Արտակարգ դիվահանդես

Արտակարգ դիվահանդես

Եթե արտակարգ դրությունն ինչ-որ առումով արձակուրդ է Հրայր Թովմասյանի ու ՍԴ-ի համար, եւ նրանք հնարավորություն ունեն մի քիչ շունչ առնել, ապա մամուլի պարագայում արտակարգ ռեժիմը խրամատներն ամրացնելու լավ առիթ է: Պիտի պաշտպանվենք, ձեւ չկա, 30 տարի շարունակ պայքարել ենք, կայացրել ազատ խոսքը,  որ այսօր ինչ-որ կորոնավիրուսի պատրվակով ոտնատա՞կ տան: Չի լինելու: Հաղթելու ենք՝ այս իշխանություններին էլ, կորոնավիրուսին էլ: Չենք թողնելու, որ ՀՀ իշխանությունները խուճապի մատնվեն, գրելու ենք այն, ինչ կա, այնպես, ինչպես պետք է, այնքան, ինչքան հարկ համարենք: Իշխանությունն աշխատել չի՞ կարողանում՝ կսովորեցնենք համբերատար, չի՞ ուզում՝ կստիպենք՝ հանուն երկրի ու քաղաքացու: Ցը՛ը՛ը՛ը՛մփ…
Իր իշխանության տարիներին Փաշինյանի ձեռքը միայն մամուլին չի հասել: Փորձեր արել է, բայց ապարդյուն: Հիշո՞ւմ եք աղվեսի ու խաղողի պատմությունը՝ դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է: Այսօր, երբ իշխանության ներսում օբյեկտիվորեն ակնհայտ են խուճապային տրամադրությունները, եւ բանը հասել է արտակարգ դրության, առավել քան չեն կարողանալու լռեցնել մամուլին, որովհետեւ մամուլը կայացածության ու կազմակերպվածության առումով բազմապատիկ գերազանցում է այս խամաճիկների խմբին, որ իսկական փորձանք է դարձել ժողովրդի գլխին: Մի անգամ նեղություն քաշեք ու մեր աչքերով ձեզ նայեք, էլի: Հավատացնում եմ՝ ահագին նոր բան կհայտնաբերեք ձեզ համար: Ցը՛ը՛ը՛ը՛մփ…

Մենք, այո, մամուլի գործիչ ենք: Բյուջեի վրա չենք, միլիոններով աշխատավարձ ու պարգեւատրում չենք ստանում, թուղթը թանկ է, օֆիսներ ու ապարտամենտներ չունենք, տեխնիկան նոյի թվի է, գործի ենք գնում «գազելով»՝ կզած, պատերազմի ժամանակ առաջին գծում ենք, խաղաղ ժամանակ՝ շինականի կողքին: Մենք նաեւ ծայր աղքատության եզրին հասած մարդու վերջին հույսն ենք, փողոց շպրտված գործազուրկի ընկերն ու «փաստաբանը», ուսուցչի ու բժշկի ամբիոն ենք, գիր-գրականությունից հեռացած երիտասարդությանը հոգեւոր սնունդ հասցնող: Դո՞ւք ով եք: Քաղաքական գործի՞չ… Այ ցը՛ը՛ը՛ը՛մփ… 

Քաղաքական գործիչ լինելու համար քաղաքական դաշտ է պետք: Բա ցույց տվեք էդ քաղաքական դաշտը, ո՞ւր է: Այն, ինչ ունենք այսօր իբրեւ քաղաքական դաշտ, չնչին բացառություններով, ավելին չէ, քան Աննայի փիփերթով ճաշը, որի մեջ կանաչեղենը, կարտոֆիլը, ջարդած ձուն եւ մյուս բաղադրիչները լող են տալիս՝ որն ինչպես կարողանում է: Քաղաքականության բացակայությունից մարդկանց ուշադրությունը շեղելու համար չե՞ն արդյոք ընտանեկան փիփերթ-շոուներն ու լայվերը: Բայց գոնե դա կարողացեք անել մակարդակով: Աշխարհի ո՞ր ղեկավարը լյումպենի հոգեբանությամբ գինու կիսատ շիշը կդնի սեղանին ու լայվ կմտնի: Հետո էլ ասում են՝ խուճապ չկա… Կա, լավ էլ խուճապ կա ձեր մեջ, որովհետեւ տակավին չեք հաղթահարել իշխանություն լինելու պարտադիր դասընթացները: Սխալվո՞ւմ եմ: Հազիվ թե: Արարատ Միրզոյանին լսեցիք, չէ՞, որ ասաց՝ մարտ ամսվա պարգեւավճարները փոխանցելու ենք համաճարակի հաղթահարման ֆոնդին: Հավատացնում եմ՝ միայն իդիոտներն այդ պահին չհիշեցին Աստծուն եւ չխնդրեցին իրենց ազատել քաղաքական դաշտի թիվ մեկ պատասխանատու համարվող այդ «դալբայոբից»: Ժողովրդի, այդ թվում նաեւ մեր՝ մամուլի աշխատողներիս հաշվին ապրող պաշտոնյան խոստանում է մեզ լավություն անել եւ հավելյալ գումարը, որ դարձյալ մեր գրպանից է տանելու, տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի այս խեղկատակությանը: Ցը՛ը՛ը՛ը՛մփ:

Դարձյալ գամ մեր խրամատին, որ ՀՀ նոր իշխանությունների օրոք զգալիորեն խարխլվել է: Մեղավորը, իհարկե, մենք ենք: Հավատացել ենք Փաշինյանի հեղափոխությանը, մտածել՝ վերջ, վերադարձ նախկինին չի լինելու, կորցրել ենք աչալրջությունն ու, խնդրեմ՝ կանգնել խրամատները վերանորոգելու հրամայականի առջեւ: Բանը հասել է այնտեղ, որ Փաշինյանի ընտանեկան ինտիմ մամուլը մեր մասին գրում է. «Հայաստանում դասական իմաստով լրատվական դաշտ չկա կամ գրեթե չկա: Լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունն ըստ էության ոչ թե լրատվամիջոց է, այլ քաղաքական պայքարի «հատուկ ստորաբաժանում», որի նպատակը ոչ թե հանրությանը անաչառ տեղեկատվությամբ ապահովելն է, այլ «հրամանատարի (սեփականատիրոջ կամ պատվիրատուի) հանձնարարությունները կատարելը: Եթե դա այդպես չլիներ, խնդիրը շատ ավելի հեշտությամբ կկարգավորվեր: Լրատվամիջոցների ղեկավարներն իրենք համաձայնության կգային, թե ինչն է կարելի եւ ինչն է անթույլատրելի արտակարգ դրության պայմաններում, կաշխատեին «մի վնասիր» սկզբունքով: Հիմա դա հնարավոր չէ, որովհետեւ շատերի գործունեության նպատակը, ցավոք, հենց «վնասելն» է»: 

Այս բովանդակազուրկ տեքստը վերլուծելու փոխարեն մի երկու բան ճշտենք: «ՀԺ»-ի հարգարժան գործընկերներ, գուցե հենց սկզբից ասեի՞ք՝ ով էր ձեր տերը մինչեւ հեղափոխությունը: Դա շատ կարեւոր է իմանալ, որովհետեւ հեղափոխության շնորհիվ այն, ինչ փոխվել է ձեր կյանքում, մեր կյանքում չի փոխվել: Դուք այսօր հանրահայտ տեր ու տիրուհի ունեք, հասկանալի է, քարոզչամեքենա եք դարձել, մեծ ցանկություն կա մահակի դեր ստանձնելու մյուս լրատվամիջոցների գլխին: Բայց ձեզ ո՞վ թույլ կտա իրականացնել այդ խելագարությունը՝ մյուսներին մեղադրելով այնպիսի մեղքի մեջ, ինչպիսին այս ծանր օրերին պետությանն ու իշխանությանը վնասելն է: Ահավասիկ, բողոքում եք, որ լրատվամիջոցների ղեկավարները չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել: Ոչինչ չեմ հասկանում: Արտակարգ դրության մասին հրովարտակի կետերից մեկը, որ վերաբերում էր մամուլին, ոտքի է հանել բոլոր խմբագիրներին՝ բացի ձեզնից: Ինչո՞ւ են բոլոր խմբագիրները, այդ թվում՝ նաեւ մամուլի եւ ազատ խոսքի պաշտպանության ՀԿ-ները, ոտքի կանգնել, իսկ դուք՝ ոչ: Ցը՛ը՛ը՛մփ:  

ՀԳ. Լոռեցու միամտության մասին լեգենդներ են պատմում: Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ տեղի կունենա, երբ լոռեցին ընկնի իջեւանցու խելքին: Դա խոսքով պատմելու չէ, դա տեսնել է պետք: Բայց՝ պատմեմ: Լեւոն անունով մի լոռեցի գրող կա՝ չգիտես ինչու, Ջավախյան ազգանունով: Գրածները՝ համով, հոտով, իմ հարազատ Լոռու խոսվածքով, ինքն էլ միամի՛ի՛ի՛տ, միամիտ: Ո՞ւմ մտքի ծերով կանցներ, որ էս կորոնավիրուսն ու արտակարգ ռեժիմը հենց Լեւոնին կկպնեին ու նրան կդարձնեին քաղաքական գործիչ: Մեկ էլ տեսնեմ՝ Ֆեյսբուքում գրել է, թե մեր ընդդիմությունն ու Լենինը իրար շատ նման են: Ինչպես Լենինն էր վնասում Ռուսաստանին պատերազմի օրերին, այնպես էլ մեր ընդդիմությունն է կորոնավիրուսի օրերին վնասում մեր իշխանություններին: Ինձ շատ վատ զգացի, որովհետեւ Լեւոնին ճանաչում էի որպես ընդդիմադիր խառնվածքի տեր, իրականության հետ դժվարությամբ հաշտվող մարդու: Բայց դու տես, որ Ջավախյան Լեւոնն անցել է իշխանության կողմն ու ընդդիմություն է քլնգում, այն էլ՝ անարդարացի: Ասի՝ մի հատ բզեմ, «բալքի» խելքի գա: Սկսեց օրենքի պահապանի ոճով ինձ հասկացնել, որ ինքը պարտավոր չէ ինձ նման մտածել: Այ, այդտեղ չդիմացա ու մի երկու փոքրիկ բան հիշեցրի իրեն: Եվ Ջավախյան Լեւոնը հընթացս, այսինքն՝ «ծնկան ծերին», ինձ արգելափակեց: Նույն կերպ էր վարվել մեկ էլ Սաֆարյան Սծյոպիկը, որ նույնպես իջեւանցի է, նույն ինքը՝ տավուշցի: Սծյոպիկից դույզն-ինչ չնեղացա, բայց որ Ջավախյան Լեւոնին կորցրեցի, ափսոսում եմ: Ի՛նչ լոռեցի տղա մնաց արտակարգ դիվահանդեսի տակ… Ցը՛ը՛ը՛մփ…