Դաշնակցականներն ասել են՝ հետընթաց, Լին Թրեյսին՝ առաջընթա՞ց

Դաշնակցականներն ասել են՝ հետընթաց, Լին Թրեյսին՝ առաջընթա՞ց

Երեկ ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում կայացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամների հանդիպումը։ Այս հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մոտ 10 օր առաջ, եւ, ըստ Սաղաթելյանի՝  ԱՄՆ դեսպանը միայն իրենց հետ չէ, որ հանդիպում է, այլ տարբեր քաղաքական ուժերի հետ՝ նույնպես։ Մեզ հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ ընդամենը արարողակարգային հանդիպում է տեղի ունեցել, վերջին 1 տարվա ընթացքում իրենք Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպանների հետ պարբերաբար հանդիպել են։

ՀՅԴ հաղորդագրության մեջ՝ հանդիպումը եղել է ամերիկյան դիվանագետի նախաձեռնությամբ։ Դեսպանը ողջունել է ՀՅԴ ԳՄ նոր կազմը եւ ընդգծել իր հետաքրքրությունը՝ «հետընտրական իրողություններով պայմանավորված՝ կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների եւ ծրագրերի առնչությամբ»։ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է կուսակցության, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքի մտահոգություններն ու գնահատականները Հայաստանում ձեւավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի եւ օրենքի կամայականությունների առնչությամբ, ընդգծել, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերները, ինչպես նաեւ Արցախի հիմնախնդիրը: 

Սրանք շատ տարածական թեմաներ են, որքան էլ մենք փորձեցինք, Իշխան Սաղաթելյանը հակված չէր բացել փակագծերը եւ ամեն հարցի հետ կապված առաջարկում էր բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ։ Մասնավորապես նաեւ այն հարցին, թե, օրինակ, երբ դաշնակցականներն անդրադարձել են երկրում ժողովրդավարության հետընթացին, ի՞նչ է պատասխանել դեսպանը, խուսափեց հստակ պատասխանել։ Հաղորդագրությունում նշված է նաեւ, որ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն անդրադարձել է երկրում արձանագրվող ժողովրդավարության հետընթացին։ Սաղաթելյանին հարցրինք՝ դաշնակցականները երբ ասել են «հետընթաց», տիկին դեսպանն ասե՞լ է «առաջընթաց»։ Իշխան Սաղաթելյանն ի պատասխան ասաց․ «Մենք մեր ասելիքն ասել ենք, կարանք, չէ՞, համաձայն չլինենք»։

Հիշեցնենք, որ երեկվանից ամենատարբեր մակարդակներում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը։ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն առավոտյան արդեն հայտնել էր, որ Հայաստանն ու ՌԴ-ն քննարկում են հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը, ինչի մասին մենք նախօրեին գրել էինք։ 

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն էլ հերքել էր, թե որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Մենք գրել էինք, որ ընդամենը պայմանագրային կետերի փոփոխություն է ենթադրվում։ Իշխան Սաղաթելյանին հարցրինք՝ օրինակ, քննարկե՞լ են, թե Մոսկվայում ինչ փաստաթուղթ է ստորագրելու Փաշինյանը։ Ասաց․ «Ոչ, ԱՄՆ դեսպանի հետ ի՞նչ քննարկենք՝ Նիկոլի այցը Մոսկվա՞»։ Բայց չէ՞ որ հաղորդագրությունում նշված է, որ բարձրաձայնել եք ՀՀ ինքնիշխանությանը վերաբերող հարցեր։ Սաղաթելյանը պատասխանեց՝ ոչ, չենք քննարկել այդ հարցը։ Նշենք, որ իշխանությունը կրկին հիշել է սփյուռքի «ներուժի» մասին եւ սկսել է ԱՄՆ էմիսարներ ուղարկել։ Նրանցից մեկն էլ լոսաջելեսյան հանդիպումներից հետո եկել ու հայտարարում է, որ 2-րդ եւ 3-րդ նախագահների մեդիաների ու Դաշնակցության հայաստանյան կառույցի ջանքերով հաջողվել է պառակտում մտցել ԱՄՆ դաշնակցական կառույցների միջեւ, եւ ոչ անհայտ Վիգեն Հովսեփյանի գլխավորությամբ ամերիկյան «առողջ» դաշնակցականները չեն ենթարկվում Հայաստանի բյուրոյին։ Սա ՀՅԴ-ին ուղղված լուրջ մեղադրանք է, սակայն Իշխան Սաղաթելյանը հրաժարվեց այս հարցին եւս պատասխանել․ «Ես Ձեր նշած անձին (մեղադրանքները հնչեցրել է Արման Բաբաջանյանը) չեմ անդրադառնում»։