Մոսկվայում սկսել են խոսել Բաքվի վրա ճնշումներ գործադրելու մասին

Մոսկվայում սկսել են խոսել Բաքվի վրա ճնշումներ գործադրելու մասին

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ծագած եւ հետզհետե թեժացող լարվածությունը, ըստ ամենայնի, դեռ շարունակություն կունենա։ Պատահական չէ, որ ռուսալեզու մի շարք մեդիա-ռեսուրսներ սկսել են խոսել այն մասին, որ ՌԴ Անվտանգության խորհրդում ոլորտային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի օրակարգում եղել են «Բաքվի ագրեսիվ էսկալացիային հակազդելու եղանակները»։

Ռուսական կողմն ընդգծում է, որ Բաքվի կեցվածքը հակասում է 2022 թվականին ստորագրված Դաշնակցային գործակցության մասին պայմանագրին։ Իսկ ահա արդեն առանձին ռեսուրսներ էլ, վկայակոչելով ռուսական քաղաքական վերնախավի առաջին էշելոնին մոտ կանգնած իրենց աղբյուրները, գրում են, որ Մոսկվայում կարծում են, թե Ղարաբաղը ձեռք բերելուց հետո Ալիեւը գլխապտույտի մեջ է հայտնվել՝ մոռանալով ռուս-ադրբեջանական տնտեսական կապերի մասին։ Մոսկվայից անթաքույց դժգոհությամբ նախազգուշացնում են, որ ռուս-ադրբեջանական տնտեսական կապերը հարվածի տակ դնելը կարող է Իլհամ Ալիեւի վրա շատ ավելի թանկ նստել, քան «դուխով տղա» երեւալու նրա ձգտումն է, ձգտում, որը հիմնականում դրսեւորվում է ռեգիոնալ լիդեր երեւալու հավակնության եւ Ադրբեջանի ու Թուրքիայի հանրությունների առաջ «ցուցադրվելու» մեջ։ Ռուսական մեդիա-ռեսուրսներում նշում են, որ Մոսկվան բավականին մեծ հնարավորություններ ունի՝ Բաքվին իրականության դաշտ վերադարձնելու համար։ Դա առաջին հերթին կարող է տեղի ունենալ ադրբեջանցի աշխատանքային միգրանտներին Ռուսաստանից արտաքսելու, նրանց կողմից իրականացվող դրամական փոխանցումները, որոնք տարեկան 1 միլիարդ դոլար են եւ կազմում են Ադրբեջանի պետական բյուջեի 7 տոկոսը, արգելափակելու տարբերակներով։

Բաքվին ճնշելու ռուսական գործիքակազմի մյուս էլեմենտը կապված է Ադրբեջանից Ռուսաստան իրականացվող մատակարարումների հետ։ Խոսքը հատկապես վերաբերում է պտուղ-բանջարեղենի մատակարարումներին, որոնք մասամբ նաեւ Թուրքիայից ներկրված պտուղ-բանջարեղենի վերամատակարարումն են ապահովում։ Մյուս կողմից, Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարում է ցորեն, կաթնամթերք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, ինչպե նաեւ ունի ռուսական կապիտալով 1400 ձեռնարկություն՝ ութ միլիարդ դոլար ընդհանուր կապիտալի գնահատմամբ։ Բացի այդ, ռուս-ադրբեջանական առեւտրաշրջանառությունն ունի դրական սալդո՝ 2 միլիարդ դոլարի չափով՝ հօգուտ ռուսական կողմի։

Ռուսաստանը հանդիսանում է ադրբեջանական պարենային ապրանքների ծավալի 30 տոկոսի գնորդը։ Այլ խոսքով, Մոսկվայում սկսել են գնահատել, թե ինչպես է հնարավոր մի քանի ամսվա ընթացքում, առանց լուրջ ցնցումներ պատճառելու սեփական տնտեսությանը, Ադրբեջանին կանգնեցնել տնտեսական կոլապսի առաջ։ Ռուսական «զինանոցում» եղած մյուս գործիքը կապված է «Հյուսիս-Հարավ» միջանցքի հետ, որտեղ հնարավոր է ռուսական կողմն իրանական կողմի հետ կապն ապահովի միայն կասպիական նավահանգիստներով։ Չեն բացառել նաեւ ադրբեջանական նավթի՝ դեպի Եվրոպա տարանցման ճանապարհին Նովոռոսիյսկի նավահանգստային ուղին արգելափակելու տարբերակը։ Ի վերջո, նույնիսկ խոսվել է այն մասին, որ Մոսկվան կարող է վերանայել Ադրբեջանի հյուսիսում, Դաղստանի հետ սահմանին ապրող 100 հազար լեզգիների հետ կապված, այսպես կոչված, «լեզգիական հարցի» հանդեպ իր վերաբերմունքը։

Այս ամենն ի մի բերելով կարելի է ասել, որ առաջիկայում ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, եթե, իհարկե, անակնկալ կերպով լիցքաթափում տեղի չունենա, եւ Ալիեւը դիվանագիտական լուծումներով կրկին չջերմացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը քանիցս արել է։