օգտակար լինել, ով ինչ կարող է անել այն ամենից, ինչ որ պետք է»,- համոզված է նա: Միշան շատ բան կարող է անել: «Ես յոգայով եմ զբաղվում, մարտարվեստներով, գիտեմ անգլերեն, իսպաներեն, վրացերեն, ռուսերեն, շախմատ: Նոնա Գաբրինդաշվիլիի հետ բլից-տուրնիրում երկրորդ տեղն եմ զբաղեցրել: Ես կարող եմ կողմնորոշվել անծանոթ տարածքում՝ առանց կողմնացույցի, այն ժամանակ, երբ երիտասարդ տղաները գերի են ընկնում, որովհետեւ չունեն կողմնորոշում: Նրանք կռվում են մի տարածքում, որը հաճախ չեն էլ ճանաչում: Պետք է օպերատիվ ծառայություններն աշխատեն, պարզեն, թե ով ինչ կարող է անել, ստուգեն տեղեկությունները, կարելի է ասել ամեն ինչ: Ստուգել, ճշտել ու մարդկանց օգտագործել»: 

Բրուդիանիի  հետ կապը պահում ենք նրա փաստաբանի միջոցով, եւ պարբերաբար նա իր մտքերն է մեզ փոխանցում, որովհետեւ ակտիվ անձնավորություն է, ու ձեռքերը ծալած նստելը Միխեիլի համար բարդ է: Նա ջրի շշերից գանտելներ է սարքել, հատակի փայտից էլ՝ պտտաձող (տուռնիկ): Կալանավորների շրջանում առողջ ապրելակերպ է քարոզում՝ չխմել, չծխել, զարգանալ, սպորտով զբաղվել, սիրել կյանքը՝ անկախ գտնվելու վայրից: 
«Հիմա ես շատ ժամանակ ունեմ, աննպատակ չեմ ուզում անցկացնել այն: Լեզուներ եմ սովորում՝ հայերեն, իսպաներեն: Հայերեն տառերը, լեզուն քրեական դատավարության օրենսգրքով եմ սովորում, ընկերներս բացատրում են, թե որ բառն ինչ է նշանակում: Գիտեք, բանտում մարդիկ դեգրադացվում են, մարդկանց պետք է զբաղեցնել, պետք է պիտանի դարձնել: Էս մարդիկ մի օր դուրս են գալու սոցիալական կյանք, իսկ սոցիալիզացիայի ծրագիր այստեղ չկա: Երկու տարի նստած՝ առանց դատավճռի, ես նույն դատապարտյալի կյանքով եմ ապրում»: 
Դատախազությունը մի պատասխան ունի ռազմաճակատ մեկնելու, պատերազմական իրավիճակում պիտանի լինելու ցանկություն հայտնած կալանավորներին ու դատապարտյալներին՝ մարդկանց։ Ասում է՝ նրանք, որոնք չեն ուղղվել, զենք չի կարելի վստահել: Սրան Միշա Բրուդիանին պատասխանում է. «Նախ, ամեն մարդ մտածում է իր փչացածությանը համապատասխան: Երկրորդն էլ՝ ինչո՞ւ միանգամից զենք տալ: Ոմանք կարող են կարտոֆիլ մաքրել, մյուսները՝ խրամատ փորել»: