Զարմանալի է, որ նրանք դեռևս աշխատում են իրենց պաշտոնում

Զարմանալի է, որ նրանք դեռևս աշխատում են իրենց պաշտոնում

«Հետք» լրատվական կայքում հրապարակված Սառա Պետրոսյանի 05․06․2019թ․ «Բնակիչներն ու պետությունը կանոնավոր վճարում են «Վեոլիա ջրին» կեղտաջրերը մաքրելու համար, սակայն մշակովի հողատարածքները ոռոգվում են կեղտաջրերով» հոդվածը «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մասին է։ Ցանկություն առաջացավ արձագանքել հոդվածին։

Ես՝ Զավեն Մարտիրոսի Աղաբեկյանս (վերը նշվածն իմ գրական կեղծանունն է), երեսուն տարի եղել եմ Երեւանի ջրմուղ-կոյուղի ընկերության տնտեսագիտական ստորաբաժանման ղեկավար աշխատողներից մեկը։ Եղել եմ «Վեոլիա ջուր» ընկերության վիճակագրական հաշվետվությունների բաժնի պետը։ Այս տարվա ապրիլի 1-ից կրճատել են իմ բաժնի հաստիքները (թեեւ վիճակագրական կոմիտեն եւ վիճակագրական հաշվետվությունները դեռեւս չեն վերացել), երեք ամսով՝ իմ նախկին աշխատավարձի կեսի չափով, ծառայությունների մատուցման պայմանագիր են կնքել ինձ հետ, որ ես շարունակեմ կատարել իմ նախկին աշխատանքները նույն ծավալով՝ պայմանով, որ իմ փորձն ու գիտելիքները, այսպես ասած՝ «թրեյնինգի» ձեւով հաղորդեմ ինձ փոխարինող աշխատողին՝ խոստանալով, որ այնուհետեւ՝ մինչեւ 2019թ․ տարեվերջ, իմ պայմանագրի ժամկետը կերկարացվի։ Անխոհեմաբար համաձայնել եմ, բայց երեք ամիս հետո դրժել են իրենց տված բանավոր խոստումը եւ ինձ, փաստորեն, ազատել աշխատանքից, այսպես ասած, «էժան գներով կորզելով» իմ գիտելիքները։ Այս ամենի մոտիվացիան եղել է իմ՝ ծերության թոշակառու լինելը, մինչդեռ հին, բարի ժամանակներում իմ նման վաստակաշատ  աշխատողներից «ազատվում» էին գոնե մի «ուղեկից» շնորհակալությամբ․․․ Սա՝ որպես թարմ տեղեկություն իրենց բարքերի վերաբերյալ։

Այժմ՝ վերոհիշյալ հրապարակմանն առնչվող որոշ հարցերի մասին։ Տարիներ առաջ (մինչեւ 2017թ․) «Վեոլիա» ֆրանսիական ֆիրման ղեկավարում էր «Երեւան ջուր» ընկերությունը։ Վերջինիս գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն լուծարեց Երեւանի քաղաքապետարանի պնդմամբ ստեղծված վերահսկողության վարչությունը (պետ՝ Միքայել Դավթյան), որն արդյունավետ կերպով ջրի երես էր հանում ստվերային տնտեսության գծով յուրացումներն ու ապօրինությունները եւ որոշ սկանդալներից ու դատական գործընթացներից հետո բառացիորեն փախավ Հայաստանից։ Հավանաբար իր առաջարկությամբ, գլխավոր տնօրեն նշանակվեց «Վեոլիա ջրի» ներկայիս գլխավոր տնօրենը։ Ջրի 80 տոկոս կորուստներ աշխարհի ոչ մի երկրում չեք գտնի, նույնիսկ՝ Մոզամբիկում։

Դրա առնվազն 10 տոկոսը (սա իմ երեսնամյա փորձի վիզուալ գնահատականն է․ թող համապատասխան կազմակերպությունները եւ փորձագետները ճշտեն այս թիվը) հնարավոր ստվերային ֆինանսական հոսքերը կարող են տարեկան մի քանի միլիարդ դրամ կազմել, մինչդեռ այսօր մի դպրոցի տնօրեն մի հավաքարարի հաստիքի հաշվին մեկ-երկու միլիոն դրամ յուրացնելու համար ՀՔԾ է կանչվում։ Ընկերությունն ունի՞ արդյոք հիմնավոր փորձագիտական գնահատական, թե այդ 80 տոկոս կորստից որքանն է տեխնիկական  (կոմունիկացիաների մաշվածություն) եւ որքանը՝ առեւտրային («լեւի» կորուստ)։ Ներկայումս, կառավարության վերին էշելոնների մակարդակով կոռուպցիայի վերացումից հետո, հարց է ենթադրվում, թե ուր կարող են ուղղվել այդ հնարավոր հոսքերը, «Վեոլիա» ֆիրման ինչո՞ւ է այսքան ամուր կառչած հայաստանյան ջրաղբյուրներից, որոնց տված օգուտն իր հասույթի մեջ «միզեր» է, ավելին՝ մեծ գումարներ է որպես փոխառություն տալիս ներկայումս պաշտոնական տվյալներով վնասաբեր համարվող «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Գուցե հայ-ֆրանսիական բարեկամության  զգացումի՞ց դրդված․․․

Մի տասը-տասնհինգ տարի առաջ տղաս ընդունվել էր աշխատանքի՝ որպես ջրմուղի առեւտրային տեսուչ իրավաբանական անձանց (հիմնարկ-ձեռնարկությունների) գծով։ Մի օր մտահոգված ինձ հարցրեց, թե ինչու է ղեկավարն իրեն  արգելում մտնել իր հստակ սահմանազատված աշխատանքային տարածքի որոշակի թվով օբյեկտներ։ Ես խորհուրդ տվեցի չխորանալ այդ բաների մեջ, եթե ուզում է շարունակել իր աշխատանքային գործունեությունը։ Ահա՛ թե որտեղ է 80 տոկոս ջրի կորստի մի որոշակի մասը։ 

«Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության վերաբերյալ շատ պաշտոնական հայտարարություններ են եղել՝ ընդհուպ մինչեւ առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացում։ Եվ զարմանալի է, որ նրանք դեռեւս աշխատում են իրենց պաշտոնում։

Զավեն Բեկյան