Եթե «5-րդ»-ը արցախցիներին պետք է, նրանք կմիացնեն

Եթե «5-րդ»-ը արցախցիներին պետք է, նրանք կմիացնեն

Հունիսի 10-ին Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ «Արցախկապ» ընկերությունը վերջապես ստացել է «չարաբաստիկ» սարքը Ֆրանսիայից, եւ 5 հեռուստաընկերությունների հեռարձակումը, որն ընդհատվել էր հունիսի 1-ին, կվերականգնվի: Շատերը վստահ էին, որ հայկական 5 TV-ների հեռարձակումն ընդհատել են քաղաքական պատճառներով ու հատուկ նպատակով՝ որ հակաիշխանական 5-րդ ալիքը, որն արցախյան հիմնախնդրի լուսաբանման հարցում ակտիվ է եւ քննադատում է պաշտոնական Երեւանի դիրքորոշումները, արցախցիները չդիտեն։ Եվ որպեսզի տեսանելի չլինի այս նպատակը, ոչ թե միայն «5-րդ»-ի հեռարձակումն են դադարեցրել, այլ նաեւ մի քանի ոչ քաղաքականներինը՝ «A TV», «Շողակաթ» եւ այլն: 

Նախագահի խոսնակը հունիսի 10-ի իր գրառմամբ դաժան մեղադրական հնչեցրեց «արհեստական աղմուկ բարձրացնողների», «քաղաքական տարբեր տիպի շահարկումներ անողների» հասցեին, դաս տվեց, ասելով՝ հարիր չէ դա: «Ի վերջո, ո՞րն էր նպատակը՝ թիրախավորել Արցա՞խը, Արցախի նորընտիր իշխանությունների՞ն, թե՞ լուծել խնդիրը»,- գրել էր Վահրամ Պողոսյանը: Քիչ էր մնում ամաչեինք: Ու մեկ էլ, ի՞նչ ենք իմանում՝ որ Արցախի էկոնոմիկայի նախարարությունը որոշել է Արցախի հարկատուների հաշվին հեռարձակել միայն կառավարության որոշած ցանկով հաստատված հեռուստաալիքները, իսկ դրանց մեջ «5-րդ ալիքը» չի մտնում: 

Ահա, այսպես լուծվեց «հինգերորդի» խնդիրը: Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը կեսգիշերին շտապել էր ուրախացնել ալիքի երկրպագուներին, գրելով ՖԲ-ում, որ մինչեւ երեկ կեսգիշեր Արցախում կվերականգնվի 5-րդ ալիքի հեռուստատեսային հեռարձակումը:
Իսկ երեկ «Հրապարակին» հայտնեց, որ ոչ մի վերականգնում էլ չի եղել: «Բոլորը վերականգնվել են՝ բացի մեզնից»: Իսկ ե՞րբ կվերականգնեն, ձեզ ասե՞լ են ինչ-որ ժամկետ: «Տեղյակ չեմ, ոչ, չեն ասել: Ի վերջո, եթե արցախցիներին պետք է, եթե նրանք կուզեն, թող միացնեն, դա նրանց հարցն է»,- պատասխանեց նա: Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ ասաց, որ հեռարձակվող հեռուստաալիքների ցանկի վերանայումը քաղաքական շահարկումների հետեւանք էր:  «Ավելացնելու ոչինչ չունեմ: Կարող եմ միայն ասել, որ ներկայում հեռարձակվող հեռուստաալիքների ցանկը վերանայվելու է: Չի բացառվում, որ հունվարին՝ հայտերի ընդունման ժամանակ, «5-րդ ալիքը» մտնի սոցիալական փաթեթի մեջ, իսկ ալիքներից մեկը դուրս գա»:  

- Բայց ոչ ոք դրան չի հավատա: 

- Մի քանի օր առաջ էլ չէին հավատում, որ խնդիրը տեխնիկական է, բայց ալիքները միացան:  

- Չէինք հավատում «5-րդ»-ի մասով, ու «5-րդ»-ը չմիացավ: 

- Տարեվերջին բոլոր հայտերը կընդունվեն, բոլորը հրապարակային կքննարկվեն, որպեսզի ոչ մեկի մոտ ոչ մի կասկած կամ մտահոգություն չլինի: Եկեք անկեղծ լինենք: Միայն հինգերորդ ալիքը չէ, որ քննադատում է, «Երկիր մեդիան» էլ կա, «Արմենիան» է հակաիշխանական հեռուստատեսություն, բայց դրանք սոցփաթեթով հեռարձակվում են: Մենք երբեք չենք խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին ու երբեք չենք խառնվելու: Դա միանշանակ է: 

- Նայեք, որ Հայաստանը չխառնվի ձեր կյանքին: 

- Դե, Փառք Աստծո, մինչեւ հիմա շատ նորմալ ստացվում են այդ հարաբերությունները: Հուսանք, որ այդպես էլ շարունակվելու է: Իմիջիայլոց, մի կարեւոր հարց կուզեի, որ բարձրացվեր՝ ինչո՞ւ Արցախի հեռուստատեսությունը Հայաստանում չի հեռարձակվում: Ինչո՞ւ ենք մենք քննարկում միայն հայաստանյան ալիքների հեռարձակումն Արցախում: Չէ որ մենք նույն երկիրն ենք, նույն հայրենիքն ենք, եւ թող Արցախի հեռուստաալիքն էլ հեռարձակվի Հայաստանում: 

- Կարծում եմ, մեծ լսարան կունենա: 

- Ես էլ եմ կարծում:

ՀԳ. Առնվազն ծիծաղելի է, որ հեռուստաընկերությունը փակում են, որովհետեւ «ինադ» են ընկել՝ քաղաքական շահարկումների պատասխանն է, իբրեւ թե։ Իրականում՝ քաղաքական որոշում է կայացվել։