Սինանյանը սրբագրում է ասածները, հետո էլ խորհուրդ տալիս գիրք կարդալ

Սինանյանը սրբագրում է ասածները, հետո էլ խորհուրդ տալիս գիրք կարդալ

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սրբագրում է իր այն հայտարարությունը, թե պետք է «Մտածել այն մասին, որպեսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա. խոսքն Իսպանիայի արաբների, ասորիների եւ այլ ազգերի մասին է, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում եւ կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում»։ 

Սինանյանին խնդրեցինք իր այսօրվա ասուլիսի ընթացքում նաև անդրադառնալ այդ հարցին՝ պատասխանելով՝ արդյոք դա ի՞ր դիրքորոշումն է միայն, թե՞ ՀՀ կառավարությանն ու վարչապետինը ևս, և արդյոք ա՞յս ճանապարհով ՀՀ բնակչությունը պետք է դառնա 4 մլն և ավել: Խնդրեցինք նաև բացատրել, թե ինչ է նշանակում «մեզ նման ազգեր» ձևակերպումը, ինչո՞վ են ասորիները կամ արաբները նման հայերին: Սակայն իր հայտարարությունը պարզաբանելու փոխարեն Սինանյանը իրեն իրավունք վերապահեց գիրք կարդալու խորհուրդներ տալ, ապա նաև ասաց, թե ինքը Շահան Գանդահարյանի հնչեցրած մտքի հետ է համաձայնել ընդամենը․

«Ես հույս ունեմ, որ այս հարցը տվողները գոնե 1 անգամ նայել են այդ տեսաժապավենը, ոչ թե խմբագրված տեսաժապավենը, որի մեջ միտք արտահայտողը հանվել է տեսաժապավենից, որը լիբանանահայ, ողջ կյանքը արաբների մեջ ապրած Շահան Գանդահարյանն է, որ այդ միտքն է արտահայտում և որի հետ ես համաձայնվում եմ։ Իհարկե, դա այդպես է արվում միտումնավոր ձևով, որովհետև պարզ է, որ սրա ամբողջ ենթատեքստը քաղաքական է։ խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ նայել վիդեոն, այնտեղ այդ հարցի բոլոր պատասխանները կան։ Ոչ ոք այնտեղ չի ասել, որ պետ՛ք է մտածել, խոսքն այն մասին է եղել, որ երնեկ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կարող են ապրել հայերի նման ազգեր։ Իսկ թե ինչով են նման հայերին, գիտեք՝ չեմ ուզում պատմության, աշխարհագրության, մշակույթի դասեր տալ, խորհուրդ կտամ 1-2 գիրք կարդան ու կհասկանան, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային, որ հայ ժողովուրդի համար նոր բան չէ իրենց հետ ապրելը և այլն։ Խորհուրդ եմ տալիս մի քանի գիրք կարդալ, իրենք կհասկանան։ Խոսքը գնում էր 2 մարդկանց միջև ,որոնք փիլիսոփայորեն քննարկում էին հարցեր, թե ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը և ինչ կետի կուզեինք մենք հասնել, և այնքան լավ երկիր լիներ, որ մենք կարողանայինք կլանել նաև այլ ազգերի։ Հիմա մարդիկ կան, որ այլ ազգերի կլանելուն դեմ են, ես դա հասկանում եմ, գուցե դա արդեն վիճաբանության թեմա է, թե կա աշխարհում որևէ պետություն, որը կարողացել է մեծանալ և հզորանալ  առանց երբևէ ընդունելու և կլանելու նման ազգերի»,- ասաց Սինանյանը։

Ստորև ներկայացնում ենք Սինանյանի հայտարարության տեսագրությունը և ենթադրությունները թողնում ընթերցողին, իսկ Սինանյանին էլ խորհուրդ կտանք գրքեր կարդալ այն մասին, թե ինչպես է պետք շփվել ԶԼՄ-ների հետ։