No comment

No comment

Որոշել եմ այս հոդվածում զերծ մնալ սուբյեկտիվ կարծիք արտահայտելուց՝ ներկայացնելով ընդամենը հատվածներ պաշտոնական հայտարարություններից՝ ցուցադրելու համար Փաշինյան Նիկոլի վարչապետության օրոք մեր խեղճությունը:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը 3 զոհ ունի: 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյան. «Թե ինչ հակազդման միջոցներ են պլանավորվում, միանշանակ է, որ դրա մասին չեմ ասելու, նորից եմ կրկնում։ Կարող եմ ասել, որ, վերջին հաշվով, մենք հրաման ունենք, որը Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնման հրաման է։ ԶՈՒ-ի պարտականությունն է, որպեսզի հրամանը կատարվի, ու մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դրան հասնենք»։

«Մենք փորձել ենք դուրս բերել մեր զոհված ընկերների աճյունները, սակայն հանդիպեցինք հակառակորդի կողմից կրակի ուժեղ ազդեցության։ Եվ հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը կվերադարձնի մեզ զոհված զինծառայողների մարմինները։ Մենք գիտենք, որ մարմիններ կան, որոնք անմիջական դիրքերում են, անմիջական դիրքերի մոտակայքում, սակայն, ցավոք, դրանք դիրքեր են, որոնք այս պահին զբաղեցված են ադրբեջանցիների կողմից»,- օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Մարտիկյանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյան. «Հարձակման վախ չկա, բայց զգուշավորություն միշտ կա, եւ մենք միշտ պատրաստ ենք։ Քանի որ մեզնից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ խնդիրը լուծված չէ, եւ հակառակորդը կփորձի խնդիրը լուծել ի նպաստ իրենց, իսկ այդ պարագայում դիրքերի մոտիկ կամ հեռու լինելն առանձնապես ոչ մի նշանակություն չունի։ Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու եւ ջախջախելու»։ 
Առաքել Մարտիկյան (խոսքն ուղղելով լրագրողներին). «Դուք ո՞նց եք պատկերացնում։ Ինչ, հիմա ես պիտի բացահայտ ասեմ, թե մենք որտեղ ինչ ու ինչ տիպի գործողությո՞ւն ենք նախատեսում։ Դրանք ռազմական գաղտնիքներ են, բնական է, որ ես մանրամասներ չեմ հայտնելու։ Մենք լարվածությունից չենք վախենում։ Կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք, որ հակառակորդը որեւէ դեպքում չամրանա, միանշանակ՝ հակազդում ենք, ինչի՞ մասին է խոսքը»։

ՀՀ ԱԳՆ. «Ադրբեջանի կողմից ձեռնարկված հերթական սադրանքը, որը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սեպտեմբերի 13-ի մեկնարկած լայնածավալ ագրեսիայի շարունակությունն է, բացահայտ արհամարհանք է միջազգային հանրության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից հնչեցված կոչերին՝ պահպանելու ձեռք բերված հրադադարի ռեժիմը։ Սա վերահաստատում է հայկական կողմի ահազանգերն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է շարունակել ուժի կիրառման ու առավելապաշտական իր քաղաքականությունը»։

ՀԳ. Անձամբ չեմ ճանաչում ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին եւ ոչինչ չունեմ ընդդեմ նրա, ուղղակի ինքն է զբոսավարի գործառույթ կատարել օտարերկրյա դիվանագետների եւ լրագրողների համար: Չնայած ավելի ճիշտ կլիներ, իրադրությունը ներկայացներ նախարար Պապիկյան Սուրենը՝ պատմության երբեմնի ուսուցիչը: Որովհետեւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի խոսքը չի կարող չվերածվել գործի, այն է՝ հակառակորդին դիմակայել ու ջախջախել: