Կառավարության վարորդները հրաժարվել են ծառայողական մեքենաներով տաքսի վարել

Կառավարության վարորդները հրաժարվել են ծառայողական մեքենաներով տաքսի վարել

Կառավարությունը 2019 թվականի ընթացքում թվով 477 ծառայողական մեքենա է կրճատել եւ հանձնել Պետգույքի կառավարման կոմիտեին, որ վերջինս դրանք օտարի։ Դրանցից 41-ը ներկայացրել է վարչապետի աշխատակազմը։ Նշենք, որ 2020 թ․ բյուջեի նախագծում նշված է, որ 2019 թվականին ծառայողական մեքենաների թիվը կազմել է 1082։ Հիշեցնենք, որ կառավարության աշխատակազմը կրճատվող մեքենաների վարորդներին առաջարկում էր՝ մատչելի գներով ձեռք բերել այդ մեքենաներն ու «գործի մեջ» դնել, օրինակ՝ դրանցով տաքսի վարել։ Կառավարությունից մեզ ասացին, որ եղել են վարորդներ, որոնք օգտվել են այդ հնարավորությունից, սակայն Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այլ բան ասաց այս մասով։
Մինչ այդ նրանից հետաքրքրվեցինք, թե այդ 477 ավտոմեքենաներն այս պահին ինչ կարգավիճակում են գտնվում, արդյոք դրվե՞լ են աճուրդի։

«477 մեքենայից 64-ն ուղարկվել է աճուրդի, 46-ն օտարվել է, մնացածը՝ գնորդ չի եղել, նորից կդրվի աճուրդի։ Մնացածի հետ կապված՝ էդ պրոցեսը ժամանակավորապես դադարեցվել է մեր առաջարկությամբ, որովհետեւ շատ պետական մարմիններ կան, որոնք ունեն շատ հին մեքենաներ, ընդհուպ՝ «ՎԱԶ 21-06» կամ «ԳԱԶ 31-10»։ Մենք առաջարկել ենք, որ էդ մեքենաները ներկայացնեն եւ փոխարինվեն ավելի թարմ մեքենաներով, օրինակ՝ Toyota Corolla-ներով, եւ հիմա այդ պրոցեսներն են ընթանում»,- ասաց Նարեկ Բաբայանը։

- Այսինքն՝ այլ պետական հիմնարկներում առկա ավելի հին մեքենաներն ուզում եք փոխարինել դրանցո՞վ։

- Այո, ճիշտ եք, ուղղակի ավելի շատ ըստ նշանակության, ասենք՝ տեսչական մարմիններ կան, Ջրային կոմիտե եւ այլն, որոնց համար ավելի նպատակահարմար է բարձր անցողունակությամբ մեքենաներ ունենալ, ասենք՝ Chevrolet Niva-ներ, եթե ունենում ենք, տալիս ենք էդ կարգի կառույցներին։ Սովորական աշխատանքի համար Camry-ները, մեծ լիտրաժով (շարժիչի աշխատանքային ծավալը նկատի ունի) մեքենաները չենք տրամադրում։ Իհարկե, մարզպետի մեքենա եւ այլն՝ այո, գոնե Camry հնարավոր է, բայց մնացածը աշխատում ենք ավելի փոքր լիտրաժով մեքենաները շահագործել։

- Կառավարությունն այդ մեքենաների վարորդներին առաջարկում էր իրենց վարած մեքենաները ձեռք բերել ավելի մատչելի գներով եւ, օրինակ, դրանցով տաքսի վարել։ Եղե՞լ են այդ առաջարկից օգտվողներ։

- Դա առաջարկվում էր պիլոտային տարբերակ սկսել նախ հենց վարչապետի աշխատակազմից, բայց վարորդների ճնշող մեծամասնությունը երեւի թե չի համաձայնել էդ տարբերակին։ Եվ, հետեւաբար, էդ տարբերակն առաջ չի գնացել։

- Իսկ ո՞րն է պատճառը, որ չեն համաձայնել, մեքենանե՞րը լավ վիճակում չեն եղել, թե՞ գինն է բարձր եղել։

- Էդ վարորդներն իրենք իրենց չեն համարել, որ վարորդ են՝ էն իմաստով, որ տաքսի են պատրաստ քշել, այլ էդ վարորդները մտածել են, որ իրենք նախկինում մեծ հարցեր լուծող են եղել, երեւի թե, եւ իրենք վարորդ չեն, այլ իրենք կարեւոր գործերով բանագնաց են կառավարությունում։ Երեւի դա է եղել պատճառը, որովհետեւ մեքենաները հաստատ լավ վիճակում են եղել։ Վարորդներին առաջարկվում էր տարբերակ, որ իրենք կգնեն այդ մեքենաները, կմարեն էդ գումարը ժամանակի ընթացքում, եւ էդ գումարն էլ, եթե չեմ սխալվում, շուկայականից ցածր էր առաջարկվում։