Բռնությունը բացատրություն չունի

Բռնությունը բացատրություն չունի

Սկզբում 6 տարեկան երեխայի մայրը փողոցում բոլորի աչքի առաջ մի լավ տալիս է տուտուզին: Կարող է, իհարկե, կողքից անցնող մի մարդ ասի «դու խիղճ ունե՞ս», բայց հաճախ դա էլ չեն ասում, դե մայր է մի պատճառ ունի: 

Կարող է փողոց է վազել, հազիվ մեքենայի տակ ընկնելուց է փրկվել, կամ գետնից մի կեղտոտ բան է վերցրել, բերանը դրել, ավելի լավ է մի քանի հարված ստանա քան մեքենայի տակ ընկնի: Արդարացի մտածում է մեզնից յուրաքանչյուրը: 

Հետո դպրոցականը մի լավ ծեծ է ուտում հորից, ամբողջ հարևանությունը լսում է թե ինչու, դպրոցում լավ չի սովորում, մեկ մեկ էլ թաքուն ծխում է: Մեծանա լավագույն դեպքում բեռնակիր է դառնալու, ապագա չունի, ավելի լավ է մի երկու հարված հորից ստանա խելք հավաքի: 

Հետո, մայրը, աղջկա մազերից քաշ տալով, տուն է տանում, աշխարհի հայհոյանքը թափելով, անծանոթ տղայի հետ համբուրվելիս է բռնել, փչացած ու դուրս ընկած է գոռում, ամբողջ թաղի աչքի առաջ: Դե մայր է կարելի է հասկանալ, վախենում է մինչ ամուսնանալը հղիանալուց, վախենում է որ տղան կօգտագործի ու կթողնի, ավելի լավ է մի երկու մազ կորցնի, խելքի գա, նամուսով ապրի: 

Հետո ոստիկանները առանց դիմակ մի մարդու են ծեծում, 4 հոգով ձեռքերը ոլորում, տանում: Դե ոստիկաններ են, օրենքի կատարումն են վերահսկում, ավելի լավ է մի քանի կապտուկ ու սալջարդ ստանա քան առանց դիմակ քայլի՝ իր և ուրիշի կյանքը վտանգելով, որ հիվանդացավ մի բան եղավ, ինչ է անելու, սենց միանգամից կհասկանա ու խելքի կգա, այլևս անարգալից չի պահի իրեն ոստիկանի նկատմամբ: 

Բոլոր այս իրավիճակներում բռնությունը արդարացվում է, միշտ կարևոր պատճառ կա՝ ինչի պետք է փոքրիկի հետևին տալ, դպրոցականին մի քանի անգամ հարվածել կամ երիտասարդ աղջկան մազերից քաշ տալ: Բայց նաև բոլոր այս դեպքերում կարելի է բացատրել, և 6 տարեկան երեխան, և այգում իրեն վատ պահող տղամարդը ընդունակ են հասկանալու: Ձեզ ցանկացած հոգեբան կասի՝ եթե ուժ ունեցող մարդը ստիպված է այն կիրառել, ուրմեն նա  ձախողվել է, իր աշխատանքը վատ է կատարում լինի դա փոքրիկի մայրը, թե ոստիկանը: Միշտ բռնությունը արդարացնող պատճառ կա, բայց այն երբեք բավարար չէ այդ բռնությունը կիրառելու համար: