Մրից ելանք՝ մրջուրն ընկանք

Մրից ելանք՝ մրջուրն ընկանք

Երբ հետեւում ես իշխանություն-ընդդիմություն բանավեճին, հասկանում ես, որ լրիվ համարժեք «պարտնյորների» հետ գործ ունենք։ Ոչ միայն լեքսիկոնի, այլեւ արժեհամակարգի, մտածողության, վարքականոնի առումով իրար շատ նման են մեր իշխանությունն ու իր ընդդիմությունը։ Այսինքն, եթե ժամանակին հույս ունեինք, որ մերժելով Սերժին, մերժում ենք այն արժեհամակարգը, մտածողությունն ու տեսակը, որը կար մինչեւ 2018 թվականը, երկու տարի անց ստիպված ենք արձանագրել, որ ընդամենը անձերին ենք մերժել՝ պահպանելով ե՛ւ մեր երկրում տիրող փոխհարաբերությունները, ե՛ւ արժեհամակարգը, ե՛ւ կառավարող տեսակը։ Եւվ վաղը, եթե իշխանություն փոխվի, ու հեռանան այս երիտասարդները, իշխանությունների հաջորդ սերունդը եւս լինելու է նույնը։ Նորից իշխանական ամբիոններից լսելու ենք կիսագողական լիքսիկոն, նորից քաղաքական հակառակորդների հետ պայքարելու են քրեական հետապնդումներ հարուցելու քստմնելի ճանապարհով։ Նույն հաջողությամբ լափելու են պետական բյուջեն՝ ուղղակի ձեւերն են տարբեր լինելու։ Նորից իրենց ազգուտակին, հարազատ-բարեկամներին հովանավորչությամբ արտոնություններ ու պաշտոններ են տալու։ Ընդդիմությանը վիրավորելու են։ Տգետներին առաջ են քաշելու։ Ստելու են։ Մոլորեցնելու են հասարակ մարդկանց։ Սուրբ են ձեւանալու։ Շոուներ են անելու։ Ֆեյսբուքում քարոզչության վրա իրենց թանկ ժամանակն են ծախսելու։ Հոխորտալու են։ Սպառնալու են։ Պետական միջոցներն են աննպատակ քամուն տալու։ Չեն կարողանալու կարեւոր հարցերում արագ եւ կտրուկ որոշումներ կայացնել։ Երկրում համերաշխության մթնոլորտ ստեղծել։ Պետական շահը ստորադասելու են անձնական շահին եւ այլն, եւ այլն։ Իսկ եթե պետք է շարունակաբար «մրից ելնենք՝ մրջուրն ընկնենք», ի՞նչ իմաստ ունի երկրում ինչ-որ բան փոխելը։