Իսրայելը «մաքրում է» Բեյրութը և ներխուժում գյուղեր. իրավիճակը ծանր է

Իսրայելը «մաքրում է» Բեյրութը և ներխուժում գյուղեր. իրավիճակը ծանր է

Իսրայելը գործում է հարավային Լիբանանի մի քանի գյուղերում և կշարունակի գործողությունը այնքան ժամանակ, մինչև չոչնչացվեն «Հըզբոլլահ»-ի բոլոր ռազմական օբյեկտները, որտեղից ծրագրված էին հարձակումներ հրեական պետության վրա։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ երկրի հյուսիսային սահման կատարած այցի ժամանակ։
Նրա խոսքերը մեջբերում է Ynet պորտալը։

«Մենք կապահովենք, որ ի վերջո [հյուսիսային Իսրայելի] բնակիչներին ապահով վերադարձնենք իրենց տները, ինչպես խոստացվել է», - վստահեցրել է Գալանտը:

Միաժամանակ, Իսրայելական բանակը շարունակում է ցամաքային գործողությունը Բեյրութում։ Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Բուրջ ալ-Բարաջնե շրջանի որոշ տների բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել, քանի որ, ըստ ռազմական հետախուզության, այնտեղ շիական «Հըզբոլլահ» շարժման կառույցներ կան:

«Շտապ նախազգուշացում հարավային արվարձանների բնակիչներին, մասնավորապես Բուրջ ալ-Բարաջնեի տարածքում քարտեզի վրա նշված շենքում գտնվողներին: Դուք գտնվում եք «Հըզբոլլահ»-ի կառույցների մոտակայքում... Ձեր և ձեր սիրելիների անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք այս շենքից և հարակից տներից, և գտնվեք դրանցից առնվազն 500 մետր հեռավորության վրա»,- գրել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին X սոցիալական ցանցում։
ՑԱԽԱԼ-ը հայտնել է նաև, որ «Հըզբոլլահը» ավելի քան 70 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսում։ Հրթիռների մեծ մասը որսացել է իսրայելական հակաօդային պաշտպանությունը։ Զոհեր և ավերածություններ չկան։