Նիկոլն ինքն իր թշնամին չէ

Նիկոլն ինքն իր թշնամին չէ

Հայաստանում ամերիկյան ղեկավարությամբ ու ֆինանսավորմամբ լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմից փոխանցել են, որ վերջինս ԱԳ նախարարին հանձնարարել է գույքարել նախարարությունում առկա բանակցային թղթերը: Իսկ «փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին»: Նախ ասեմ, որ պետք է չլիներ այդ կառույցում առկա փաստաթղթերը գույքագրելու կարիք: Դրանք վաղուց պետք է գույքագրված լինեին ու համապատասխան ձևով դասակարգված: Ինչը վկայում է այն մասին, որ Նիկոլը որոշել է երկար ժամանակ ուղղակի չպատասխանել այդ հարցմանը: Հիշեցնեմ, որ  ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը հրապարակելու առաջարկը հնչել էր ՀՀ առաջին նախագահի կողմից:

Երկրորդ, եթե ընդհանրապես պատասխանեն լրատվամիջոցին, ապա այն կլինի կա՛մ կիսատ-պռատ հրապարակելու և կա՛մ ընդհարապես չհրապարակելու որոշում: Ինչը բնական է, քանի որ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ինքն իրեն թշնամի չէ, որպեսզի ի վնաս իրեն ինչ-որ բան ձեռնարկի: Ինչևէ, այդ լուրը դեռ ամբողջությամբ չէինք «մարսել»՝ երբ արևելյան բռնապետը հերթական հոխորտանքներն ու սպառնալիքներն ուղղեց Հայաստանին: Եվ օ՜ հրաշք, վերը նշված անձն այս անգամ անիջապես պատասխանեց իր նախկին «կիրթ» ու «կառուցողական» գործընկերոջը: Բայց ավելի լավ է չպատասխաներ, քանի որ սպառնալիքին չեն պատասխանում խաղաղության քարոզով: Եթե ուժերդ չեն ներում՝ լռում ես, ուժ հավաքում ու խոսքին գործով պատասխանում: Իսկ գործը նման անձին պատժելն է՝ այլ տարբերակ ուղղակի չկա: Իսկ եթե չես կարողանում՝ հրաժարական ես ներկայացնում: Ու պաշտոնդ զիջում նրան, ով կարող է դա անել: Բայց ինչպես գիտենք, տրամաբանական այդ վարքագիծը չի վերաբերում երբեմնի «դուխով» Նիկոլին:

Անցնենք առաջ. ալիևյան սպառնալիքներում այս անգամ կար մի նրբերանգ, որ նախկինում չէր երևացել: Խոսելով, այսպես կոչված, արեւմտյան ադրբեջանցիների համայնքի կողմից «իրենց պապենական հողերը» վերադառնալու իրավունքի մասին՝ արևելյան բռնապետը շեշտադրել էր մարդու իրավունքների պաշտպանությունը: Նրա ասելով Փաշինյանը, որպես Հայաստանը եվրոպական ժողովրդավարության ճանապարհով տանող ղեկավար, պետք է դա ապացուցի գործնականում: Բռնապետ Իլհամը «ժողովրդավար» Նիկոլին առաջարկում է իր բարձրաձայնած սկզբունքներին համապատասխան մոտեցում ցուցաբերել հակահայաստանյան այդ քայլին. սա նմանվում է գոտկատեղից ներքև հարվածին: Նիկոլն, իհարկե, դրան պատասխան չի կարող ունենալ՝ ո՛չ խոսքային և ո՛չ էլ գործնական առումով:

Բայց Իլհամը ռադիոկայան չէ, որպեսզի հարցադրում ներկայացնի ու չարժանանա Նիկոլի պատասխանին: Կամ էլ ստանա իրեն չբավարարող պատասխան: Վերջինս պառնացել է, որ հարցը չի հանվի օրակարգից, քանի դեռ «ադրբեջանցիները չեն կարողանա անվտանգ տեղավորվել Արեւմտյան Ադրբեջանում, այդ թվում՝ Արեւմտյան Զանգեզուրում»: Նիկոլն, իհարկե, դեբիլ չէ և հասկանում է, որ դա նշանակում է մեկ սերնդի ընթացքում հայկական պետության ոչնչացում: Ու դրան ասելիք չունենալով՝ կրկին առաջ է մղում երևութական խաղաղության բանաձևը: Հույսը, բնականաբար, դնում է Արևմուտքի վրա: Բայց այդ հարցում ևս ինքն աջակցություն չունի. ինչպես իր զեկույցում արձանագրել է ամերիկյան «Stratfor» վերլուծական կենտրոնը, «ԱՄՆ-ի հզոր աջակցություն ապահովելու՝ Հայաստանի ջանքերը կխափանվեն. Թրամփը կընտրի Բաքուն» (https://news.am/arm/news/860261.html): 

Հ. Գ. Խեղճ Նիկոլ, նախորդ տարին ավարտեց և նոր տարին սկսեց հրաշալի հեծանվավազքով, սակայն այդ հաճույքն ընդհատվեց Իլհամի սպառնալիքներով ու «Stratfor»-ի տհաճ զեկույցով: Եվ այդ մարտահրավերներին արձագանքելու դեպքում ինքը վերածվում էր իր թշնամուն: