«Ժողովրդավարության բաստիոնի» վերջը

«Ժողովրդավարության բաստիոնի» վերջը

Հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնի» հիմնադիր, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը որոշել է ձեռքը վերցնել տեղական ինքնակառավարման համակարգը՝ ամբողջացնելով «ժողովրդավարության» վերջնական հաղթանակը Հայաստանում: Հուսով եմ, որ այդ գործընթացն ըստ արժանվույն կգնահատվի եւ կողջունվի արեւմտյան պետությունների, միջազգային եւ տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: Իսկ որպեսզի այն տեղի ունենա՝ անհրաժեշտ է խոշորացնել հայաստանյան բոլոր համայնքները՝ դրանցում ապահովելու ավագանիների ՔՊԿ-ական թեկնածուների հաղթանակը:

Փոքրաքանակ բնակչությամբ բազմաթիվ համայնքների առկայության պայմաններում, բնականաբար, չէր կարող ապահովվել ավագանիների ՔՊԿ-ականացումը: Ինչը նույնն է, թե տեղական մակարդակում իբրեւ թե «ժողովրդավարության» հաղթանակը: Եվ եթե նախկինում խոշոր համայնքներում կուսակցական ցանկերով ավագանիների ընտրության կազմակերպումը նպատակ ուներ աջակցելու ժողովրդավարության (առանց չակերտների) կայացմանը, ապա այսօր այն ունի 180 աստիճանով տարբերվող նպատակ:

Այս դեպքում մնում է մեկ բաց հարց՝ որքանո՞վ է նման տարբերակով համայնքների խոշորացումը ձեռնտու հենց համայնքների բնակիչներին: Բնականաբար, չի կարող լինել ձեռնտու քաղաքական եւ կենցաղային առումներով: Քաղաքականապես ձեռնտու չէ, քանի որ առանձին բնակավայրերի բնակիչները զրկվում են իրենց տարածքի կտրվածքով տեղական ինքնակառավարման մարմին (ՏԻՄ) ձեւավորելու հնարավորությունից: Ինչը նշանակում է, որ իրենք չեն կարող որեւէ վերահսկողություն իրականացնել ավագանիների գործունեության վրա: Արդյունքում կչեղարկվի տեղական մակարդակում ժողովրդավարության հիմնական բաղադրիչի՝ մասնակցային կառավարման ինստիտուտը (դա այն է, ինչը հնարավորություն է տալիս որեւէ բնակավայրի բնակչին մասնակցել սեփական կենսագործունեության առումով ՏԻՄ որոշումների ընդունմանը): Երկրորդը կենցաղային խնդիրն է՝ որեւէ հարց լուծելու համար խոշորացված համայնքի ղեկավարի տեղական ներկայացուցչին դիմելու եւ մերժում ստանալու դեպքում մարդը պետք է հասնի խոշորացված համայնքային կենտրոն, ինչը հաստատ խնդիր կլինի վերջինիս համար: 

Նախկինների ժամանակ, ամեն մի խոշորացման դեպքում տեղի էին ունենում եթե ոչ տեղական հանրաքվեներ, այլ գոնե կարգավիճակային փոփոխության ենթարկվող բնակավայրերի բնակիչների հետ քննարկումներ: Արդյունքում ընտրվում էր խոշորացման լավագույն տարբերակը կամ այն ընդհանրապես մերժվում էր: Դա հենց իրական ժողովրդավարական գործընթաց էր, թեեւ իրականացվում էր ՀՀ առաջին նախագահի կողմից բնութագրված՝ քրեաօլիգարխիկ ռոբասերժական Հայաստանում: Եվ այն հնարավոր էր, քանի որ ՀՀ երրորդ նախագահի օրոք առկա էր մարդկանց կարծիքը լսելու եւ այն հաշվի առնելու որոշակի քաղաքական կամք:

Միաժամանակ, խոշորացվող համայնքներում ներառվող բնակավայրերի քանակը մնում էր ողջամտության սահմաններում: Գործող «ժողովրդի իշխանության» պայմաններում այդ խնդիրները բացարձակ հաշվի չեն առնվում, քանի որ առկա է գերնպատակ՝ կառավարման ողջ համակարգը (պետական եւ տեղական) կենտրոնացնել ընդամենը մեկ անձի ձեռքում: Ինչը եւ հաջողությամբ կյանքի է կոչվում մեկ անձի կողմից կառավարվող ոստիկանապետության տեսքով: Եվ այն չի դատապարտվում արեւմտյան պետությունների, միջազգային եւ տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից: Կարեւորը Հայաստանը Ռուսաստանից կտրելն է, սակայն դա արդեն այլ խոսակցության նյութ է: