Քաղաքականություն

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 2

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 2

Մեր այսօրվա ողբերգական, օրհասական վիճակի հիմքը դրվեց 2018 թվականի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ իրենք պայքարում էին: Հետո պիտի պարզվեր, որ, ի տարբերություն առողջ, բանական, դատող մարդկանց, հեղափոխականները պարտությունից չեն ամաչում, պարտությամբ հպարտանում են: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների: Օր երկրորդ. 2018-ի, 2019-ի, 2020-ի եւ 2021-ի ապրիլի 2։ Ինչից ուր հասանք։

2018-ի ապրիլի 2

Գյումրի-Երեւան քայլարշավի հերթական հանգրվանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ենթադրենք, մեր նկատմամբ ուժ են գործադրում, որ մենք էս տարածքից հեռանանք, մենք կփորձենք ուղղակի էդ տարածքից չհեռանալ: Ուզում ենք, որ հստակ լինի, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ոստիկան, Ազգային անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատակից հասկանա, որ ինչ էլ իրենք անեն, մենք իրենց նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրելու, մենք իրենցից որեւէ մեկին որեւէ վնաս չենք պատճառելու՝ անկախ նրանից, թե նրանք ինչ բռնություն մեր նկատմամբ կգործադրեն»: Այս մարտավարությունը հետո շարունակվեց «Բաց ձեռքերի հեղափոխություն» անվամբ, որի իմաստը ոստիկաններին դիմադրություն ցույց չտալն էր, այլ նրանց մոտենալուն պես ձեռքերը բաց վեր պարզելը, որ իրենց նկատմամբ ուժ չկիրառվի, եւ ոստիկանները դիմադրության չհանդիպելով՝ «զինաթափվեն», անցնեն ցուցարարների կողմը։

2019-ի ապրիլի 2

Բռնությունը ժամանակին մերժող, բաց ձեռքերի քարոզչություն անող երբեմնի հեղափոխականը դարձավ վարչապետ ու խոստացավ օրինախախտներին փռել ասֆալտին, ծեփել պատերին: 2019-ի ապրիլի 2-ին ասֆալտին փռեցին ու բերման ենթարկեցին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին: Հետո պիտի պարզվեր, որ բռնություն չգործադրելու խոստում տված ուժի կազմակերպած փռման-ծեփման գործողությունները պարզապես շոու են: Թեեւ հետագայում այս շոուի զոհ դարձան էլի շատերը։

2020-ի ապրիլի 2

Կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով երկրները փակում էին սահմանները ու այլ երկրներից տուն վերադարձնում սեփական քաղաքացիներին: Քաղաքացու հաղթանակի համար իշխանության եկած ուժն այդ ուղղությամբ ոչինչ չէր անում, ու 2020-ի ապրիլի 2-ի լրահոսը հեղեղված էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ավելի քան 2 հազար հայաստանցիների մասին ռեպորտաժներով, որոնք չէին կարողանում վերադառնալ հայրենիք:

2021-ի ապրիլի 2

2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտված իշխանության ներկայացուցիչները, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար, Եռաբլուր պանթեոն էին գնացել առանձին-առանձին: Նիկոլ Փաշինյանը չէր գնացել՝ նրա անունից ծաղիկներ էին դրվել զոհվածների շիրիմներին: Պարզաբանեցին, թե Մոսկվայում ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմամբ պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից ինքնամեկուսացման մեջ է: Քչերը հավատացին: Քաղաքացիների հաղթանակի համար իշխանության եկած ուժի ներկայացուցիչներ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը չպատասխանեցին լրագրողների հարցերին՝ ինչպե՞ս եք զգում, երբ ձեզ ասում են, որ դավաճանների կառավարություն եք, դա չի՞ խանգարելու ընտրությունների ընթացքում քվե ստանալուն, ի՞նչ ակնկալիք ունեք ընտրություններից:

Արեգ Մարգարյան

Շարունակելի
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image