«Անտարես»-ը  շահել է «Հայ զինվոր» տպագրելու տենդերը, բայց այն տրվել է ուրիշի

«Անտարես»-ը  շահել է «Հայ զինվոր» տպագրելու տենդերը, բայց այն տրվել է ուրիշի

Տեղեկություն ունեինք, թե հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի «Անտարես» հրատարակչությունը դատի է տվել պաշտպանության նախարարությանը։ Մեզ հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց, որ ոչ թե դատի են տվել, այլ բողոքարկում են Ֆինանսների նախարարության կողմից անցկացվող գնումների գործընթացը։ Մասնավորապես, ըստ նրա ներկայացման՝ հրատարակչությունը մասնակցել է տենդերին, հաղթել ՊՆ «Հայ զինվոր» ամսագիրը մեկ տարով 48 միլիոն դրամով տպագրելու տենդերը, բայց հետո այն ինչ-ինչ հանգամանքներում շահել է մրցույթին մասնակցած ու երկրորդ տեղը գրաված կազմակերպությունը։ 

«Հետո առանց մեր ներկայության կանչել են երկրորդ կազմակերպությանը, որը մեր ասածից մի փոքր՝ շատ ավելի ցածր գին է առաջարկել»,-ներկայացրեց Մարտիրոսյանը։

Նշված երկրորդ ընկերությունը եղել է «Փաբլիսիս»-ը։ «Մեր համար կարևոր չէ՝ ով է, կարևորն այն է, որ շահել ենք տենդերը, տվել են ուրիշին»,-հավելեց Մարտիրոսյանը։

Այսօր ընկերության փաստաբան Արամազդ Կիվիրյանը բողոքարկելու է մրցույթի «հետողորմյան»։

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի ևս իրենք շահել էին պաշտպանության նախարարության ամենշաբաթյա ամսագիրը և ողջ տարի տպագրել այն։

Հրատարակչին հարցրեցինք՝ հնարավո՞ր է՝ մտածում է, որ հիմա ամսագրի տպագրությունը խլում են` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսի տպագրությունն  «Անտարես»-ին առանց մրցույթի հանձնելու տպավորությունը ցրելու նպատակով։

Մարտիրոսյանը չի կարող ասել։ «Կարող է տենց է, կարող է՝ չէ, հիմա, երբ մենք ոչ մի անօրինական քայլ չէինք արել, ոչ մի անբարոյական քայլ չէինք արել, ու աշխարհում չկա որևէ ընկերություն, որի կառավարությունն իրեն ուղիղ պատվեր տա, ինքը հրաժարվի, իսկ հայաստանյան հանրությունն ուզում էր, որ «Անտարեսը» լինի Քրիստոսից սուրբ։ Չգիտեմ՝ ինչու »,-ամփոփեց Մարտիրոսյանը: