Կուրտ Թուխոլսկի. Կյանքի փոքր ուրախությունները

Կուրտ Թուխոլսկի. Կյանքի փոքր ուրախությունները

Փոքրիկ ուրախություն համար 72. Երբ մի քիչ կարագի սոուս է դեռ մնացել եւ կես կարտոֆիլ, բոլորն արդեն ընթրել են, եւ, ինչո՞ւ չէ, կարելի է անհատական պյուրե պատրաստել ափսեի մեջ: Շատ է ուրախացնում ու նաեւ համեղ է:

Համար 73. Մեկօրյա անսպասելի սերը: ''I never dreamt, you fall in love with me…''(1): Եվ հանկարծ՝ հաջող տեսակցություն Բեբրայում(2). շա՜տ հաճելի է:

Համար 74. Վարսահարդարիչը: Վարսահարդարիչը, երբ դու վարսահարդարի մոտ ես… Ես չգիտեմ՝ ինչպես է դա լինում կանանց պարագայում… Տղամարդկանց դեպքում տեղի է ունենում հետեւյալ կերպ:

Մազերն արդեն կտրված են. մեծ պայքար վարսահարդարի դեմ, որը կա՛մ սարքով ցանկանում է գլխիդ տալ գերմանական մազահիվանդությամբ տառապողի տեսք, կա՛մ առհասարակ չի կտրում, այլ միայն խառնաշփոթ է ստեղծում…

- Շրջվե՛ք, պարո՛ն: Նայե՛ք հայելուն: Ի՞նչ կասեք, եթե այստեղից մի քիչ վերցնենք…

Վերջացնում է, ապա օճառը քսում գլխամաշկիդ, տրորում, հետո լվանում՝ հեռացնելով փրփուրը, իսկ դու այդ պահին հոգնած ես ու հանդարտ նիրհում ես՝ նրա առաջ նստած: Քիչ անց նա սեղանի ներքեւի դարակից վերցնում է նիկելապատ վարսահարդարիչն ու թույլ է տալիս նրան ոռնալ: Հո՜ւ, հո՜ւ… Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ… Այդ ձայնը քնեցնում է… Ու շատ հաճելի է: Հայելու մեջ փառահեղ պատկերդ անորոշ ես տեսնում: Ա՜խ: Տեսքդ այնքա՜ն հիանալի է: Բայց այլեւս չես ցանկանում աչք գցել հայելուն, դու արդեն գիտես դա. ասես ծանր վարագույրի միջով դեպի քեզ են թափանցում հաճախորդներից մեկի զրույցի բեկորները: 

- Մարդիկ առհասարակ չեն կարող դա անել: Դիտարկե՛ք՝ համաձայն առեւտրի կանոնակարգերի…

- Դիմափոշի՞:

Վարսահարդարիչի քաղցր նինջը… Հուո՜ւ… Ո՜ւ… Ո՜ւ… Ահա թե որքանով ենք լիարժեք ու ինքնագոհ: Ես չեմ կարծում, թե տղամարդիկ վարսահարդարի մոտ են գնում մազերը կտրելու համար միայն (թեպետ կան նաեւ այնպիսիները, որ թույլ են տալիս սափրել իրենց. անպատկերելի գործընթաց): Ո՛չ, տղամարդկանց վարսավիրանոցն այլ նպատակների է ծառայում: Այնտեղ պարոնները բեռնված են ինքնավստահությամբ: Նրանք նստում են աթոռներին, այնքան երկար են տնտղում սեփական արտացոլանքը հայելու մեջ, մինչեւ լիովին ինքնահիպնոսանում են, լողում են իրենք իրենց ու տղամարդկային կատարելության մեջ, մի քիչ թերթ են կարդում, ննջում ու երբ արթնանում են, կարծես հենց նոր ծնված լինեն: Աթոռների հետեւում գուցե գաղտնի սարք կա, որ նրանք լցնում են սեփական «ես»-ով. հնարավոր է նույնիսկ՝ դա հայելու մոգության տեսակներից մեկն է... Տղամարդկանց վարսավիրանոցի իրական, կախարդական նպատակը ամրապնդումն է եսակենտրոն համակարգի, որն առանց այն էլ ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ բավական թույլ է զարգացած (այս մասին տե՛ս Աննա Ֆերենցզի-Դյուլբյոգի «Վարսահարդարի աշակերտների եւ պճնված կանանց հոգեվերլուծությունը» ուսումնասիրությունը, Վիեննա, 1937 թ.):

