Փաշինյանը նվեր չէ

Փաշինյանը նվեր չէ

Իշխանությունների լկտիությունը հասել է այնտեղ, որ մերձավորների շուրթերով հայտարարում են, որ իրենց թանկ վոյաժների ծախսերը կատարվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ կողմնակի բյուջեներից: Սա մեծագույն խայտառակություն է եւ նշանակում է մեկ բան՝ սա ծախու, հոգին օտարին վաճառած իշխանություն է: Պետք է ամեն գնով կասեցնել այս դժգույն մայրամուտը, որ սկսվել է երկրի անվտանգության համակարգերի փլուզումով, զուգորդվել տնտեսության վերջին փշրանքների ոչնչացմամբ եւ շարունակվում է մեր ազգային արժեքների եւ բարոյական նկարագրի տոտալ ոտնահարումներով: Հանդուրժել՝ կնշանակի համակերպվել Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն աշխարհի քարտեզից ջնջելու հրեշավոր ծրագրի հետ, որի անմիջական դերակատարներից մեկն էլ այսօրվա իշխանությունն է:

Չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք դեռ հավատում են Փաշինյան գործչի՝ զուտ հայկական երեւույթ լինելուն եւ նրա իրականացրած «հեղափոխության» հայկական ծագմանը: Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, ելույթ ունենալով ԱՄՆ քաղաքական շրջանակների առջեւ, չեն էլ թաքցնում իրենց երախտագիտությունն այդ երկրի կառավարությանը, որի աջակցությամբ էլ տեղի է ունեցել «թավշյա հեղափոխությունը»: Այդ մասին գիտեր դեռ քայլարշավը չսկսած Նիկոլ Փաշինյանը, դա շատ լավ տեսնում ու հասկանում էր նաեւ Սերժ Սարգսյանը, որն ի վերջո ընկրկեց արտաքին ճնշումների առաջ եւ հանձնեց իշխանությունը: Տեղի ունեցածի այլ բացատրություն հնարավոր էլ չէ գտնել, քանզի դժվար չէ պատկերացնելը, թե ինչ հեշտությամբ կարելի էր Փաշինյանին հենց Գյումրիից տանել ու փակել իր բնակարանում, ինչպես դա 2008-ին արեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Կարծում եմ՝ ավելորդ է կրկնելը, որ Փաշինյանն արդեն Սերժ Սարգսյանի թիմի ճարահատ աջակցությամբ խորհրդարանով զավթեց իշխանությունը, իսկ այնուհետեւ այդ նույն թիմի աջակցությամբ հաղթեց Երեւանի եւ ԱԺ ընտրություններում: Կարող եմ անուն առ անուն թվարկել այն օլիգարխներին, որոնք իրենց միջոցներով խորհրդարան մտցրին իմքայլականներին, կարող եմ գրազ գալ, որ թե՛ զինվորականների եւ թե՛ ոստիկանների միանալը Փաշինյանին ցուցադրական ֆարս է եղել ընդամենը, կարող եմ ապացուցել, որ մայրիկներին մանկասայլակներով փողոց հանելը եւ երթերի առջեւից տանելը սորոսական ՀԿ-ների նախաձեռնությունն էր, կարող եմ վստահեցնել, որ «հեղափոխության» օրերին հրապարակները լցվում էին այդ նույն սորոսական ՀԿ-ների փողերով ու «քյաբաբ» փարթիներով: Ուրիշ ի՞նչ է պետք ՀՀ քաղաքացիներին եւ մանավանդ մտավորականներին, որպեսզի հասկանան, որ ամեն բազմամարդ տեսարան դեռ հեղափոխություն չէ, որ հարթակներից իրեն ճղող ամեն կերպարանք դեռ առաջնորդ ու փրկիչ չէ:

Այսուհանդերձ, միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը նաեւ ՀՀ նախկին իշխանությունների պրոդուկտն է, ըստ էության՝ հետեւանքն այն սխալների, որ թույլ էին տրվել վերջին 20 տարիներին: Չլիներ նախկինների ստեղծած «պարարտ» հողը, ոչ մի Արեւմուտք ու Եվրոպա չէր կարող դրածո ղեկավար կարգել մեր գլխին: Ստանալով կառավարման գործիքներ՝ Փաշինյանն ըստ էության ստացավ նաեւ գործելու ընդարձակ դաշտ եւ կարող էր զգալիորեն բարելավել երկրի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական վիճակը: Եվ տարակուսելի է, որ, առօրյա խնդիրներով զբաղվելու փոխարեն, հազար ու մի պոպուլիստական խոստումներով իրեն ծանրաբեռնած Փաշինյանը սկսեց քանդել անվտանգության համակարգը, թուլացնել իրավապահ մարմինները, խոտորումներ առաջ բերել արտաքին քաղաքականության մեջ, պարսավել Ազատամարտի հերոսներին, նսեմացնել Արցախյան եւ Ապրիլյան պատերազմների նշանակությունը, ներմուծովի այլանդակություններով բարոյազրկել հասարակությունը, աղավաղել կրթական ծրագրերը, սպանել ազգային մշակույթը, պառակտման եզրին հասցնել հանրությանը: Այսպես կվարվեր միայն դրսի ուժերի կողմից ուղղորդվող մարդը, այսպես կվարվեր նա, ում փող են տալիս եւ պահանջում համապատասխան երաժշտություն: Այսօր Փաշինյանից անկախ են գործում արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, Ազգային ժողովն օրենսդիր մարմնից վերածվել է երկրորդ քննչական կոմիտեի, կառավարություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Նման պետություն չկա աշխարհում, ոչ մի պետություն նման պայմաններում չի կարող գոյատեւել:

Փաշինյանն այլեւս աղետի է վերածվում, նրան պետք է հեռացնել… Թեկուզ հենց վաղը: Կարճ ժամանակ անց մենք կարող ենք կորցնել Փաշինյանից խաղաղ ճանապարհով ազատվելու բոլոր շանսերը: Նա ինքնակամ հեռացողի տեսակ չէ: Առատության եղջյուրից թափվող փողը նրան դարձրել է մի տեսակ ռեւանշիստ, որ վրեժ է լուծում իր ապրած դժվար օրերի ու կրած զրկանքների համար: Սա ո՛չ նրան, ո՛չ մեզ լավ տեղ չի տանելու, եւ որքան շուտ կայանա ապահարզանը, այնքան լավ նրա ու մեզ համար: Հակառակ պարագայում Երեւանում ոչ թե 10 մարդ է զոհվելու, այլ արյան գետեր են հոսելու: Թերթեք գունավոր հեղափոխությունների պատմությունը: Ոչ մի գունավոր հեղափոխություն առանց քաղաքացիական առճակատման ու պատերազմի չի ավարտվել: Փաշինյանին այլ ելք չեն թողել դրսի տերերն ու ՀՀ-ում մկան պես բազմացած գործակալների բանդաները: