«Բալասանյանը դիմակները դեղատներից սրբեց, ուղարկեց Չինաստան»

«Բալասանյանը դիմակները դեղատներից սրբեց, ուղարկեց Չինաստան»

Հարևան Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այս տեղեկությունը լուրջ անհանգստանալու առիթ է տվել մեր համաքաղաքացիներին: Հատկապես մտահոգ են Հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչները՝ գյումրեցիները: «Վրաստանի հետ սահմանը մեր քաղաքին կպած է, վիրուսն առաջինը էնդեղից էստեղ կուգա »,-ասում է մտահոգ քաղաքացիներից մեկը, ով դեղատուն էր մտել դիմակ գնելու, սակայն դուրս էր եկել ձեռնունայն:

«Հըմի կըսե՞ս՝ չխոսամ, քուրիկ ջան: Բալասանյանը սաղ դիմակներն ու բախիլները դեղատներից սրբեց, ուղարկեց Չինաստան, հըմի որ դեղատունը կհարցնեմ՝ կըսեն չկա, բա մարդ դարմանի համար տունը մե հադըմ չունենա»,-կրկին դժգոհեց քաղաքացին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրու ավագանու վերջին նիստին քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ Գյումրիի հետ քույր քաղաք հանդիսացող Չինաստանի Սիան քաղաքից նամակ են ստացել՝ խնդրելով օգնել քույր քաղաքին հաղթահարել համաճարակը: Այդ նպատակով համայնքի բյուջեից նախապես հատկացվել էր 2 մլն դրամ, որից 1 մլն 476 հազար դրամն արդեն իսկ ծախսվել էր: Քաղաքապետարանը Սիան ուղարկելու նպատակով ձեռք էր բերել  20 հազար հատ բախիլ, 14 հազար 230 հատ դիմակ, որից 8 հազար 230-ը գնել էր, իսկ 6000-ը՝ նվեր ստացել :Գնել էին նաև 10 հազար հատ բժշկական ձեռնոց եւ նույնքան էլ  խալաթ: Նման մեծ քանակությամբ ապրանք ձեռք բերելու համար քաղաքապետարանը դժվարությունների առաջ էր կանգնել  եւ դիմել էին տարբեր դեղատների:  Ինչևէ, Գյումրու այս քայլը դիտարկվում է մարդասիրական եւ գնահատվում բարձր, սակայն հասկանալի է նաև  քաղաքի բնակիչների մտահոգությունը: Մի՞թե մեր առողջապահական համակարգը պատրաստ չէ դիմակայելու նմանատիպ համաճարակներին:

Նշենք, որ Գյումրու կենտրոնական փողոցներում տեղակայված գրեթե բոլոր դեղատներում մենք նույնպես դիմակներ փնտրեցինք ու չգտանք: Որքան էլ զարմանալի է մեզ հաջողվեց պաշտպանիչ մի քանի դիմակ գնել վարսահարդարման եւ մատնահարդարման համար նախատեսված մասնագիտական խանութից, որտեղ վաճառողուհին փաստեց, որ այս օրերին աննախադեպ թվով դիմակներ են վաճառել: Իսկ ահա մասնագետներից ոմանք այլ կարծիքի են:  «Իրականում հասարակ վիրաբուժական դիմակները չեն պաշտպանում մանրէների դեմ, դրանք միայն նախատեսված են վիրաբույժի բերանի լորձից հիվանդի վերքի պաշտպանության համար»,-ասում է ապագա վիրաբույժ Դանիելը: Մեր զրուցակցի խոսքերով՝ ըստ Ամերիկյան դասակարգման՝ պաշտպանիչ դիմակները սովորաբար ունենում են երկու նիշ՝ տառ եւ թիվ: Հակամանրէային նկատառումներով բավարար է N-95 դիմակը, սակայն նույնիսկ դրանք դիֆիցիտ են եւ ձեռք բերելը դժվար է, ուստի բոլոր տեսակի վիրուսներից պաշտպանվելու ամենից ապահով մեթոդը հաճախակի ձեռքերը լվանալն ու  անձնական շփումները սահմանափակելն  է: