Ռևյու՝ ռևյու գրելու մասին

Ռևյու՝ ռևյու գրելու մասին
գրադարան

Ռեւյուն գրախոսական, գրականագիտական, ապացուցողական-քննադատական կամ մշակութային տեքստ չէ, ավելի շատ կարճառոտ, կուզեք՝ արվեստային բնութագրում՝ մտորումներին տրվելու գայթակղությունից անվտանգ հեռավորության վրա գտնվող ստեղծագործության, ստեղծարար աշխատանքի ընթացքի ոչ հանգամանալից պարզաբանում: Ինչ-որ առումով ռեւյուն նաեւ քարտեզագրություն է, սուբյեկտիվ տրամաբանությամբ աչքի ընկնող քարտադարան, որտեղից հնարավոր է տեղեկատվություն ստանալ գրքերի, ֆիլմերի, երաժշտական գործերի ու կատարումների, կտավների, առօրեական կյանքի դրսեւորումների վերաբերյալ: Ինչպես ասում են՝ մեր հայագիր կալվածքում՝ տպագիր մամուլում, մեդիա դաշտում, հատկապես կայք-էջերում երեւացող ռեւյուների քանակը շատ չէ, ընդհատ է նաեւ դրանց պարբերականությունը:

Պատճառները շատ են. գլխավորներից մեկն էլ սոցիալական կայքերում աչք, լսողություն, լեզու եւ տեղեկատվական ահռելի հոսք մաշեցնել, հոգնեցնելն է, պատրանքն ու դրան հետեւած կեղծ համոզմունքը, թե իսկապես տեղեկացված ես ու քեզ հետաքրքրող նյութի մասին գիտես այնքան, որքան պետք է, իսկ ավելիին հակվելու անհրաժեշտություն չկա: Բայց քիչ չեն նաեւ ընթերցողները, որոնք փորձում են այդ՝ անավարտությամբ ու կրկնությամբ իսկապես հոգնեցուցիչ, իսկ կերպով անկայուն ձեւատիպերից ազատագրվել՝ վերադառնալով դեպի իմացության ու տեղյակության թվացյալ ժամանակավրեպ բնագրերը, որոնք գոնե կարող են խնամված լինել՝ ունենալով սկիզբ, ընթացք ու վերջնավարտ: 

Միեւնույն է՝ հազարավոր կայքերում սփռվող ու անվերջ թարմացվող «10 լավագույն գրքեր», «Դարի 100 լավագույն ֆիլմեր», «Հազարամյակի 100 լավագույն գեղանկարներ» վերտառություններով ցանկերը, արվեստում, ստեղծարար աշխատանքում հաջողության հասնելու միլիոնավոր խորհուրդները, որոնք տրվում են վերացական երիտասարդ հեղինակներին, վերացական սկսնակներին՝ իբրեւ թե աջակցելու նպատակադրությամբ, շատ ժամանակ այդպես էլ մնում են՝ զուտ որպես ցանկեր, անշուշտ, հավաքագրելով քլիք անողների նոր զանգվածներ: 

Ես ունեմ սիրելի ու ամենակարեւորը՝ վստահելի ամսագրեր, որոնց կայք-էջերում պարբերաբար հեղինակային ռեւյուներ են հայտնվում, որոնք մատնանշելով այս կամ այն ստեղծագործությունը կամ դրա շուրջ ծավալվող իրադարձության բովանդակային կողմը, եթե նույնիսկ չեն կողմնորոշում, չեն համոզում, որ այն հետաքրքիր է, ուշադրության արժանի, գոնե ոչ մի կերպ չեն խանգարում, չեն մոլորեցնում ու աղավաղում գրքերի, ֆիլմերի ու կտավների շուրջ եղած պատկերացումների ու մոտեցումների գերադասությունը: 

Միշտ հետաքրքրությամբ ու վստահությամբ հետեւում եմ Վահրամ Դանիելյանի առաջաբաններին, որոնք ներկայացնում են «Անտարես» հրատարակչության «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարի գրքերը, հետեւում եմ Բյուրակն Իշխանյանի բլոգին, որտեղ նա ժամանակ առ ժամանակ գրում է իր ընթերցած գրքերի մասին: 

Ռեւյուն լավի ու վատի, կողմնորոշման ու պարտադրանքի խնդիր չի դնում՝ ուղղակի դիտավորությամբ կարդալու, ֆիլմը դիտելու, ձայնասկավառակը լսելու հորդորներ չի անում (հնարավոր է միայն «անզգուշությամբ»)։ Այն ուղղակի հիմնականում երեսանց արձանագրում է, տալիս հասկացություն գրքի, ստեղծագործության ձեւի, բովանդակության, գաղափարական, քաղաքական, արվեստային նշանակության մասին եւ այդքանը: 

Տարիներ առաջ «Հրապարակի» էջերում ավելի շատ էի ռեւյուներ գրում՝ եւ ոչ միայն գրքերի վերաբերյալ, հիմա ուզում եմ վերսկսել ու շարունակել՝ եւ ոչ միայն գրքերի վերաբերյալ: Հնարավոր է շարքում ներկայացնեմ նաեւ «Ռեւյու՝ ռեւյու գրելու մասին» էսսեն, որ բազում տարբերակներ ունի եւ հարյուրավոր հեղինակներ, որոնցից են Ումբերտո Էկոն, Ջոն Ափդայքը, Նորման Մեյլերը, Վ. Հ. Օդեն եւ ուրիշներ: