Վարչապետն հանդիպել է ՀՀ-ում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ

Վարչապետն հանդիպել է ՀՀ-ում  օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ:

Կառավարության ղեկավարը ողջունել է դեսպաններին և նշել, որ ուրախ է հանդիպման առիթի համար: Վարչապետն ասել է, որ կառավարության ձևավորման օրից մեկ տարի անց պատեհ է համարում կիսվել միջազգային գործընկերների հետ տպավորություններով՝ մեկ տարվա արդյունքների, խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ:

Վարչապետի խոսքով՝ արտաքին քաղաքական ասպարեզում նույնպես հաջողվել է կայունություն ապահովել. «Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաև որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն:

Ապա վարչապետ Փաշինյանն անդրադարձել է դատաիրավական ոլորտում ստեղծված իրավիճակին՝ խոսելով այս բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության և այդ գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին: «Իհարկե, այսօր մեր ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ: Գիտեք, որ վերջին շրջանում իրադարձություններ են տեղի ունեցել և հիմա էլ կարծես թե շարունակում են տեղի ունենալ:

Համոզված եմ, որ եկել է ժամանակը այս խնդիրը լուծելու, բայց վստահ եմ նաև, որ չի կարելի վերարտադրել այն դատական նախկին համակարգը, որ մենք ունեցել ենք: Ես երկար տարիներ այդ մասին գրել եմ, ելույթներ եմ ունեցել, նույնիսկ դատապարտվել եմ այդ դատական համակարգի կողմից, և իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կլինեն բացարձակապես անիմաստ, եթե մենք չունենանք իրապես դատական համակարգ, որի որոշումներն ընդհանրապես չմեկնաբանվեն, այսինքն՝ որի որոշումներն ուղղակի ընդունվեն որպես որոշում, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անունից և չի քննարկվում, առնվազն բացի այն ընթացակարգերից, որ բողոքարկում են և այլն: Բայց մեծ հաշվով չկա այդ մթնոլորտը, թե ահա ով ում վրա երբ ինչպես ազդեց, որ այս որոշումը կայացվի: Եվ այս առումով՝ եթե Հայաստանում գործադիր, օրենսդիր իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը, եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը: Ոչ թե դատական իշխանությունը վայելի կառավարության վստահությունը, այլ ժողովրդի վստահությունը, որովհետև եթե կառավարությունը, օրինակ, ուզենար այս մեկ տարվա ընթացքում, որ Հայաստանում լիներ իր համար վստահելի դատական համակարգ, այդ դատական համակարգը կար և այսօր էլ կա, և կառավարությանը ոչ մի բան չի խանգարում այդ դատական համակարգն իր համար դարձնել վստահելի, մանավանդ, որ այդ դատական համակարգը սովոր է աշխատել այդ պայմաններում, երբ կառավարության և դատական համակարգի միջև կա, այսպես ասած, փոխադարձ վստահություն: Բայց մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է եղել և անընդունելի է, որովհետև դա դեմ է այն արժեքներին, որոնց վրա հենվելով մենք Հայաստանում իրականացրել ենք այսպիսի փոփոխություններ: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը, անցումային արդարադատությանը, ձեռնարկվող քայլերին, կառավարության կառուցվածքային փոփոխություններին, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը և այլն: