Մարուքյանը ողջունում է, որ Պոմպեոն ողջունել է

Մարուքյանը ողջունում է, որ Պոմպեոն ողջունել է

Պատերազմը շատերի հայացքներն ու մոտեցումները փոխեց։ Հայաստանում արեւմտամետ, արեւմտյան գրանտներով սնված եւ կամ «ամերիկաներում» կրթություն ստացած ու այստեղ պրոարեւմտյան քաղաքականության գիծն առաջ տանող շատ գործիչներ սկսեցին օգնություն աղերսող հայացքով ճարահատյալ նայել Ռուսաստանի կողմն ու ՌԴ-ից «պահանջել» միջամտություն՝ պատերազմի դադարեցման համար։ «Հազար տարվա» արեւմտամետները հանկարծ գլխի ընկան, որ «գոմիկների» ու սեռափոխվածների իրավունքները Հայաստանում փողով առաջ բրթող Արեւմուտքն այս օրերին, բացի կոչ անելուց, հորդորելուց ու ողջունելուց, ուրիշ ոչ մի բանով պիտանի չի լինում արցախյան պատերազմի օր առաջ դադարեցմանն ու կոնֆլիկտի լուծմանը։

Մարդիկ, որոնք տարիներ շարունակ արեւմտյան գրանտներով Հայաստանում հակառուսական գիծ են առաջ տարել, այսօր գրեթե պահանջատիրական հայացքով Ռուսաստանից են օգնություն աղերսում՝ մոռանալով իրենց անցյալը։ Մի մասն էլ, ովքեր ամերիկյան դեսպանատան ու արեւմտյան դեմոկրատական արժեքների աջակցությամբ են մտել քաղաքականություն եւ հայտնվել խորհրդարանում, դժվարանում են հստակ խոստովանել Ռուսաստանի դերակատարումն այս կոնֆլիկտի լուծման հարցում՝ չկարողանալով, սակայն, այն անտեսել կամ թերագնահատել։ Միեւնույն ժամանակ չեն կարողանում քննադատել նաեւ իրենց սիրելի Արեւմուտքին եւ Ամերիկային, որոնք այս օրերին բացի հորդորելուց ու ողջունելուց, ուրիշ որեւէ օգտակար գործով չեն զբաղվել, քանզի իրենց նավերն այդպես էլ հայկական լեռներ մագլցել չսովորեցին։

Օրինակ՝ մեր շատ սիրելի ընդդիմադիրներից Էդմոն Մարուքյանը, ով իր գործունեությամբ հենց պրոարեւմտյան քաղաքական կուրսն առաջ տանող քաղաքական գործչի ընկալում ունի հանրության շրջանում, երեկ խորհրդարանում փորձում էր մեզ համոզել, թե որն է Ռուսաստանի «պարտավորությունն» այս հարցում, եւ ինչով են «աջակցել» իր սիրելի Ամերիկան եւ Արեւմուտքն այս կոնֆլիկտի լուծման հարցում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, արդեն Ռուսաստանն ունի իր վերցրած մի հատ բեռ էս պահին, որը դեռ չի իրագործվել»,- կարծում է պարոն Մարուքյանը։

- Ո՞րն է այդ բեռը։

- Ռուսաստանը միջնորդել է, կանչել է կողմերին, հովանավոր է կանգնել իր միջնորդությամբ, եւ այդ միջնորդությունը ողջունվել է Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների կողմից, ողջունվել է նաեւ ՄԱԿ-ի կողմից, որ լինի հումանիտար զինադադար, ու այն չի պահպանվել։ Իմ մոտեցումը հետեւյալն է, որ պետք է Ռուսաստանից պահանջել, որ Ռուսաստանն իր միջնորդության եւ ԱԳ նախարարների հայտարարության տեքստն ինքը կարողանա իրագործել։

- Պարոն Մարուքյան, Դուք՝ որպես պրոարեւմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ, ի՞նչ եք կարծում, այս պատերազմում Արեւմուտքն ի՞նչ դերակատարում պետք է ունենա, Ռուսաստա՞նը՝ ինչ, կամ՝ Հայաստանի հայացքը դեպի Արեւմո՞ւտք, դեպի Ռուսաստա՞ն, թե՞ գուցե դեպի Արեւելք պետք է ուղղվի։

- Հայաստանի անկախության օրվանից սկսած՝ Հայաստանի հայացքն ուղղված է Ռուսաստանին։ Հայաստանն ունի մի ռազմավարական գործընկեր, դա Ռուսաստանն է, Հայաստանը գտնվում է մի ռազմաքաղաքական կառույցում, որը գլխավորում է, ըստ էության, Ռուսաստանը (ՀԱՊԿ-ն նկատի ունի)։

- Դա լա՞վ է, թե՞ վատ։

- Դա այն է, ինչ որ ունենք։ Այսինքն՝ մենք դրա այլընտրանքը չենք ունեցել։ Եկեք արձանագրենք, որ դրա այլընտրանքը չկա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարմանը, եւ թե Արեւմուտքն ինչ պետք է անի, ապա ես դրա մասին խոսել եմ՝ Արեւմուտքը ողջունել է Ռուսաստանի միջնորդությունը։ Այսինքն՝ Ռուսաստանն ունի այս պահին մանդատ՝ բոլորի կողմից ողջունված, որ ինքը եթե միջամտի, որեւէ մեկը չի դատապարտի այդ միջամտությունը, որ էս հումանիտար զինադադարը կյանքի կոչվի։ Հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է։

- Իսկ արեւմտյան միջազգային կառույցները, նաեւ ԱՄՆ-ն, որտեղ Դուք ուսանել եք, դեռեւս միայն հորդորում են, կոչ են անում, ողջունում են եւ էլի նմանատիպ բաներ։ Հիմա Դուք, օրինակ, հիասթափվա՞ծ եք, թե՞ ոգեւորված այդ կոչերից, հորդորներից։

- Ես կարող եմ հիասթափվել մի բանից, ինչի նկատմամբ ունեմ ակնկալիք։ Հայտնի խոսք կա՝ մի ակնկալիր, որ չհիասթափվես։ Ես ակնկալիք չեմ ունեցել, իսկ Արեւմուտքի հետ կապված՝ ասացի, որ Մայք Պոմպեոն եւ ԱՄՆ պետդեպը ողջունել են Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Մոսկվայում ստորագրված հայտարարության տեքստը, որով Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են հրադադար։

- Դուք ողջունո՞ւմ եք այն, որ Պոմպեոն ողջունել է Ռուսաստանի այդ ջանքերը։

- Այո։