Զինյալները փորձում են աշխատեցնել Հալեպի պետական գերատեսչությունները
Հալեպում զուսպ հանդարտություն է. անմիջականորեն քաղաքի մեջ զինված բախումներ չկան։ «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկեանը։
«Նա նշեց,որ երբեմն ջրի մատակարարման խնդիրներ են առաջանում, էլեկտրաէներգիա երկու ժամ ունեն ընդամենը, խնդիրներ կան նաեւ ինտերնետ հասանելիության հետ` անընդհատ անջատվում է կապն ու միանում։
«Զգուշավոր հանդարտություն է տիրում Հալեպում։ Մարդիկ կանոնավոր իրենց գործին չեն վերադարձել դեռ, միայն սնունդ եւ նմանատիպ ապրանքներ վաճառող խանութներն են հիմնականում աշխատում», ասաց Պողիկեանը։ Նա նշեց, որ սննդամթերքի պակասի վտանգ չկա, սակայն սարսափելի գնաճ է քաղաքում։
«Ընդդիմադիրները փորձում են պետական մարմինների աշխատանքներն ընթացքի մեջ գցել, պաշտոնյաներին են հրավիրում, որ չվախենան, գան, սկսեն աշխատեցնել գերատեսչությունները։ Որովհետեւ քաղաքը մեծ քաղաք է, սառած վիճակում է, եւ ամեն հարցով տագնապ է ստեղծվում` կենցաղայինից սկսած մինչեւ ապրուստը հոգալու հարցերը, այնպես որ փորձում են աշխատեցնել պետական մարմիններն ու գերատեսչությունները»,- ասաց Պողիկեանը։
Նա շեշտեց, որ Ազգային Առաջնորդարանը օժանդակություն է տրամադրում հայ համայնքին,իսկ մարդկանց ամենաշատը մտահոգողը տնտեսական իրավիճակն է։
Կարծիքներ