Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց

Վերաքննիչ  դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։ 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Մարտի մեկի գործով ամբաստանյալ,ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Լուսինե Աբգարյանին։

Որպես ինքնաբացարկ հայտնելու հիմք Վարդևանյանը նշել էր դատավորի եղբոր՝ Դավիթ Աբգարյանին վերաբերող մամուլում տարածված տեղեկությունները։ Մասնավորապես, Դավիթ Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում հավանել և կիսվել էր երգիչ Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ։ Բացի այդ, դատավորի եղբայրը սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ, ներկայումս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կարծիքով, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս փաստերը կասկածներ կարող են առաջացնել։

Մեկ այլ հանգամանք․ըստ court.am կայքի «արձակուրդներ» բաժնի տեղեկատվության՝ Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 17-ից պետք է մեկնի արձակուրդ։ Իսկ արձակուրդից 10 օր առաջ դատավորին չի կարող գործ մակագրվել, քանի որ այդ կարճ ժամկետում գործը հնարավոր չէ քննել ըստ էության։ Ի պատասխան՝ Լուսինե Աբգարյանը նշեց, որ իր արձակուրդ մեկնելը տեղափոխվել է դեկտեմբերի 24-ի վրա։