Որտեղից է սկսել փոփոխությունները ՀԿԵ նոր պետը

Որտեղից է սկսել փոփոխությունները ՀԿԵ նոր պետը

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն նշանակված Սերգեյ Վալկոյի պաշտոնավարման ժամկետը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին 3 տարով երկարաձգվեց, սակայն 6 ամիս անց նա  ազատվեց պաշտոնից: Նշենք, որ տարբեր վարկածներ կան Վալկոյի անսպասելի հեռացման հետ կապված, և դրանցից հիմնականը երկաթուղու կողմից 104 միլիոն դոլարի չարաշահումների փաստով  քննվող քրեական գործերն են, բայց լուրեր են պտտվում նաև, թե Վալկոն հեռանում է ՌԵ-ում բարձր պաշտոնի նշանակվելու համար, քանի որ ՌԵ-ում Վալկոյի աշխատանքից գոհ են:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Մելնիկով Ալեքսեյ Վալերևիչը: Շուրջ երկու շաբաթ է՝ Ալեքսեյ Մելնիկովը Հայաստանում է եւ անցել է պարտականությունների կատարմանը:

ՀԿԵ աշխատակիցների խոսքերով՝ նոր տնօրենը փոփոխություններ նախատեսում է, սակայն շարքային աշխատողների համար դրանք այնքան էլ նկատելի չեն լինելու: «Քանի որ մինչ այստեղ ուղեգրվելը նա աշխատել է «Հյուսիսկովկասյան երկաթուղի» (ՌԵ մասնաճյուղ) ընկերության տնտեսական, ֆինանսական եւ կորպորատիվ համակարգման գծով առաջին տեղակալ, մեր ընկերության ներսում նույնպես  սպասվում են լուրջ տնտեսական  փոփոխություններ» ,-մեզ հետ զրույցում ասաց ՀԿԵ պաշտոնյաներից մեկը՝ չբացելով փակագծերը: Իսկ ահա մեր ունեցած տեղեկություններով՝ Մելնիկովն առաջինը ձեռնամուխ է եղել սահմանափակել ՀԿԵ պաշտոնյաների իրավունքները: «Ամեն չորեքշաբթի պետերի` գիծ դուրս գալու օրն է: Բոլոր ստորաբաժանումների պետերը շաբաթը մեկ անգամ տարածքների զննություն են իրականացնում՝ Երևանից հասնելով Հրազդան, Գյումրի, Վանաձոր ու մյուս տեղեր: Իրենց համար հատուկ էլեկտրաքարշ է հատկացված, որ ճանապարհները գծով անցնեն ու հետն էլ ուսումնասիրեն: Նոր տնօրենի գալուց հետո էլեկտրաքարշն օգտագործվում է նաև հետադարձի համար, իսկ նախկինում ոչ միշտ էր էդպես, պետերն էլեկտրաքարշով գնում, ծառայողական մեքենաներով վերադառնում էին»,-պատմեց աշխատակիցներից մեկը: Պարզվում է՝ նախկինում պետերը միայն ճանապարհի մի ուղղություն են հատել էլեկտրաքարշով, իսկ հետադարձին օգտվել են ծառայողական մեքենաներից՝ հավանաբար ձանձրալի եւ ժամանակատար համարելով էլեկտրաքարշով երթևեկելը՝ չխնայելով ավտոմեքենաների համար հատկացվող վառելիքը:

Տեղեկացանք նաև, որ ՀԿԵ նոր տնօրենը երեկ աշխատանքային այցով Գյումրիում  է եղել: Հանդիպում է ունեցել նաև Շիրակի մարզպետի հետ: Նա մարզպետին առաջարկել է քննարկել միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը։ Մարզպետարանից տեղեկացնում են. «Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր, առաջիկա անելիքներն ու ընթացիկ ծրագրեր: Անդրադարձ է կատարվել կազմակերպության արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների որակի ապահովմանը։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանը նորանշանակ տնօրենին առաջարկել է քայլեր ձեռնարկել առաջիկա տուրիստական սեզոնին ընդառաջ էլեկտրոնային տոմսերի վաճառք սկսելու առնչությամբ»: