Վանեցյանը «Քայլ արա»-ին հակադարձում է «Կա՛նգ առ»-ը, բավական է միայն քայլ անել

Վանեցյանը «Քայլ արա»-ին հակադարձում է «Կա՛նգ առ»-ը, բավական է միայն քայլ անել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական դիմումը հրապարակվեց ուղիղ երկու րոպե անց, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ Վանեցյանի դիմումը կստորագրի մեկ-երկու օրից։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը կայքերի, սոցցանցերի ու լրատվամիջոցների թոփ-թեման է, որը կվերլուծվի ու կվերլուծվի։ Հրաժարականի հնարավոր պատճառների մասին Hraparak.am-ը զրուցել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ։ Վերջինս, ի դեպ, կռահեց հարցը, ասելով, որ մինչ ինքը մի փակ տեղում քննարկման էր մասնակցում, իր հեռախոսը եռում էր, ինչից հասկացել է, որ երկրում ինչ-որ բան է կատարվել։

-Պարոն Հակոբյան, գնահատակա՞ն ունեք  Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին։

- Պարզ է, որ շատ արտառոց պատճառներ պետք է լինի, որպեսզի ԱԱԾ պետը հրաժարական տա, իսկ որ դա իսկապես հրաժարական է, կարելի է եզրակացնել հենց իր դիմումից, որը ինքը անմիջապես հետո տվեց, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է իր հրաժարականը։ Ըստ որում, եթե նայում ենք՝ ժամանակագրական առումով  շատ հետաքրքիր ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեկ-երկու օր հետո կստորագրի հրաժարականը, դրան միանգամից ԱԱԾ-ի խողովակներով հետևում է Վանեցյանի հայտնի հայտարարությունը, որը բավականին թափանցիկ կերպով քննադատում է վարչապետին և իշխանություններին։ Ես կարծում եմ՝ հայտաարության տեքստում բոլոր խոսքերը լավ մտածված և ընտրված էին։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ընդամենը մի քանի րոպե հետո հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հասցնում է ստորագրել այն՝ արդեն որպես հրամանագիր։ Այսինքն՝ կարծում եմ՝ Վանեցյանի հայտարարությունն անսպասել էր Փաշինյանի համար, որովհետև ինքը ենթադրում էր, որ 1-2 օրից է դա ստորագրելու։ Բայց Վանեցյանի կոշտ արձագանքը երևում է, որ ցավագին է ընկալվել և միանգամից հենց մամուլի ասուլից նա ինչ-որ մի խողովակով Արմեն Սարգսյանին ասեց, որ ստորագրի։ Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա ես հրաժարականին այդքան ուշադրություն չէի դարձնի, որովհետև, եթե չեմ սխալվում հենց ձեր թերթն էր առաջիններից մեկը նախատեսում, որ նման բան է լինելու, սրանից մոտ 7 օր առաջ։ Վաղուց էին այս խոսակցությունները, ես կարծում եմ՝ բավականին լուրջ տարաձայնություններ գոյություն ունեն։ Ընդհանրապես, ուժային կառույցների և կառավարության ղեկավարի քաղաքականության մեջ։ Ըստ ամենայնի, կան տարաձայնությունների երկրի զարգացման շուրջ։ Դատելով Վանեցյանի հայտարարությունից, որը քաղաքական էր նաև սպայի հայտարարություն լինելուց բացի և որի գլխավոր մեսիջն այն էր, որ «Քայլ արա»-ին հակադարձվում է «Կա՛նգ առ»-ը։

-Ինչո՞ւմ կանգ առ։

-Ես կարծում եմ՝ դիմում է հենց վարչապետին և ասում՝ կանգ առ։ Հերիք է քայլել, միայն քայլ անել, այսինքն՝ քայլ անելուց առաջ պետք է կշռադատված դատողություններ անել, առաջնայինը տարբերակել երկրորդայինից և այլն, և այլն։ Այդ ամենը կա իր տեքստում։ Ինքը ըստ էության դա է ասում։ Իսկ սպայի էր, քանի որ վերջացնում է «պատիվ ունեմ»-ով։ Եվ նաև այդ հայտարարությունից տպավորություն ստացա, որ  կա մի լուրջ բան, որն իրենց ստիպել է ինչ-որ բանի չգնալ, չկատարել ինչ-որ հրաման, ինչը հանգեցրել է լուրջ տարաձայնությունների։ Եվ կարծում եմ՝ հրաժարական է տրվել, այլ ոչ թե պաշտոնանկ է արվել։

-Այլ ուժայինների  հրաժարականների մասին է խոսվում՝ ոստիկանապետ, ՀՀ պաշտպանության նախարար։

-Գիտեք՝ ես դա չեմ բացառում, որովհետև իմ մոտ էլ տպավորություն կա, որ ուժային բլոկը որոշակի և բավականին լուրջ քաղաքկան տարաձայնություններ ունի իշխանության հետ։ Բայց սա արդեն կանխագուշակելու հարց է, չեմ բացառում, որ կարող է լինել ոստիկանական համակարգի հետ կապված։