Ինքնիշխանության մասին

Ինքնիշխանության մասին

Երբ  Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ գազի միասնական գին կարող է լինել միայն ԵԱՏՄ ավելի խոր ինտեգրացիայի դեպքում, ֆեյսբուքում կատակով գրեցի. «Աչքիս Պուտինն ասում է՝ գնացեք՝ Ղազախ –Իջեւան, Եվլախ-Ստեփանակերտ-Նախիջեւան գազամուղները վերականգնեք»: Կատակը՝ կատակ, բայց գուցե Ռուսաստանի վերաբերմունքի ենթատեքստը հենց դա՞ է: Այսինքն՝ կամ փաստացի «միանում ես» Ռուսաստանին, կամ՝ գնա եւ հարաբերություններդ կարգավորիր Ադրբեջանի հետ: Թուրքիայի հետ: Չգիտեմ, ինչ ուզում ես, ինչպես ուզում ես՝ կյանքդ դասավորիր: Վերջապես դու պետությու՞ն ես, թե՞ որոշակի քանակի մարդկանց բնակավայր, որ ծիծեռնակի ճտի նման բնում նստած՝ սպասում է, թե մայրը երբ է իրեն կերակրելու: Ո՞վ է ասել, որտե՞ղ է գրված, որ Ռուսաստանը մեզ պիտի էժան գազ վաճառի: Մեկ միլիոն հայի իր տարածքում աշխատանք տա, ամեն ցանկացողի՝ քաղաքացիություն, իսկ Հայաստանում եւ  Արցախում ապրողներիս՝ անվտանգության հստակ երաշխիքներ: Ո՞ր տրամաբանությամբ է Ռուսաստանը «պարտավոր» Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերություններ փչացնել՝ հանուն հայերիս: Ե՞րբ ենք հասկանալու, որ պետություններն առաջնորդվում են սեփական շահերով:

Որ քաղաքականությունը հաշվենկատություն է, պրագմատիկ հաշվարկ: Ռուսաստանը Վրաստանում շահ ունի, մրցակցում է ադրբեջանական SOCAR-ի հետ եւ 15 տոկոսով էժանացնում է գազի գինը: Եթե մենք ունենայինք գազի երկրորդ մատակարար, Ռուսաստանը մեզ հետ վերջնագրով չէր խոսի:  Խնդիրը պետք է դիտարկել խորությամբ եւ լայնքով: Ռուսաստանից մեր կախվածությունը մի մտայնության արդյունք է. «Եթե ռուսների հետ չլինենք, Ղարաբաղը չենք կարող պահել»: Մի քանի անգամ ասել եմ, ավելորդ չեմ համարում կրկնել՝ եթե Ադրբեջանը համաձայներ իր տարածքում ունենալ ռուսական ռազմահենակայան, ԼՂ հարցը վաղու՜ց լուծված կլիներ՝  1994թ. մայիս-հունիս-հուլիս ամիսներին: Դիվանագիտությունը հարվածի ուղղությունը քեզնից հակառակորդի վրա շեղելու արվեստ է: Ներկա փուլում ճնշման տակ հայկական կողմն է: Իսկ մենք դիսկուրս ենք բացել՝ Հայաստանը համաձա՞յն է կարգավորման փուլային տարբերակին: Իսկ դա ի՞նչ մի էական խնդիր է: Այո, կողմնակից է: Իսկ Ադրբեջանը համաձայնություն տալի՞ս է, որ բաժանարար գոտի խաղաղապահ ուժեր մտնեն: Սկզբունքորեն՝ ոչ, բայց դիվանագիտորեն պնդում է, որ հարցը պետք է կարգավորվի փուլային տարբերակով: Ուրեմն եկեք բոլորով ճնշման վեկտորը տեղափոխենք Ադրբեջանի ուղղությամբ: Գործնականում, իհարկե, դա չի բերի ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը, բայց խիստ անհարմարություններ կպատճառի Ադրբեջանին: Ինքնիշխանություն ասածն ինչ-որ գերբնական սուբստանցիա չէ: Ընդամենը պետք է կարողանալ ճիշտ գնահատել իրավիճակը, սեփական հնարավորությունները եւ ընդունել այդ պահի ամենաօպտիմալ որոշումը: Թե չէ ամեն քայլափոխի խնդիրներ ստեղծելու համար մեծ խելք պետք չէ: Բավական է մի քանի գավառամիտ եւ ամբոխահաճո հայտարարություն, եւ բոլոր լուրջ մարդիկ քեզնից երես կթեքեն: