Ինչպե՞ս է հնարավոր, որ եվրոպացիները հավատան այդ ցնդաբանությանը

Գիշերը հարվածային դրոնով (ԱԹՍ-ով) հարվածել են 1986 թվականին պայթյունի հետեւանքով ավերված Չեռնոբիլի ԱԷԿ-ի պաշտպանիչ գմբեթին, այսպես կոչված՝ սարկոֆագին: Լուրջ հրդեհ, բարեբախտաբար, չի ծագել, ռադիացիոն ֆոնն էլ չի բարձրացել: Ուկրաինայի նախագահ Զելենսկին անմիջապես մեղադրել է Ռուսաստանին՝ դա հիմնավորելով ՌԴ նախագահ Պուտինի՝ խաղաղության բանակցություններից հրաժարվելու մտադրությամբ: Հռետորական հարց ռուսատյացներին՝ իրականում ո՞ւմ ձեռքի գործն է միջազգային մասշտաբի այդ ահաբեկչությունը եւ ո՞ւմ էր ձեռնտու: Արդյոք Պուտինի՞ն, որն ընդունել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի առաջարկը՝ հանդիպելու եւ բանակցելու վերաբերյալ: Ու, որպես բարի կամքի դրսեւորում, ներում էր շնորհել բանտարկված ամերիկյան դիվանագետներից մեկին, որը մեղադրվում էր ՌԴ թմրանյութ ներկրելու համար: Ինչին ամերիկյան կողմից հետեւեց այդ երկրում դատապարտված ռուս կրիպտոգործարարի պատասխան ներումը:
Եթե Պուտինի փոխարեն լիներ ինքը՝ Զելենսկին, կամ էլ նրա հոգեւոր եղբայր Փաշինյանը, որոնք մի բան ասում են` մեկ այլ բան անում եւ կամ՝ մի օր մի բան են ասում, իսկ հաջորդ օրը՝ մեկ այլ բան, ապա դրան կարելի կլիներ համաձայնել: Սակայն Պուտինը ցույց է տվել, որ ինքը ո՛չ Զելենսկի է եւ ո՛չ էլ Փաշինյան: Այնուամենայնիվ, ո՞ւմ էր ձեռնտու միջազգային մասշտաբի այդ աննորմալությունը: Պատասխան՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շարունակել ռուս-ուկրաինական պատերազմը: Իսկ ովքե՞ր են ցանկանում, որ շարունակվի պատերազմը: Բնականաբար, եվրոպական պետությունները, ԵՄ ղեկավարները, ովքեր 2022 թվականին տորպեդահարեցին ստամբուլյան, իսկ մինչ այդ՝ Բելառուսում անցկացված բանակցությունները: Եվ ձեռնտու է, առաջին հերթին, Ուկրաինայի, որի տարածքում է գտնվում ավերված ԱԷԿ-ը, նախագահ Զելենսկուն: Որպեսզի պահպանի իշխանությունը՝ ճիշտ ՀՀ «մեծարգո վարչապետի» նման, որի համար գերխնդիրն աթոռը պահպանելն է, պատերազմի կամ խաղաղության միջոցով` էական չէ:
Իսկ որպեսզի պատերազմը շարունակելու ցանկության առումով մեղադրանքն անհիմն չհնչի՝ ներկայացնեմ պատերազմի հրձիգներից մեկի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը. «Այսօր մենք պետք է առերեսվենք այն իրականության հետ, թե ինչ են նշանակում ԱՄՆ կառավարության գործողություններն ու հայտարարությունները Ուկրաինայի, Եվրոպայի եւ աշխարհի համար: Անգործությունը կնշանակի վտանգել մեր երկրի եւ մեր մայրցամաքի (իրականում՝ աշխարհամասի) անվտանգությունը: Ես թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա»: Ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմը շարունակելու ձգտման արտահայտություն: Ի դեպ, X սոցիալական ցանցում այն տեղադրվել էր Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի՝ մեկուկես ժամանոց հեռախոսազրույցից հետո։ Անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե ինչ է անելու հրաժարական ներկայացրած կանցլերն անձամբ, եթե ամսվա վերջին Գերմանիայում կայանալիք Բունդեսթագի (դաշնային խորհրդարանի) ընտրություններին իր ղեկավարած կուսակցական դաշինքը չհավաքի մեծամասնություն:
Արդեն ավարտվում է ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարին, բայց ես այդպես էլ չհասկացա, թե որն է Շոլցի հայրենիքի եւ եվրոպական ողջ աշխարհամասի անվտանգության սպառնալիքը: Եթե ռուս-ուկրաինականում Ռուսաստանը չի վարում լայնամասշտաբ պատերազմ՝ սահմանափակվելով Հատուկ ռազմական գործողությամբ, ապա ինչո՞ւ պետք է հարձակվի Գերմանիայի կամ եվրոպական այլ երկրների վրա: Հատկապես հաշվի առնելով ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի առկայությունը: Հիշեցնեմ, որ, ըստ դրա, դաշինքի անդամ որեւէ երկրի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում դաշինքի բոլոր երկրների վրա: Եթե Ռուսաստանի նախագահն ինչ-որ հրաշքով լիներ զելենսկիանման մեկը, ապա նման քայլ կարող է եւ կատարվեր, բայց ո՛չ այս դեպքում: Ո՞րն է այդ դեպքում կանցլեր Շոլցի հիշատակած՝ եվրոպական աշխարհամասի անվտանգության սպառնալիքը: Եվ ինչպե՞ս է հնարավոր, որ եվրոպացիները հավատան այդ ցնդաբանությանը: Այն աշխարհամասի բնակիչները, որոնց նախահայրերը մի ժամանակ քաղաքակրթություն էին տարածում համարյա ողջ աշխարհում:
Կարծիքներ