Անհրաժեշտ է արդյո՞ք իշխանությունը հանձնել բանակին և «Պաշտպանության կոմիտե» ձևավորել՝ որպես իրավիճակի լուծում․ քաղաքական գործիչների արձագանքը

Անհրաժեշտ է արդյո՞ք իշխանությունը հանձնել բանակին և «Պաշտպանության կոմիտե» ձևավորել՝ որպես իրավիճակի լուծում․ քաղաքական գործիչների արձագանքը

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության, «Վերնատուն» ակումբի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի համահիմնադիր Վազգեն Մանուկյանն այսօր անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով առաջացած ծանր իրավիճակին՝ նշելով, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, իշխանությունը հանձնի ողջ բանակին, իսկ բանակն իր հերթին, ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին։

Հայտարարություն վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է քաղաքական գործիչների հետ։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հայտարարությանը կանդրադառնա, բայց ոչ հեռախոսով, հայտարարություն կանեն կուսակցությունով։

«Ես ընդամենը շատ հակիճ կասեմ, որ ես պաշտպանում եմ այդ առաջարկը։ Ընդամենը դա»,- կարճ ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ քաղաքական խորհրդով դեռ չեն քննարկել հայտարարությունը։ «Ես անձամբ իմ անունից գտնում եմ, որ դա ճիշտ է, սա իմ անձնական կարծիքն է։ Խնդրում եմ որպես խմբակցության կարծիք չներկայացնել, բայց չպետք է մոռանանք, որ Վազգեն Մանուկյանից դեռ մի քանի ամիս առաջ պարոն Ծառուկյանն էր հայտարարել, որ այս կառավարությունն ապիկար է և պետք է հրաժարական տա»,- ընդգծեց պատգամավորը։

Պետրոսյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա, որովհետև իշխանության մնալու նրա ամեն ժամն «ուղղակի  վնասակար է մեր պետականության համար»։ «Խնդրում եմ նշել, որ սա իմ անձնական կարծիքն է, բայց չի ուշանա նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, պարզապես այս պահին քանի որ դեռ քննարկում չի եղել, դիրքորոշում չկա, ես լիազորված չեմ խմբակցության անունից հայտարարություն անել։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին։ Եվ փոխանակ  բանակցություն վարի, փոխանակ կարողանա գոնե մեր ունեցած ռազմական պահանջի անհաջողությունների պակասը լրացնել բանակցություններով, ինքը դա անում է ընդամենը «լայվ» մտնելով և տղամարդկանց ռազմաճակատ գործուղելու կոչեր անելով։ Ես համարում եմ, որ դա բնորոշ չէ զինված ուժերի ինքնահռչակ գերագույն հրամատարին, և նա լուրջ գործերով զբաղվելու փոխարեն շարունակում է հանրությանը կերակրել իր «լայվերով»»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը։

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը չմեկնաբանեց հայտարարությունը։  

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ դիմել են Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու պահանջով։ «Որևէ մեկից տեղեկություն չունեմ և չեմ կարող մեկնաբանել Ձեր ասած որևէ հայտարարություն»,- եզրափակեց Մարուքյանը։ Ավելի վաղ ԼՀ պատգամավոր Անի Սամսոնյանն էր ասել, որ չի մեկնաբանում հայտարարությունը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ ծառայության մեջ է, հանրային ելույթ չի ունենում։ «Ոչ մի մեկնաբանություն։ Ծառայության մեջ եմ, ոչ մի ելույթ չեմ ունենում, մեկնաբանություն չեմ տալիս»,- եզրափակեց Աշոտյանը։
 
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով հայտարարությանը, ասաց, որ պաշտպանության կոմիտե ստեղծելու իր առաջարկը դեռ շատ վաղուց է եղել։ «Պետք է ստեղծել միանշանակ և հավաքագրել բոլոր նրանց, ովքեր կարող են որոշակի մասնակցություն ունենալ որպես մասնագետներ, խորհուրդ տալ, իսկ հետո, թող, արդեն կառավարությունն ու համապատասխան ծառայությունները որոշումները կայացնեն։ Ուշացրեցին, ես կարծում եմ՝ հիմա մի այնպիսի իրավիճակ է, որ իսկապես պետք է հավաքագրել բոլոր հնարավոր միջոցները, բոլո՛ր և՛ ինտելեկտի տեսանկյունից, և՛ փորձի տեսանկյունից, և՛ ռեսուրսների տեսանկյունից և այլն, և այլն։ Որովհետև մենք խոսում ենք մեր հայրենիքի պաշտպանության մասին։ Մենք հիմա չեն խոսում՝ «կառավարությունը լավն է, թե վատն է»։ Մենք խոսում ենք նրա մասին, որ անհրաժեշտ է այս ծանր պայմաններում բոլոր միջոցներն օգտագործել»,- ընդգծեց Սարգսյանը։

Անդրադառնալով հրաժարականի և իշխանությունը բանակին հանձնելու թեմային՝ Դեմկուսի նախագահն ասաց, որ պետք է համապատասխան քննարկումներ լինեն, կառավարությունը ներկայացնի իր ծրագիրը։ «Հասկանանք՝ ինչ է ուզում անել, ինչպես է ուզում անել, ինչի կարիք ունի։ Ես կարծում եմ, որ պետք է շատ ավելի որոշակի դիմել, պաշտոնապես դիմել և՛ Մինսկի խմբի համանախագահներին, և՛, ինչու չէ, նաև Ռուսաստանին։ Պաշտոնապես դիմել, որովհետև արդեն բանը բանից անցել է: Այնպես որ, քննարկելու և որոշումներ կայացնելու, իհարկե, մեծ կարիք կա»,- նշեց նա։

Հարցին, Ռուսաստանին դիմել նշանակում է նաև ՀԱՊԿ-ի՞ն դիմել, Դեմոկրատական կուսակցության ղեկավարը պատասխանեց․ «Ո՛չ, ինչո՞ւ ՀԱՊԿ-ին, պարտադիր չէ ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի հետ ունենք մեր պայմանագիրը որպես ռազմավարական դաշնակից։ Մենք այդ պայմանագրի շրջանակում կարող ենք գործել։ Բացի դրանից, Ռուսաստանում արդեն որերորդ անգամ խոսվում է նրա մասին, որ «այո՛ հակատեռորիստական օպերացիան դառնում է անհրաժեշտություն»։ Իսկ ինչ վերաբերում խաղաղապահ ուժերի տեղակայմանը, դա նույնպես քննարկելու հարց է։ Բայց այդ ամբողջը պետք է արվի շատ արագ, ժամանակը շատ սուղ է»,- եզրափակեց Արամ Սարգսյանը։

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի խոսքերով՝ «Ժառանգությունը» քաղաքական խորհրդակցությունների փուլում է, կուսակցությունը կարծում է, որ այս պահին հրաժարականի հարցը բարձրացնելու ժամանակը չէ։ «Ընդորում առաջարկված մեթոդներն էլ՝ ռազմական ղեկավարության վրա դնելու պատասխանտվությունը բոլորովին։ Այս պահին մենք գտնվում ենք քաղաքական խորհրդակցությունների փուլում և գտնում ենք, որ այլ լուծումներ պետք է գտնել և այլ դաշտում։ Գտնել, որպեսզի մեր առանց այն էլ ծայրահեղ ծանր իրավիճակն ավելի ծանր չդառնա»,- շարունակեց «Ժառանգության» նախագահը։

Հարցերին, թե այլ ի՞նչ լուծում լինի, և «Պաշտպանության կոմիտե» ստեղծելու մասով համաձայնություն ունե՞ն, պատասխանեց․ «Երբ որ ասացի՝ «քննարկում ենք քաղաքական ուժերի հետ այդ  խնդիրները», ընդորում տարբեր դաշտի․ և՛ իշխանական դաշտի, և՛ ընդդիմության դաշտի, և՛  խորդհրդարանական, արտախոհրդարանական, դրան են միտված։ Նման հարցերը մեկ հարվածով լուծել պարզապես անհնար է, ոորվհետև նաև պետք է հասկանալ, որ այս խնդիրն ունի մեծ քաղաքական պատասխանատվություն։ Մենք առայժմ չենք տեսել մեկ ուժի, որը համաձայնի մտնել այդ քաղաքական պատասխանատվության բեռի տակ»։

Ճշտող հարցին, թե իշխանությո՞ւն վերցնելու պատասխանատվության տակ, պատասխանեց, որ այս պահին իշխանություն վերցնելը կարևոր չէ։

-Իրավիճակը ղեկավարե՞լը նկատի ունեք։
-Այո՛, այս իրավիճակի ողջ ծանորթյունը, որը հանրագումարն է ինչ-որ քայլերի։ Մեր բոլոր շփումները ցույց տվեցին, որ հիմա պետության մեջ, փաստորեն, չկան այնպիսի մարդիկ, որոնք իրենց վրա դա կվերցնեն։ Իշխանությունը որոշակի և հստակ պատասխանատվության կրողն է։ Մենք գտնում ենք, որ այդ նավի հիմա առավել ճոճումն այդպիսի մեթոդներվ կարող է շատ վտանգավոր արդյունքի հասցնել։ Անշուշտ, վարչապետի տրամադրությունների այդ փոփոխականությունը, հուսահատության և վհատության նշանները, որոնք երևան եկան, որոնք ներքին և արտաքին լսարաններին են ուղղված, դրանց մասին խոսելը ճիշտ է և պետք է բարձրաձայնել և միասին գտնել ճանապարհ, բայց սա այն փուլը չէ, որ որևէ մեկը ելնի-ասի՝ «ես ունեմ լուծման բանալի», լինի դա թե՛ ռազմական իշխանություն, թե՛ քաղաքական։ Ցավոք սրտի, բոլոր այդ վերլուծությունները ցույց են տալիս, որ միանշանակ լուծման բանալի ոչ ոք չունի։

Դիլբարյանի կարծիքով՝ պետք են ընդհանրական որոշումներ, պետք է գործել միասնականության ծիրում, որպեսզի թշնամուն ևս չտրվեն լրացուցիչ ազդակներ ներքին ապակայունացման վերաբերյալ։ «Մենք ռազմական դաշտում ականապատված իրավիճակում ենք, հիմա Հայաստանից պետք չէ գնան ազդակներ, որ քաղաքական դաշտում ևս ականներ են։ Հիմա պետք է փորձել ապահովել ամեն գնով ռազմաքաղաքական ամրություն, որից հետո արդեն, երբ ռազմավարական մի փոքր խնդիր արդեն կլուծենք, նոր արդեն կարելի է պարզել, թե  մարտավարական որ ճանապարհները նախընտրելն է ավելի ճիշտ»,- եզրափակեց ԺԿ ղեկավարը։

«Որ ինչ-որ բան այն չէ, բոլորս տեսնում ենք, բոլորը։ Բայց որ այդ «այն չէ»-ն ուղղելու համար պետք է իշանությունը փոխանցել զինվորականներին․ նախ առաջինը․ ո՞րն է երաշխիքը, որ այդ զինվորականների մեջ կան մարդիկ, որ պատրաստ են այդ գործին։ Ոչ թե պատրաստ են հոգեբանորեն ստանձել այդ պարտավորությունը, այլ պատրա՞ստ են այս բազմաբնույթ գործունեությանը։ Ի վերջո, ո՞ր զինվորականը պետք է դիվանագետին փոխարինելով մի քանի օրվա ընթացքում կատարի այն, ինչը որ նրանք, ասենք, վատ են կատարել։ Ինձ համար հստակ, անառարկելի, ինչպես ընդունված է ասել, միանշանակ չէ, որ այդպիսի լուծումը կօգնեի»,- ասաց ԽՍՀՄ տարիների ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։

Քաղաքական գործչի խոսքերով՝ կան նաև իշխանությունը զիվորականներին հանձնելու մի փորձառություն, որը հաջողոթյուն չի ունեցել, և որ բոլոր այն երկրները, որոնք զինվորական, ռազմական նկատառումներով իշխանությունները տվել են զինվորականներին, ի վերջո, ձախողել են։ Հայրիկյանը բերում է հունական գնդապետների օրինակը (1967-1974 թվականների զինվորական բռապետություն Հունաստանում, հայտնի է «Գնդապետների վարչակարգ» անվամբ)։

«Զգուշավոր եմ մոտենում, բայց որ մի բան պետք է կատարվի, դա անառարկելի է»,- ընդգծեց ԱԻՄ առաջնորդը։

Հայաստանի և Արցախի «Պաշտպանության կոմիտե» ստեղծելուն անդրադառնալով՝ Հայրիկյանն ասաց, որ եթե միասնական կոմիտե ենք ստեղծում, նշանակում է, որ ի սկզբանե «Ոչ» ենք ասում քաղաքական նպատակին, որն այսօր հնչում է որպես «Արցախի անկախության ճանաչում»։ «Եթե դու հակադրվում ես Արցախի անկախության ճանաչման գաղափարին, նշանակում է՝ դու այս վերջին շրջանում կատարված բոլոր աշխատանքներն անէացնում ես, այդպես չասեմ, համենայնդեպս զրոյացնում ես»,- պարզաբանեց քաղաքական գործիչը։

Ճշգրտող հարցին՝ որ եթե «Պաշտպանության կոմիտե» ստեղծվի, ապա Արցախի անկախությանը ճանաչումը երկրորդ պլան է մղվելո՞ւ, պատասխանեց, որ իր կարծիքով՝ եթե այսօր մենք Արցախի հետ միասնական մի բան ենք ստեղծում, նշանակում է ձևականորեն էինք խոսում Արցախի անկախությունը ճանաչելու նպատակի մասին։

Հարցին, թե ստեղծելու դեպքում արդեն հնարավոր չի՞ լինի «գնալ բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ», ԱԻՄ ղեկավարը պատասխանեց․ «Դե կասեն՝ «Դուք միասնական կոմիտե եք ստեղծել, ինչո՞ւ եք թիթիզանում»։ Նրբերանգների մեջ խորանալ այնքան չէի ուզենա, որովհետև ավելի կարևոր մի բան կա՝ ո՞ր զինվորականին է ինքը տեսնում այսօր նաև քաղաքական գործչի կարգավիճակում։ Չէ՞ որ զինվորականներին արգելված է եղել զբաղվել քաղաքականությամբ։ Քաղաքականությամբ զբաղվելը մենակ խոսելը չէ, դա բազմերանգ գործունեություն է։ Ես ուրախ եմ, որ Վազգեն Մանուկյանը ելք է փնտրում, դա բնականոն է հնամարտիկների համար, վետերանների համար, բայց հուսահատական ելքերը չեն կարող ուրախացնել»։