Այո՛, դու նստած ես այնտեղ, իսկ աշխարհն այլեւս չկա, միայն վարսահարդարիչը գոյություն ունի: Հուո՜ւ… Ո՜ւ… Ո՜ւ… Այսպիսի ձայն է հանում նա, եւ թվում է՝ երբեք չի դադարելու, միշտ պետք է այդպես գոռա. նյարդային ժապավենները թույլ կախվում են հատակին. կարելի է կարծել նաեւ՝ դու թողել ես ղեկը, եւ, ահա, ներս է խուժում օդի տաք հոսանքը: Ուղիղ աչքերիդ մեջ… Եվ ապա՝ սառը, իսկ վարսահարդարիչը երգում է, եւ ամեն բան հիանալիորեն անտարբեր է ու քնատ, բայց, այնուամենայնիվ, նախկինում եղել են պարտականություններ. ինչ-որ բան պիտի «անջրանցիկ» լիներ. վարսահարդարի մոտից հեռանալով՝ դու պիտի ինչ-որ տեղ գնաս. դա անառարկելի ճշմարտություն է, բայց այժմ որեւէ նշանակություն չունի. վարսահարդարիչը ոռնում է հիմա, իսկ դու քնում ես արթուն վիճակում եւ արթնանում ես քնատ, մինչդեռ քո տղամարդկային ես-ը, վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժնի կողմից ղեկավարվելով, ընդարձակվում է. այն հիանալիորեն աճում է, եւ դու չես էլ նկատում, ավելի է մեծանում, փքվում, բայց դու դեռ չգիտես. վարսահարդարիչը... Վարսահարդարի՜չը... Մեկն աթոռով քերում է հատակը, եւ մտքերը տակնուվրա են լինում: Ի՞նչ են մտածում այդ մարդիկ:

Գլխամաշկը էրոգեն գոտիներից մեկն է: Ա՜խ, երանի սուլթան լինեի: Նրանցից մեկը լինեի: Հա՛, երանի թե սուլթան լինեի, իմ սուլթանուհիները կամ, ինչպես անվանում են այդ աղջիկներին, ստիպված կլինեին տրորել ու լվանալ գլուխս սիրո թեժ գիշերներին: Այդ պատճառով էլ ես միշտ խնդրում եմ ինձ հանդիպած բոլոր կանանց, որ նման հաճույք պատճառեն ինձ... 

- Դե, լսե՛ք ինձ. ես, ախր, չեմ ուզում Ձեզ համար սուլթանուհի լինել: Դուք իսկապե՞ս թողնում եք, որ կանայք տրորեն Ձեր գլխամաշկը: Վաղուցվանի՞ց: Որքա՞ն ժամանակ է արդեն: Ու նրանք նաեւ պիտի լվանա՞ն Ձեր գլուխը:

- Այո՛:

- Ուրեմն... Ուրեմն, անհասկանալի է ինձ համար՝ ինչպես որեւէ կին կցանկանար... 

- Ո՜չ:

- Գլուխը տրորել... Երբեւէ Ձեզ հետ տեղի՞ է ունեցել նման բան...

- Հիմա մի՛ խանգարեք պանտերային. նա պետք է ավարտի իր պատմությունը: 

- Մի խոսքով, Դուք ի՞նչ եք ցանկանում ասել վարսահարդարիչի մասին:

Այո՛, նա ոռնում է այնտեղ, եւ այժմ գեղձերը ղեկավարվում են վեգետատիվ նյարդային համակարգի կողմից, եւ ես այլեւս այնտեղ չեմ… Աղմուկին համընթաց, մարում են բարդույթները, արգելքները, հակումները, մոլեգին կրքերը եւ միախառնվում ենթագիտակցախառն գիտակցությանը, շարք կանգնում… 

- Հաջո՛րդը:

Եվ այժմ բոլորը կրկին նստած են այնտեղ, կարծես ոչինչ չի էլ պատահել: Տարուբերվելով՝ վեր եմ կենում: Ա՜խ… Այնքա՜ն հաճելի էր:
Փոքրիկ ուրախություն համար 75…

.......................

1. Անգամ չէի համարձակվի երազել, որ դու կսիրահարվես ինձ (անգլ.):
2. Բեբրա – քաղաք Գերմանիայում

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