Իրանական էքսպանսիան Նախիջևանում

Իրանական էքսպանսիան Նախիջևանում

Ադրբեջանն ու նրա անկլավ հանդիսացող Նախիջևանը ապրում են բոլորովին այլ աշխարհներում։ Ավելին՝ տպավորություն կա, թե դրանք տարբեր շահեր ու հետաքրքրություններ ունեն։

1991 թ․-ից ի վեր Նախիջևանի բնակչությունը գտնվում է սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում և մեծ թիվ է կազմում արտագաղթը՝ հատկապես դեպի Հյուսիսային Իրան, Ռուսաստան և Թուրքիայի արևելյան նահանգներ։ Ադրբեջանի ընդդիմադիր մամուլը բազմիցս նշել է, որ Նախիջևանից հեռացողներն այլևս չեն վերադառնալու, քանի որ զարգացման ոչ մի հեռանկարներ այլևս չեն տեսնում։ 

Պետք է փաստել, որ Բաքվի ներկայացվածությունն ու ընդհանրապես վերահսկողական մեխանիզմները բավականին թույլ են երկրամասում։ Կարելի է ասել, որ այդտեղ տիրապետող դիրքեր են զբաղեցնում հիմնականում Իրանն ու Թուրքիան, որոնք էլ մրցակցում են գերակայութան հասնելու համար։ 

Ակնհայտ է, որ Նախիջևանում հետևողականորեն ստեղծվում է «իրանական բավական ազդեցիկ կուսակցություն» և հատկապես շիա իսլամի ազդեցության մեծացում, որի լայնածավալ քարոզչության արդյունքում տեղի բնակչության շրջանակներում փորձում են արմատավորել նրանց՝ որպես առանձին էթնիկական միավորի առանձնահատկությունները։

Այս գործընթացները տեղի բնակչության մեջ ձևավորում են Ադրբեջանից անջատվելու, Հայաստանի հետ բաց սահման ունենալու և տարանցիկ առևտրի կենտրոն դառնալու պահանջները, որի արդյունքում, անշուշտ, երկրամասը դուրս կգա այդ ծանր սոցիալ-տնտեսական և մեկուսացված իրավիճակից։ Երկրամասում թուրքական կողմնորոշում ունեն միայն իշխանության ներկայացուցիչները, ռազմական էլիտան և Թուրքիայի հետ առևտուր իրականացնող բնակչության մի փոքրիկ հատվածը։

Խորհրդային Միության փլուզումից հետո Նախիջևանի գազամատակարարումը վերսկսվեց միայն 2005 թվականին՝ Ադրբեջանի և Իրանի նախագահների պայմանավորվածության արդյունքում։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը նույնպես կատարվում է Իրանի կողմից, ինչպես նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների ներկրումը։ Իսկ Թուրքիայի՝ Նախիջևանի հետ ունեցած տնտեսական կապերը սահմանափակվում են միայն երկրամասից հումք արտահանելով։ Փաստորեն, Նախիջևանը գոյատևում է առաջին հերթին Իրանի և Թուրքիայի հաշվին, իսկ Ադրբեջանի հետ ունեցած առնչությունը սիմվոլիկ բնույթ է կրում։ Այստեղ բոլոր ոլորտներում ակնհայտ է Իրանի ազդեցության մեծացումը։

Շատերի համար զարմանալիորեն երկրամասի նկատմամբ մեծացել է Չինաստանի հետաքրքրությունը, որն իր ներկայությունը հաստատեց այնտեղ ավտոհավաքման գործարան կառուցելով։ Հետաքրքրական է, որ թե՛ Իրանը և թե՛ Չինաստանը իրենց տնտեսական նախագծերն իրականացնում են Նախիջևանի համար սահմանված ծավալներից մի քանի անգամ ավել քանակությամբ։ Դա, ըստ երևույթին, բացատրվում է վերոհիշյալ երկրների կողմից երկրամասը տարանցիկ առևտրի կենտրոն դարձնելը չբացառելու միտումով։

Կարելի է կարծել, թե միայն թուրքական զորքերի առկայությունն է արգելակում երկրամասի ամբողջական էքսպանսիան Իրանի կողմից։ Եթե սրան ավելացնենք նաև իրանական կողմի՝ երկաթուղին բացելու ակտիվ նախաձեռնությունը, Թեհրանից տնտեսական կախվածության մեծացումն ու թուրքական զինվորականության ազդեցության ուժեղացումը, ապա երկարատև հակամարտության խճանկարը պատրաստ է։ Փաստացի Իրանը ձգտում է երկրամասը կլանել տնտեսական ներկայացվածությամբ, իսկ Թուրքիան՝ ռազմական։ Ժամանակի հարց է, վաղ թե ուշ Նախիջևանը օտարվելու է Ադրբեջանից և առաջին հերթին տեղի արգելափակված բնակչության նախաձեռնությամբ։ Միակ խնդիրն այն է, թե ո՞ր կողմն է առավել արդյունավետ գտնվելու, Թուրքիան, թե՞ Իրանը։ 

Սասուն Պողոսյան