«Հրապարակ». Նախկինների ժառանգությո՞ւնն է ձեզ այս վիճակի մեջ գցել, թույլ տվեք՝ բանակցեն

«Հրապարակ». Նախկինների ժառանգությո՞ւնն է ձեզ այս վիճակի մեջ գցել, թույլ տվեք՝ բանակցեն

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մոտ 10 օր առաջ հայտարարեց, որ եթե իրեն եւ մի խումբ դիվանագետների լիազորություն տան, 2-3 ամսում իրավիճակը կփոխեն ղարաբաղյան բանակցային գործընթացում: Օրեր անց ասաց. «Ես կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել։ Եվ ինչպես նախորդ իմ գրառումներում, ձայնագրությունում ասել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն վերցնելու՝ այդ գործն առաջ տանելու համար»։ «Փաշինյանը դիվանագիտությունից հեռու է, եւ դա փաստ է»։

Դիվանագետը կարծում է, որ սխալ բանակցային նարատիվն ու բանակցային ոչ ճիշտ քայլերը բարդ դրության են հասցրել հայկական կողմին։ Նա առաջարկում է փոխել բանակցային փիլիսոփայությունը. «Ոչ թե ամեն գնով պետք է հասնենք ինչ-որ խաղաղության պայմանագրի ստորագրման, այլ պետք է փորձենք Ադրբեջանի հետ որոնել այն հնարավոր ճանապարհները եւ միջոցները, որը հնարավորություն կտա երկու ժողովուրդներին հասնել արդար եւ կայուն խաղաղության»։ Օսկանյանն առաջարկում է բանակցային օրակարգն ընդլայնել։ Ըստ նրա՝ օրակարգում հայկական պահանջ չկա, մինչդեռ Ղարաբաղը խորհրդային տարիներին ինքնավար մարզ է եղել. «Եթե նա համարձակվում է անկլավների հարց դնել, բայց այդ նույն քարտեզները, որ այդ անկլավները ցույց են տալիս, ցույց են տալիս նաեւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Եվ այստեղ ուղղակի հակափաստարկ չկա»:

Օսկանյանի այս հայտարարություններին եւ առաջարկին անմիջապես հակադարձեցին ՔՊ-ականները` հայհոյանքներից մինչեւ «բա որ դուք էլ...» բնույթի գրառումներով: Օսկանյանին մեղադրեցին «աշխարհի» բոլոր մեղքերի մեջ, ընդհուպ մինչեւ Ղարաբաղի հարցը բանակցային սեղանից դուրս թողնելու:

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում նշում է, որ անիմաստ է ՔՊ-ականների գրառումները մեկնաբանելը, Օսկանյանի ավանդի մասին նրանք չէ, որ պետք է խոսեն. «Վարդան Օսկանյանի առաջարկին պետք է պատասխանի միմիայն Նիկոլ Փաշինյանը: Ուրիշ ոչ ոք` մամուլի խոսնակ, պատգամավորներ եւ այլն, չպետք է այդ մասին խոսեն, դա նրանց ֆունկցիան չէ»: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե իշխանությունը, ընդունելով Օսկանյանի առաջարկը, իր «մահկանացուն» կկնքի, Խոսրով Հարությունյանը համամիտ չէ. «Ինչի՞ մասին է խոսքը, ես լավ չեմ հասկանում: Ընդունելով Վարդան Օսկանյանի առաջարկը, կնշանակի հետեւյալը` իշխանությունները ձգտում են Արցախի խնդրի կարգավորմանը` Արցախի անվտանգություն, Հայաստանի անվտանգության դեմ սպառնալիքների չեզոքացում եւ այլն: Շատ դեպքերում մեկնաբանում են, որ այս անելանելի վիճակը ոչ թե իրենց քայլերի, այլ նախկինում բանակցային գործընթացի պատճառով է տեղի ունենում: Բազմիցս են այդ մասին խոսել իշխանությունները, իբրեւ նախկիններն են այդ ժառանգությունն իրենց թողել: Այժմ Վարդան Օսկանյանը, որպես դիվանագիտական ոլորտի կարկառուն նախկին ներկայացուցիչ, որն ուզենք թե ոչ, Մադրիդյան սկզբունքների ճարտարապետներից է, եթե չասենք՝ գլխավոր ճարտարապետը, հասել էր նրան, որ Լիսաբոնում, երբ միջազգային հանրությունը հակամարտությունը դիտում էր երկու պետությունների միջեւ տարածքային վեճ, այդ նույն միջազգային հանրությունը տվյալ վեճը դիտարկեց որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքների հիման վրա կարգավորման ենթակա հակամարտություն: Սա իրողություն է, այդ ընթացքում Մեղրին ցանկանում էին հանձնել եւ այլն, եւ այլն` իրականության հետ աղերս չունեն: Եթե ցանկանում էին Մեղրին հանձնել, ինչո՞ւ Ալիեւը չվերցրեց, ինչո՞ւ ասաց` ոչ: Պետք է առնվազն մտոք կույր լինել՝ չգիտակցելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ալիեւի պռոշը ճաքում է, որ Մեղրին իրենը լինի, ինչո՞ւ նախկինում չցանկացավ վերցնել նույն այդ Մեղրին, եթե հանձնում էին: Այս ամենն իրականում ստվերվում է մեկ պարզ պատճառով` Օսկանյանին հաջողվել է տարածքային վեճից խնդիրը վերածել ինքնորոշման իրավունքի սկզբունքի: Մադրիդյան 3 սկզբունքներից զատ, 2009-ին ընդունվեցին դրան լրացնող 6 տարրերը, որոնք վերաբերում են բացառապես ինքնորոշման իրավունքին: Միջազգային հանրությունն ընդունում է, որ դա տարածքային վեճ չէ, այլ ինքնորոշման իրավունքի հարց է: Օսկանյանին հաջողվել է իր գործընկերներին միջազգային հարթակներում ապացուցել, որ ԽՍՀՄ-ի ժամանակ են ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, նրան տալով ինքնավար մարզի կարգավիճակ` Ադրբեջանի կազմում: Դրան հաջորդել է օրենքով սահմանված հանրաքվե: Այժմ ինչպե՞ս կարող են այդ հանգամանքները չընդունել: Փաշինյանն ամենատարբեր մանիպուլյացիաներով պնդում է, որ նախկինները սխալ են բանակցել: Այսօր սպառնալիքները, որոնք կանգնած են արցախահայության գլխին, չեն վերանում, դեռ մի բան էլ խորանում են: Օսկանյանն ասում է` գտնում եք, որ նախկինների թողած ժառանգությո՞ւնն է ձեզ այս վիճակի մեջ գցել, ուրեմն ինձ հնարավորություն տվեք բանակցելու, ընդ որում` ո՛չ ասում եմ` հեռացեք, գնացեք, ո՛չ էլ մեղադրում եմ, պարզապես ԱԳՆ-ի կազմում տվեք հնարավորություն՝ ձեւավորել մի թիմ, որը կբանակցի Արցախի հարցի շուրջ, եւ կտեսնեք, որ 3 ամիս անց իրավիճակը կփոխվի: Նիկոլ Փաշինյանը պետք է մերժելու դեպքում առարկայորեն հիմնավորի, ոչ թե ասի` ես քեզ չեմ սիրում, քո արտաքին տեսքն ինձ դուր չի գալիս եւ այլն: Հակառակ այս ամենին` պետք է Օսկանյանին ընդառաջի, եթե Օսկանյանը տապալեց պրոցեսը, Նիկոլ Փաշինյանն ունենում է ռեալ հնարավորություն՝ ապացուցելու, որ ինքը սխալ չէր»: