Լավրովը գալիս է համոզելու՞

Լավրովը գալիս է համոզելու՞

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան, ամենաշաբաթյա ճեպազրույցի շրջանակներում պատասխանելով ադրբեջանական APA գործակալության հարցին, հայտարարել է, որ հայ-ադրբեջանական մարդասիրական շփումների հաստատման նախաձեռնությունը ենթադրում է նաեւ կողմերի մոտ պահվող անձանց «բոլորը՝ բոլորի հետ» սկզբունքով փոխանակում: Զախարովայի ասելով՝ Ռուսաստանը միշտ էլ պաշտպանել է այդ մոտեցումը, որը հնչեցրել է արտգործնախարար Լավրովը: Դիտարժան է, որ Զախարովային նման միջանկյալ հարց ուղղվել է այն բանից հետո, երբ նա որոշակի ոչինչ չի ասել ՌԴ արտգործնախարարի Երեւան նախատեսված այցի գործնական նպատակի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին ադրբեջանցի լրագրողի դիտարկմանն ի պատասխան: Կարելի՞ ենթադրել, որ Երեւանում ՌԴ արտաքին գործերի նախարարը պնդելու է պահվող անձանց «բոլորը՝ բոլորի հետ» փոխանկման անհրաժեշտությունը: Խոսքն, ինչպես հայտնի է, Արցախում դատապարտված երկու դիվերսանտներին, որոնցից մեկն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, Ադրբեջանում պահվող ՀՀ երկու քաղաքացու հետ փոխանակման մասին է: Այս առթիվ արտգործնախարար Մնացականյանն ավելի վաղ ասել էր, որ այդ մարդկանց փոխանակման հարցն Արցախի իշխանությունների իրավասությունների շրջանակներում է: Պաշտոնական Ստեփանակերտը բացառել էր ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը: Կողմերի միջեւ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների եւ պատանդների փոխանակում տեղի է ունեցել 1996թ.-ին, բայց այն բանից հետո, երբ միջնորդական առաքելությամբ տարածաշրջանում գտնվող ՌԴ արտգործնախարար Պրիմակովն այցելել էր Ստեփանակերտ եւ բանակցել Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լավրովը պատրա՞ստ է հետեւել Պրիմակովի օրինակին, թե՞ նա Երեւան է գալիս տեղում համոզելու առաքելությամբ: