«Փայլուն» աշխատանք եւ գերխելացի հարցապնդում

«Փայլուն» աշխատանք եւ գերխելացի հարցապնդում

Այնպես ստացվեց, որ Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների առաջադրման և ընտրության տեսարանը բաց թողեցի՝ բացառությամբ Ռուբեն Ռուբինյանի մեկ-երկու հարց ու պատասխանի: Դա բավարար էր, որպեսզի կրկին (երևի արդեն հազարերորդ) անգամ համոզվեմ՝ նիկոլական ուսապարկերի բազմությունն անուղղելի է: Բնականաբար, քաշել է տիրոջը՝ մերօրյա «փրկչին», ու նշանակություն չունի, թե ինչ կարգավիճակ ունի այդ բազմության այս կամ այն տարրը: Նշանակություն չունի նաև, թե ինչ բարդության հարցի է պատասխանում ամբիոնի մոտ կանգնածը կամ նրան հարցապնդում ուղղում դահլիճում նստածը:

Ասենք, հասարակ մի հարցի՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ռուբինյանական գնահատականը «փայլուն» էր: Ոչ թե ձևական-նիկոլական, այլ իրական ժողովրդավարության ներկայացուցիչ նորմալ մեկը կպատասխաներ, որ սկզբից ունեցել ենք սխալներ, բայց հետո կարողացել ենք ուղղել մեր սխալները: Պատվաստման առումով էլ մեր թվերն այնքան էլ գոհացուցիչ չեն, և անելու ենք ամեն ինչ դրան հասնելու համար: Կրկնեմ, սա նորմալ ժողովրդավարության ներկայացուցչի դեպքում: Նիկոլի, այսպես կոչված, «ժողովրդի իշխանության» ներկայացուցիչն առանց դույզն ինչ ամոթի զգալու «փայլուն» էր գնահատում իրենց կատարած աշխատանքը: Ի դեպ, երբ առանց անուններ տալու համեմատում էր այլ պետությունների արդյունքների հետ, «մոռանում» էր, որ նրանց մոտ համավարակի երկրորդ կամ երրորդ ալիքի առաջացումը կապված էր զբոսաշրջիկային հոսքի հետ, ինչը համարյա թե իսպառ բացակայում էր մեզանում: 

Պակաս «փայլուն» չէր իգական սեռի ուսապարկերից մեկի (անուն չեմ նշում, որ չասեն՝ անձնական խնդիր ունես) կողմից Ռուբինյանին տրված հարցապնդումը թուրքական գործակալ լինելու երևույթի վերաբերյալ: Թեման ծագել էր, երբ բացահայտվել է, որ պաշտոնական կենսագրականում Ռուբեն Ռուբինյանը թաքցրել է այն փաստը, որ 2017-2018 թթ.-ին գիտական գործունեությամբ է զբաղվել հենց թուրքական համալսարաններից մեկում: Եվ արդարացիորեն տրամաբանական հարց էր առաջացել, թե նա նույնպես թուրքական գործակալ չէ՞, ինչպես մամուլում հիշատակված «Օմեգա» անվանյալ պաշտոնատար անձը՝ ուսապարկային Ազգային ժողովի առաջին նախագահ Արարատ Միրզոյանը: Եվ ուրեմն, ուսապարկերից մեկը «փորփրել» էր նախկիններից մեկի բաց կենսագրական տվյալները և Ռուբինյանին իբրև թե օգնեց, որպեսզի վերջինս կասկածի, թե արդյոք պաշտոնական այցով Թուրքիայում եղած նախկինը ևս չէ՞ր վերածվել գործակալի:

Առաջին հայացքից խիստ տրամաբանական այդ հարցապնդումը բացարձակ զուրկ էր տրամաբանությունից: Մի բան է կարճատև պաշտոնական այցերը և լրիվ ուրիշ բան մի քանի ամիս կամ գոցե մեկից երկու տարի տևած գիտական գործունեությունը: Եվ սովորաբար հենց օտար երկրում գիտական գործունեությամբ զբաղված անձանցից են ամենաշատը հավաքագրվում գործակալներ: Իսկ Թուրքիան այն երկիրն է, որ առիթը բաց չէր թողնի օգտվելու նման հնարավորությունից: Հիշենք Նաիրի Հունանյանի՝ մի քանի ամիս տևած թուրքական գործողումը՝ նախքան 1999 թ.-ի Ազգային ժողովում սպանդ կազմակերպելը:

Հ.Գ. Գրելով «իգական սեռի ուսապարկերից մեկի» արտահայտությունը՝ ինքս ինձ համար բացահայտեցի, ու նիկոլական հետհեղափոխական Հայաստանում ուսապարկը կարող է և սեռ ունենալ, ինչը նոր խոսք է ուսապարկագիտության ասպարեզում: