Ռուստամ Բադասյանը մեղադրվո՞ւմ է կոռուպցիայի մեջ. ԱՀԽ հայտարարություն

Ռուստամ Բադասյանը մեղադրվո՞ւմ է կոռուպցիայի մեջ. ԱՀԽ հայտարարություն

Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը (այսուհետ՝ ԱՀ Խորհուրդ) նախնական ուսումնասիրության է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի հաղորդումն այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր լիազորություններն իրականացնելիս կատարել է այնպիսի արարք, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն միտված գործողություններ, ինչն էլ առաջացրել է շահերի բախում՝ արգելված «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային հակակոռուպցիոն խորհրդից:

Մասնավորապես, իր հաղորդմամբ Ն․Մալյանը հայտել է երեք հանգամանք, որոնք էլ ենթակա են նախնական ուսումնասիրության․

1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավելևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է անձի` նախարար դառնալուց հետո և ոչ թե առաջ։

2) «ԱԺ-ում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսը այլ վճարովի աշխատանք է։

3) Երբ առանց մրցութային կարգի պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսևորում է. կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։

ԱՀ Խորհրդի կողմից նախնական ուսումնասիրության ընթացքում Ն․Մալյանի կողմից բարձրացված հարցերը համակողմանի ուսումնասիրվել են բացահայտման ենթակա հետևյալ հանգամանքների շրջանակներում․

1․ արդյո՞ք ՀՀ արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը) նախարարի նշանակվելուց հետո սկսել է զբաղվել ձեռնարկատիրական այնպիսի գործունեությամբ, որն առնչվում է նախարարի համակարգման ոլորտին:

Պարզվել է․

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), Ռ․Բադասյանի հանրային պաշտոնում նշանակվելուց հետո, այլ անձի հետ համատեղ, հիմնադրել է առևտրային ընկերություն, որի հիմնադրման պահից մինչ օրս, գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, ղեկավարել է այդ ընկերությունը: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ:

Արդյո՞ք արդարադատության նախարար Ռ․Բադասյանի հետ փոխկապակցված անձ Տաթևիկ Սարգսյանը միաժամանակ աշխատել է ՀՀ ԱԺ աշխատակազմում և առևտրային ընկերությունում` միաժամանակ վարձատրվելով երկու գործատուներից:
Պարզվել է․

Արդարադատության նախարարի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը), աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում (ԱԺ նախագահի տեղակալի փորձագետ), միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և, բացի ԱԺ աշխատակազմից, միաժամանակ ստացել է վարձատրություն նաև այդ ընկերությունից:

Արդյո՞ք Տաթևիկ Սարգսյանն ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի:
Պարզվել է․

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ փոխկապակցված անձը (ամուսին Տաթևիկ Սարգսյանը) ՀՀ ԱԺ աշխատակազմում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի:

Քննությունը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացնելու համար Խորհուրդը բոլոր շահագրգիռ անձանց և մարմիններից սկսել է հավաքել անհրաժեշտ տեղեկություններ և դիրքորոշումներ: Այդ նպատակով իրականացվում են բազմաթիվ հարցումներ և անհրաժեշտ այլ գործողություններ:

Ծանուցում: Սույն եզրակացությունը կազմվել է Խորհրդի կողմից իրականացված նախնական ուսումնասիրությունների արդյունքներով, ուստի դրանք վերջնական չեն և չեն հավակնում դիտարկվել որպես վերջնական հաստատված հանգամանքներ: Այնուամենայնիվ, եզրակացության այն հանգամանքները, որոնք արձանագրված են «հաստատված» եզրույթով, համարվում են արդեն իսկ հաստատված հանգամանքներ: