Բաքվի՝ պղտոր ջրում ձուկ որսալը

Բաքվի՝ պղտոր ջրում ձուկ որսալը

Մինչ Վրաստանը շարունակում է ալեկոծվել հակառուսական բողոքի ցույցերի ալիքի տակ, եւ խաթարված են մեր հյուսիսային հարեւանի ներքին կայունությունն ու անդորրը, Բաքուն որոշել է առիթը բաց չթողնել եւ, ինչպես ասում են՝ պղտոր ջրում ձուկ որսալ։ Մասնավորապես, ադրբեջանական պետական քարոզչամեքենան սկսել է շահարկել մի թեմա, ըստ որի՝ «հայկական եւ ռուսական պրոպագանդիստները փորձում են ֆեյք նյուզ տարածել վրացական հարթակներում»։

Ըստ այդմ, խոսվում է, որ «Սպուտնիկ»-ով հատուկ ռեպորտաժ է թողարկվել՝ նվիրված Բաթումի առողջարանային քաղաքին, որը, ինչպես հայտնի է, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու «հոգեզավակներից» է համարվում։ Ուշագրավ է այն, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական անխախտ դաշնակցության եւ եղբայրության մասին գրող ադրբեջանական լրատվամիջոցներում, ներառյալ նաեւ՝ ռուսերենով հրապարակվողներում, «Սպուտնիկ»-ը որակվում է որպես «մերձկրեմլյան լրատվական ռեսուրս, որը զբաղված է քարոզչությամբ եւ ստի ու կեղծիքի տարածումով»։

Ռեպորտաժում իբրեւ թե ռուսներն ու հայերը, ունենալով դավադիր պայմանավորվածություն, փորձում են սեպ խրել վրաց-թուրքական հարաբերությունների մեջ եւ հայտարարում են, որ Վրաստանի սեւծովյան մայրաքաղաք Բաթումիի առանձին թաղամասեր կարող են համարվել արդեն թուրքական քաղաքի թաղամասեր, քանի որ գնում է թուրքացման ընդհանուր միտում։

Ըստ հրապարակման, իբրեւ թե հայ-ռուսական քարոզչական տանդեմը փորձում է լուրեր նետել հասարակության մեջ, թե Սահակաշվիլու օրոք Թուրքիայի քաղաքացիներին մասսայաբար վրացական քաղաքացիություն է շնորհվել, եւ Աջարիան փաստացի դարձել է թուրքացման թատերաբեմ։ Թե ինչու են Բաքվում հենց հիմա այսքան անհանգստացած այս ամենից, դժվար չէ կռահել, սակայն այն, որ Վրաստանի ներքին անկայունությունն էլ սկսվեց այն բանից հետո, երբ օրակարգ մտավ Դավիթ Գարեջայի վանքի հետ կապված խնդիրը եւ վրաց-ադրբեջանական սահմանագծման հարցը, սա նույնպես պակաս հետաքրքիր ու ինտրիգային չէ։