Մայր բուհը շուրջ 2 ամիս «անտեր է»․ ի՞նչ են մտածում նախարարությունում

Մայր բուհը շուրջ 2 ամիս «անտեր է»․ ի՞նչ են մտածում նախարարությունում

Մարտի 30-ից Երևանի պետական համալսարանը չունի հոգաբարձուների խորհուրդ, քանի որ լրացել էր խորհրդի լիազորությունների ժամկետը, և մարտի 30-ից մինչ այժմ ՝ շուրջ 2 ամիս, ԵՊՀ-ն «անտեր է», չի կայացել նաև ռեկտորի ընտրությունը, քանի որ ռեկտորի ընտրում է հոգաբարձուների խորհուրդը։ Այս հարցով դիմեցինք կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարությանը՝ մասնավորապես հարցնելով, թե ե՞րբ են պատրաստվու հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորել, մինչև երբ մայր բուհը պետք է մնա առանց հոգաբարձուների խորհրդի, և դրա հետևանքով նաև առանց ընտրված ռեկտորի։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն մեկ տարուց ավել է՝  ղեկավարում է Գեղամ Գևորգյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար, մինչդեռ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ուսումանական հաստատության ռեկտորի պաշտոնակատարը կարող է աշխատել մեկ տարուց ոչ ավելի ժամկետով։ Նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան, ասացին, որ պատրաստվում են հարցը քննարկել պարետատան հետ․

«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի գործունեության ժամկետն ավարտվել է մարտի 30-ին, բայց քանի որ մարտի 16-ից արտակարգ դրության ռեժիմում ենք, և այն արդեն երկու անգամ երկարաձգվել է, դրա պատճառով քայլեր չեն ձեռնարկվում։ Բայց հաշվի առնելով այն, որ ստեղծված իրավիճակը կարող է շարունակվել, մենք պատրաստվում ենք պարետատան հետ համատեղ քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ բուհի զարգացումն ու բնականոն գործունեությունը չխաթարվի»,- ասացին ԿԳՄՍ լրատվական վարչությունից։

Ի դեպ, դեռևս հայտնի չէ, թե ռեկտորի պաշտոնի գրանցված թեկնածուները մասնակցելո՞ւ են ռեկտորի ընտրություններին, թե նոր խորհուրդը նոր մրցույթ պետք է հրավիրի։