Բա ասում էիք Նիկոլից հետո «կույս եք մնացել»

Բա ասում էիք Նիկոլից հետո «կույս եք մնացել»

Որ մի մանկավարժի ծաղկեփունջ են նվիրում, իշխանությունն իր նիկոլաձև քիթը վեր է ցցում՝ վա՜խ  կոռուպցիայի հոտ է գալիս, բայց որ «իրենց թայֆան» միլիոններ է նվեր ստանում,  ռեակցիա էլ չի տալիս։ Կոնկրետ ձեռքիս տակ ՊՆ նախարար Պապիկյանի նվերների մասով անցած տարվա հայտարարագիրն է․ 

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար »։

Սրանից լավ կոռուպցիա՞։ Թե բա պսակվել, երեխա է ունեցել, նվեր են արել։ Սովորական մեկը պսակվում, հինգ տարի պարտքի տակից դուրս չի գալիս։ Իսկ թե փորձի Պապիկյանի նման հեքիաթային հարսանիք անի, տներ ձեռք բերի, ոտ ու ձեռով կկորչի։ Հիմա հարցը միայն Պապիկյանի նվերները չեն։ Ուզում եմ հասկանալ՝ էդ նվեր անողները նրա «դատարկ ջեբով» ընկերները չե՞ն։ Լավ, բա նրանք ե՞րբ այդքան հարստացան, որ միլիոններ են նվիրում։ Բա նրանք ասում են, որ Նիկոլից հետո կույս են մնացել։ Իրենց «երեսի ջրով են մնացել»։

Նվերների ընդունման կարգ կա, չասեմ որ դա օրենքով է սահմանված՝ Նիկոլն է մայր օրենքը։ 02.01.2023 թ. այդ օրենքում կատարված փոփոխությունները իբր գործի են դրվել։ Ու՞ր են։ Կան նվերների թույլատրելության չափ։ Մանկավարժին մի ծաղկեփունջ կամ մի «բամբաներկա են նվիրում» , հետևից են ընկնում, թե բա դպրոցներում կոռուպցիա կա, բայց պաշտպանության նախարարին միլիոններ են նվիրում ու դա կոռուպցիա չի, հա՞։ Նիկոլն էլ հայտարարեց, որ շարժական ու անշարժ ոչ մի բան չունի, լավ՝ բա էդ ՔՊ-ականները քանի՞ գլխանի են, որ նման թվերով նվերներ են բաշխում։  Եթե կոռուպցիա չի, ինչու՞ մինչև պաշտոնի անցնելը «մի քոռ կոպեկ» Պապիկյանին չէին նվիրում։ Պաշտոնին, պաշտոնական դիրքին, պաշտոնական ծառայությանն են նվիրել, ոչ թե իրեն։ Իսկ դրա համար համապատասխան օրենք կա սահմանված։ Բայց քանի որ մայր օրենքը Նիկոլն է, ՔՊ-ական պաշտոնյաները կույս են ու սուրբ։