Ես Արցախի համար հացադուլ եմ հայտարարել, հիմա ի՞նչ պետք է անեմ` պետք է միանամ և պայքարեմ

Ես Արցախի համար հացադուլ եմ հայտարարել, հիմա ի՞նչ պետք է անեմ` պետք է միանամ և պայքարեմ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն օրերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, Հայաստանն ու Արցախը փրկելու նոր շարժում նախաձեռնելու մասին։ Այն կոչվում է «Անկախության շարժում»։ Նա ասում է, թե իշխանությունները շեղվել են Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթից՝ Անկախության հռչակագրից, և հռչակագրի դրույթներին հակասող գործողություններ են անում՝ Արցախի ինքնորոշումից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից են հրաժարվում, հետևաբար այդ փաստաթուղթն ընդունած առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները՝ ՀՀ հիմնադիր հայրերը, պետք է ոտքի ելնեն եւ պայքար սկսեն: Ղազարյանը որոշել է հրավիրել բոլոր ԳԽ պատգամավորներին, որոնք օրենսդիրում են եղել 1990-1995 թվականները եւ որոշել է այդ հավաքն իրականացելն օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը: Իսկ իշխանափոխությունն ավարտին հասցնել մինչև անկախության օրը` սեպտեմբերի 21-ը: Երեկ մենք գրել էինք, որ ԳԽ որոշ պատգամավորներ ստացել են հրավեր, որոշները` դեռ չեն ստացել: Այսօր զրուցեցինք ՍԴ նախկին անդամ, ՀՅԴ նախկին անդամ, ԳԽ պատգամավոր Կիմ Բալայանի հետ:

«Հրավեր չեմ ստացել, սակայն եթե անգամ չստանամ էլ, սիրով միանալու եմ «Անկախություն» շարժմանը», -  մեզ հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանը: Նրա պնդմամբ` Հայաստանն ու Արցախն այսօր ծանրագույն իրավիճակում են հայտնվել, ուստի պայքարն անփուսափելի է:

«Ես ողջունում եմ Էդգար Ղազարյանի այս նախաձեռնությունը: Առաջին Գերագույն խորհրդի պատգամավորներն այն մարդիկ են, որոնք ամեն ինչ արել են պետականություն ստեղծելու համար: Ես մի մարդ եմ, ով Արցախի համար հացադուլ է հայտարարել, հիմա ես ի՞նչ պետք է անեմ, պետք է միանամ և պայքարեմ», - նշեց նա: