Մի բովանդակազուրկ հանրապետության մասին

Մի բովանդակազուրկ հանրապետության մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին» վերտառությամբ հոդվածը, որ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի, հրապարակվեց հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցներով, կարելի է համարել հետպատերազմյան շրջանի առաջին լուրջ քայլը, որով փորձ արվեց արխիվացնել արցախյան 44-օրյա պատերազմն իր ամեն ինչով՝ մեղավորներով ու պատասխանատուներով հանդերձ: Խոսքը, ի դեպ, միայն հայաստանյան մեղավորների ու պատասխանատուների մասին չէ:

Արմեն Սարգսյան հոդվածագիրը մեծ վարպետությամբ «արխիվացրել» եւ պատասխանատվությունից ազատել է նաեւ թուրք, ադրբեջանցի, ռուսաստանցի, ֆրանսիացի եւ ամերիկացի իր գործընկերներին, որոնք, կարծես, ավելին են արել այս իրավիճակը մեզ պարտադրելու համար, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանն իր դավաճանությամբ: Կարդալով ՀՀ նախագահի ծավալուն հոդվածը՝ նույնիսկ ակամա կարեկցանք է առաջանում Փաշինյանի հանդեպ. ի՞նչ է արել խեղճը, ի՞նչ կարող էր անել վերոթվարկյալ գլադիատորների դեմ մենամարտում, որ չի արել… Բայց հուզմունքը թողնենք մի կողմ:

Ի՞նչ է ասում խնդրո առարկա հոդվածի վերնագիրը՝ «Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին»: Դիցուք՝ ինձ այն ոչինչ էլ չի ասում: Ինչ է, մենք մինչ այս անբովանդակ պետությո՞ւն ունեինք: Կարծում եմ՝ դժվար է համակերպվել այդ մտքի հետ, որովհետեւ հարց է առաջանում՝ իսկ մենք ինչո՞վ ենք զբաղվել 30 տարի շարունակ: Ես չեմ կարող համաձայնել, որ անցյալ դարի 90-ականների սկզբին Հայաստանի Հանրապետությունը բովանդակազուրկ պետություն էր: Այդ տարիներին մենք Արցախ էինք ազատագրում՝ ձեռքի հետ էլ բանակ ու պետական կառավարման մարմիններ ստեղծում: Պատերազմի եւ ավերիչ երկրաշարժի վերքերը բուժելով՝ 21-րդ դարի առաջին տասնամյակում Հայաստանն այնպիսի տնտեսական թռիչք ունեցավ, որը համեմատելի էր մեկ էլ գերմանացի ժողովրդի գործած տնտեսական հրաշքի հետ: Ոմանց, իսկ ավելի կոնկրետ՝ անգլո-ամերիկյան ուժերին դա դուր չեկավ, եւ նրանք, արդեն 2009-ին, առաջին փորձը կատարեցին Հայաստանի Հանրապետությունը բովանդակազրկելու, իսկ ավելի ճիշտ՝ մեզ կեղծ բովանդակություն պարտադրելու ուղղությամբ:

Կարելի էր մտածել, որ Հայաստանն էր փակել թուրքական սահմանը, եւ տիկին Քլինթոնն էլ ՀՀ արտգործնախարարին բերման էր ենթարկում, որ նա սահմանը բացելու պրոտոկոլ ստորագրի: Այդ փորձությունն էլ հաղթահարեցինք: Հետո սկսեցին մեզ քաշքշել դեպի Եվրամիություն՝ ակնհայտորեն դա անելով ի հեճուկս մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաեւ մեր ազգային ու պետական շահին հակառակ՝ հաշվի չառնելով ո՛չ մեր աշխարհագրական դիրքը, ո՛չ էլ հարեւանների հետ ունեցած մեր հարաբերությունները:

Մեծարգո նախագահ Հայաստանի բովանդակազուրկ երրորդ հանրապետության
ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության անդամ քանի՞ բովանդակազուրկ պետության անուն կարող եք տալ… Ո՞չ մի: Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ նմանատիպ կառույցների՝ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանը զուրկ է բովանդակությունից, եւ պետք է փակել մեր պատմության այս բովանդակազուրկ էջը: Ես այսպես կասեի՝ մեզ սկսեցին «բովանդակազրկել» հայ-թուրքական խայտառակ պրոտոկոլները մերժելուց եւ ապրիլյան պատերազմով այդ մերժումը հաստատելուց հետո: Մեզ սկսեցին «բովանդակազրկել» սորոսական հարյուրավոր ՀԿ-ներով, անմաքուր փողերով, բարոյա-գաղափարական ախտով, հանրությունը պառակտելու մինչ այդ չտեսած ու չլսված մեթոդներով՝ վարկաբեկելով այն ամենը, որ կազմում էր մեր երկրի բովանդակությունը՝ ազգային բանակ, ուժային կառույցներ, անվտանգության համակարգեր, կրթական ծրագրեր, առողջապահություն, տնտեսություն…

Իսկ երբ Հայաստանի վերջնական բովանդակազրկման համար պատրաստ էր ամեն ինչ, պարոն նախագահ, եկաք Դուք՝ Ձեզ հետ բերելով Նիկոլ Փաշինյան երեւույթը: Մնում էր բովանդակազրկել ընդամենը մի փոքրիկ գրքույկ, որ կոչվում էր ՀՀ սահմանադրություն: Դա էլ փառավորապես արեցիք Դուք՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին: Քանի որ այս հոդվածում Դուք, պարոն նախագահ, խոսել էիք Չորրորդ Հանրապետություն սկզբնավորելու մասին, ես հիշեցի Ձեր հերթական նորամուտը հայաստանյան քաղաքականություն: Դեռեւս նախագահի թեկնածու որպես, Դուք այդ միտքն էիք արտահայտում քաղաքական ուժերի հետ հանդիպումներում, եւ լսողներին էլ թվում էր, թե, ահա, եկել է մի մարդ, որ նոր բովանդակությամբ է լցնելու մեր կյանքը: Այսօր, սակայն, երբ իրար կողքի եմ դնում Ձեր հոդվածն ու արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, հասկանում եմ, թե ինչի մասին էիք խոսում՝ «չորրորդ» հանրապետություն ասելով: Դա, փաստորեն, Նիկոլի «նոր Հայաստանն» էր՝ այս ողջ խայտառակությամբ հանդերձ:

Ժողովուրդը մի շատ պատկերավոր խոսք ունի, ասում է՝ ձին ձիավորի տակ է խաղում: Հայաստանի Հանրապետության նախագահի եւ վարչապետի պարագայում ես արդեն սկսել էի չհասկանալ, թե ով ում տակ է պարում: Ինձ նախապես թվում էր, թե «կամանդիրը» Նիկոլն է, բայց երբ ԱԺ-ից մի բովանդակազուրկ ընդդիմադիր առաջնորդ հանդես եկավ երկրի արտաքին քաղաքականությունն Արմեն Սարգսյանին հանձնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին միառժամանակ ՀՀ վարչապետի աթոռին թողնելու դարակազմիկ առաջարկությամբ, հասկացա, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Հիմա էլ ՀՀ նախագահի հոդվածն եմ կարդում, որտեղ նա «լուրջ-լուրջ» արդարացրել է վերջին 2.5 տարվա քանդումի գործընթացները, մեղքը գցել բովանդակազուրկ 3-րդ հանրապետության վրա եւ առաջարկել փակել այդ էջն ու սկսել 4-րդի կառուցումը: Նախագահը զայրացել է մեզ վրա՝ «1994թ. մենք ազատագրեցինք Արցախը, եւ ընդհուպ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 27-ը մեզ մոտ չկար Արցախի քաղաքական ապագայի վերաբերյալ հստակ տեսլական»: Այստեղ են ասել՝ «Մուրադը կատաղել ա»: Իսկ ի՞նչ կարող էինք անել, որ չենք արել Արցախի քաղաքական ապագայի համար: Խնդիրը ձեւակերպված էր հստակ՝ ազգերի ինքնորոշում: Պետք էր ընդամենը հարգել Արցախի ժողովրդի այդ իրավունքը եւ Ադրբեջանին շպրտել «գրավյալ տարածքները»: Եվ այստեղ է, որ հարգարժան Արմեն Սարգսյանի իմացած բովանդակային պետությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչու ոչ՝ նաեւ Անգլիան, «չկարողացան» երկու էշի գարի իրարից ջոկել եւ Արցախը նվիրեցին Ադրբեջանին:

Իսկ հիմա լսեք իմ առաջարկը: Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել 5-րդ հանրապետության շինարարությանը: Արմեն Սարգսյանի «4-րդ հանրապետության» կամ Նիկոլ Փաշինյանի «նոր Հայաստանի» (ինչպես հարմար է) էջը կարող ենք փակված համարել: Այն պետք է առանձին գլուխ կազմի մեր անկախության պատմության մեջ եւ օրինակ ծառայի բոլոր սերունդների համար, որպեսզի այլեւս երբեք եւ ոչ ոք չփորձի բովանդակազրկել Հայաստանի Հանրապետությունն իր ժողովրդով: