Իշխանն 33 օր մասնակցել է այդ ամենին, երբ ընդամենը 18 տարեկան էր

Իշխանն 33 օր մասնակցել է այդ ամենին, երբ ընդամենը 18 տարեկան էր

2020-ի ամռանը բանակ զորակոչված Իշխան Մանուկյանն ընդամենը 18 տարեկան էր, երբ մասնակցել է պատերազմին, ապա վիրավորվել եւ Երեւանում մահացել։ 

Մայրը՝ Լիանա Մեջլումյանը խորը հուզմունքով է պատմում որդու  ճակատագրի  մասին․ «Ավարտել է Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցը։ 9-րդ դասարանն ավարտեց, ընդունվեց Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ, մասնագիտություն ստացավ, դարձավ ատամնատեխնիկ։ Զորակոչվեց բանակ հուլիսի 30-ին, ծառայում  էր Արա լեռում՝ Հադրութի եւ Ջաբրայիլի մեջտեղում։ Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն ինձ չզանգահարեց, շատ անհանգիստ էի, հետ զանգեց՝ շատ ուրախ եւ ինքնավստահ, ասեց՝ խառն է, բայց ոչինչ, ես լավ եմ։ Բայց ի՞նչ լավ, հետո զինակից ընկերներն եկան, պատմեցին, թե ինչ է կատարվել։ Ուղիղ 33 օր խեղճ էրեխես հրետանավոր էր, էլ Մարտունի, Հադրութ, Ստեփանակերտ են եղել, կռիվ է տվել։ Կեղտոտ, փոշոտ քնել են այդ խրամատներում։ Պատմեցին  անգամ, որ ինքը մի անգամ մահից փրկվել է, բաճկոնն ասկոլկեն ծակել էր, էն մյուս կողմից դուրս է եկել, այդ մասին  էլ ինձ ոչինչ չի ասել։ Հադրութում են եղել, տեսել է թշնամու ջոկատն, իջել, զեկուցել է հրամատարությանն։ Թշնամին ցանկացել է շրջափակել իրենց, եւ էրեխես լավ ժամանակին  է տեսել, թե չէ ընկերն ասում է՝ հիմա գերի էինք կամ մեզ մոռթել էին։ Հասցրել են փախնեն այդ Հադրութից։ Այդեղից գնացել են Մարտունիի գյուղերից մեկը, էլի կռիվ են տվել։ Իշխանն 33 օր մասնակցել է այդ ամենին, երբ ընդամենը 18 տարեկան էր»։

Մայրը նաեւ պատմում է՝ տղայի վերջին  մարտը եղել է Մարտունիում՝ «Կարմիր շուկայի» մոտ, այնտեղ էլ վիրավորվել է․ «Ինքը վիրավորվել է անօդաչու սարքից, իր երիկամը տրաքել է, այրվածքներ է ստացել։ Հասցրել են հոսպիտալ, վիրահատել են, հետո տեղափոխել են ուղղիթիռով Էրեբունի։ Այստեղ էլ ինձ զանգահարեցին, ես գլխապատառ գնացել, հասել եմ, ի՞նչ վիճակ․ շատ ծանր, մենակ սիրտն էր աշխատում, 5 օր այդպես տանջանքներով մնաց, նոյեմբերի 5-ին անմահացավ էրեխես։ Էդքանն էր Իշխանինը ․․․»։

Իշխանին հիշելիս մայրը ասում է՝ բարի եւ ընկերասեր էր․ «18 տարվա մեջ մի օր կռիվ չի արել, միշտ հաշտեցնողի դերում էր։ Կռիվ էլ լիներ, իրեն կանչում էին, որ լեզու գտնեին, այսպիսի տղա էր ինքը։ Խելացի էր։ Ինքը չխոսկան էր, ամեն բան չէր կիսվում, իր մեջ էր այդ ամեն ինչը, անձնականով ինձ հետ չէր կիսվում, բայց ընկերներից իմացա, որ ունեցել է ընկերուհի, բայց հետո ինչ է եղել ստույգ չգիտեմ։ Իշխանը շատ էր սիրում  կյանքը, սիրում էր ընկերներով  գնային, զվարճանային, լավ հագնվեր, մարզվեր, ամեն ինչ մինչեւ 18-ը հասցրեց անել»։

Նա տղային տխուր սրտով է ճանապարհել բանակ․ «Ես իր գնալուց առաջ նեվրոզ տարա այդ ապրումներից, թե ոնց կլինի, որտեղ կընկնի, այդ ամեն ինչն այնքան իմ մեջ մտածեցի, որ նեվրոզ ունեցա, էս ամենից հետո ավելի բարդացավ»։

Զորացրվելուց հետո Իշխանը պատրաստվում էր մեկնել ՌԴ՝ այնտեղ իր մասնագիտությամբ աշխատելու․ «Իր հայրը ՌԴ-ում էր աշխատում, մենք որոշել էինք, որ ինքը վերջացնի, գա, կգնա այնտեղ ու իր մասնագիտությամբ կաշխատի, կլինիկայի հետ պայմանավորվել էինք, էն էլ երազանքները կիսատ մնաց»։

Ընտանիքը բացի Իշխանից, ունի եւս մեկ երեխա։