Խոչընդոտում են լրագրողների աշխատանքը

Խոչընդոտում են լրագրողների աշխատանքը

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում ոստիկանները փորձում են խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Մի քանի լրատվամիջոցների լրագրողներից տեղեկացանք, որ ոստիկաններն իբրև անհանգստանալով լրագրողների ֆիզիկական անվտանգության մասին, մոտենում են նրանց եւ հորդորում տարածքից հեռանալ, կամ փլատակներից մաքսիմալ հեռու կանգնել: Մենք տեղեկացանք նաև, որ քիչ առաջ անգամ կոնֆլիկտ է տեղի ունեցել լրագրողների և ոստիկանների միջև:

Այսօր վաղ առավոտից ոստիկաններն ինչ-որ կողմնակալություն են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, տպավորություն է, թե «վերևից» հերթական հրահանգն է իջել լրագրողների դեմ: Մենք փորձեցինք ոստիկանությունից պարզել, թե ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ են ոստիկաններն այսօր վաղ առավոտից կանխակալ տրամադրված լրագրողական համայնքի նկատմամբ, ինչու են խոչընդոտում լրագրողների աշխատանքին, որը քրեորեն պատժելի արարք է համարվում, սակայն ոստիկանությունից ասացին, որ այդ հարցին չեն կարող պատասխանել, չունեն տեղեկություն: