Սաղաթելյանին փորձում են «կոտրել»` դավադիր առաջարկներ անելով

Սաղաթելյանին փորձում են «կոտրել»` դավադիր առաջարկներ անելով

Ազգային ժողովում շարունակվում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու «թատրոնը»: Նրան երկու անգամ արդեն չեն «կարողանում» ընտրել, քանզի ամեն անգամ մի քանի ձայն անվավեր է դուրս գալիս: Կասկած կա, որ իշխանությունն է հատուկ անվավեր դարձնում իր` առանց այն էլ սահմանափակ թվով քվեները, որ Սաղաթելյանը չընտրվի:

Քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց այս հարցն առկախել, թողնել մեկ այլ օրվա, և անցնել օրակարգի մյուս հարցերի քննարկմանը: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը չհամաձայեց` պնդելով, որ պետք է երրորդ անգամ առաջադրեն իրենց թեկնածուին: Դրա համար Սեյրան Օհանյանը նորից մոտեցավ ամբիոնի մոտ, որպեսզի ըստ ընթացակարգի` իրեն հարցեր ուղղեն: Նրան հարց ուղղելու համար գրանցվեցին ՔՊ խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Վահագն Ալեքսանյանը, որոնք երկուսն էլ, հայտարարելով, որ դա իրենց անունից են ասում, առաջարկեցին, որ թող ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեն ընտրությանն ու իրենք 54 հոգով` ձայների բավարար քանակով, գնան քվեարկեն Սաղաթելյանի օգտին և անցնեն առաջ: Դրանով նրանք փորձեցին ցույց տալ, որ իբրև թե իրենք չեն հատուկ անվավեր դարձնում քվեաթերթիկները` տապալելով Սաղաթելյանի ընտրությունը, այլ ընդդիմությունն է դավադիր խաղեր տալիս: Սեյրան Օհանյանը չընդունեց առաջարկը:

Քիչ անց ելույթով հանդես եկավ նաև թեկնածուն` Իշխան Սաղաթելյանը, որը հստակ հայտարարեց` իր բոլոր հնչեցրած գնահատականներն ուժի մեջ են, և եթե փորձում են քվեարկությունները տապալելով` իրեն ստիպել, որ քվե խնդրեն իրենցից, այդպես չի լինելու: Նրա խոսքով` իր համար ավելի լավ է, որ իր օգտին հստակ չքվեարկեն, քան անվավեր հանեն ու նման թատրոն կազմակերպեն:

Իշխանությունն էլ շարունակում էր խաղալ, թե իբրեւ իրենք ընտրել են, ընդդիմությունն է տապալել ընտրությունը: Սաղաթելյանը նորից պարզ հասկացրեց` ուզում են քվեարկել, ուզում են` ոչ, ինքը քվե չի մուրալու: Եվ նորից պաշտոնապես հայտարարեց, որ իշխանության առաջարկը` ընդդիմությունը չմասնակցի քվեարկությունը, և նա ընտրվի միայն ՔՊ-ի քվեներով, չեն ընդունում:

Իշխանությունների այս պահվածքից ակնհայտ զգացվում է, որ Իշխանին փորձում են «կոտրել», որը չի ստացվում: Սաղաթելյանը որևէ կերպ զադնի չի դնում` չընդունելով իշխանության դավադիր առաջարկները:

Արմեն Ռուստամյանն էլ ասաց. «Իբր մի հատ առաջարկ եք անում, ուզում եք ընդունենք: Էդքան հարի՞ֆ եք գտել: Կառուցողականությունից եք խոսում: Ուզում եք սրեք, կսրենք»: