ԿԳՄՍ նախկին նախարարը վերջին պահին նոր նշանակում է արել

ԿԳՄՍ նախկին նախարարը վերջին պահին նոր նշանակում է արել

ԿԳՄՍ արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանն իր պաշտոնանկությունից ընդամենը ժամեր առաջ ստորագրել է Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրենի ԺՊ-ի գործունեությունը կասեցնելու հրամանը՝ միաժամանակ այդ պաշտոնին նոր նշանակում անելով, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել քոլեջի կոլեկտիվի մեծամասնության մոտ: Այդ մասին պատմեցին հենց իրենք` քոլեջի դասախոսները, նշելով, որ կոլեկտիվի մոտ 90 տոկոսը ստորագրահավաք է արել, բայց ո՛չ կոնկրետ որեւէ անձի դեմ․ իրենք դեմ են, որ քոլեջի տնօրենի ԺՊ-ի պաշտոնից հեռանա Աննա Կիրակոսյանը։ «Ոչ մի հիմք չկա դրա համար, ոչ մի բացատրություն, ուղղակի այդպես են ցանկացել ու այդպես էլ անում են»,- ընդգծում է զրուցակիցս: Ստորագրահավաքի մասնակից դասախոսների մեծամասնությունը երեկվանից դասադուլ է անում: Իրականացված ստորագրահավաքը նամակով պատրաստվում են ուղարկել վարչապետին, կառավարությանը եւ ԿԳՄՍ նախարարությանը: 

Քոլեջի տնօրենի ԺՊ-ի պաշտոնում Աննա Կիրակոսյանը նշանակվել է 2 ամիս առաջ, նախարարության կողմից: Իսկ տնօրենի մրցույթ դեռ չէր անցկացվել, քանի որ կառավարման խորհուրդ պետք է ձեւավորվեր, բայց նախարարությունից թույլ չեն տվել, որ ձեւավորվի՝ նշելով, թե ուզում են իրենց ներկայացուցչին ուղարկել, որ կառավարման խորհրդի մաս կազմի: Դրանից հետո նոր տնօրենի ընտրություններ պետք է կազմակերպվեին, բայց, կոլեկտիվի խոսքով, նախարարությունը ոչ միայն մարդ չի ուղարկել, այլեւ վերջին պահին քոլեջի տնօրենի ԺՊ-ի պաշտոնում նոր անձ է նշանակել` քոլեջի դասախոսներից Արամ Սարգսյանին:  
«Ըստ օրենքի՝ այդ խորհրդի ձեւավորման հարցում նախարարության ներկայացուցչի կարիքը չկա, բայց ընդառաջել ենք նախարարության խնդրանքին եւ սպասել»: Կոլեկտիվը ստեղծված իրավիճակը դիտում է որպես աթոռակռիվ՝ ենթադրություն անելով, որ Ա. Սարգսյանը նախարարությունում կապեր ունի, այլապես վերջին շնչին նախարարը չէր ստորագրի նրա հրամանը, որն օրինական առումով էլ անհամատեղելի քայլ է:

Ինչ վերաբերում է արդեն նախկին ԺՊ Աննա Կիրակոսյանին, ապա դժգոհ չեն նրա աշխատանքից, իր գործը լավ է արել, նախարարությունն էլ վստահեցրել էր, թե նա է լինելու, մինչեւ կառավարման խորհուրդ ձեւավորվելը, որն էլ պետք է անցկացներ տնօրենի ընտրությունը:  
Թե ինչքանով են այս պահին նրանց մտահոգություններն արդարացված, հատկապես որ նշանակվել է ընդամենը տնօրենի ԺՊ, եւ դեռ մրցույթ չի եղել, զրուցակիցներս նշեցին՝ կոլեկտիվի մտահոգությունն այն է, որ տնօրենի ԺՊ-ն ինքն է ձեւավորելու կառավարման խորհուրդ, եւ այստեղ են հենց վտանգն ու ռիսկը, որ խորհրդի լծակներն օգտագործելով՝ հնարավոր է հենց ԺՊ-ն էլ ընտրվի ու դառնա տնօրեն:  

Քոլեջի անձնակազմն այս պահին իրեն խաբված է զգում, ասում են` նախարարությունն իր մարդուն բերեց, առանց որեւէ հիմքի։ «Ենթադրենք, նախորդ ԺՊ-ն թերացել է եւ լավ չի կատարել իր գործը, բայց առանց որեւէ հիմքի ազատել, լիազորությունները դադարեցնել՝ ընդհանրապես հիմք չունի: Ինչքանո՞վ էր նպատակահարմար այս իրավիճակում ժամանակավոր պաշտոնակատար փոխել․ այստեղ կասկած է առաջանում` ի՞նչ հիմքով, ուրեմն ուրիշ նպատակներ ունեն, այստեղ էլ արդեն անվստահություն է ձեւավորվում նախարարության հանդեպ: Մենք չենք վստահում նախարարությանը, որովհետեւ ստել են մեզ եւ հնարավորություն չեն տվել ժամանակին ձեւավորել կառավարման խորհուրդ»,- ասացին քոլեջից` նշելով, որ իրենց հետագա քայլերի մասին եւս կտեղեկացնեն հանրությանը: