Երբ նախարարն ամփոփում է չկատարված աշխատանքները

Երբ նախարարն ամփոփում է չկատարված աշխատանքները

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը երեկ ամփոփիչ ասուլիս էր հրավիրել։ Իսկ թե ինչն էր ամփոփում, լավ չհասկացանք, քանզի որեւէ կատարված արդյունք չկար, որ ամփոփեր։ Ամեն ինչ ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին էր, որ սա ենք անելու, նա ենք անելու, հիմա այս հարցն ենք քննարկում, որ հետո այս ծրագիրը ներդնենք եւ այսպես շարունակ։ Ընդ որում՝ գրեթե բոլոր ռադիկալ փոփոխությունները նախորդի, մասնավորապես՝ Կարեն Կարապետյանի օրոք նշանակված նախարար Վահան Մարտիրոսյանի ժամանակ մեկնարկած ծրագրերն են, որոնք կիսատ են մնացել, ու հիմա նոր նախարարը որոշել է դրանք կյանքի կոչել։ Հակոբ Արշակյանը չթաքցրեց, որ Մարտիրոսյանի ծրագրերն են շարունակում, օրինակ՝ ավտոմեքենաների տեխզննման գործընթացի բարելավման կամ միասնական տրանսպորտային ցանց ունենալու վերաբերյալ ծրագիրը։ Բայց դեռ ծրագիր են մշակում, հետո պետք է օրենքներ ընդունեն, օրենսդրական բազա ստեղծեն, որի վերաբերյալ առայժմ որեւէ քայլ կատարված չէ։

Նա նշեց, որ գործում է առցանց նոր համակարգ, որին միացած են Հայաստանում գործող բոլոր տեխզննման կայանները, ոլորտն ազատական է, ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն, ստանալ լիցենզիա, որը նրան թույլ կտա միանալ այս համակարգին եւ տեխզննմամբ զբաղվել։

«Այս համակարգի ամբողջ նպատակը նրանում է, որպեսզի ունենանք մեքենաների վիճակի ամբողջական բազա՝ օնլայն։ Դա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննման կտրոնների մշակույթից, տիրապետել տրանսպորտային պարկի հնարավորություններին, կանխարգելել վթարները։ Համակարգը պատրաստ է։ Այս պահին ի՞նչ է պակասում. պակասում է օրենսդրական բազան, որով ոլորտը կկարգավորվի, թե ինչպիսի հարաբերություններ պետք է ունենա մեքենայի տերը պետության հետ»,- ասաց Արշակյանը։ Նախարարը հույս ունի, որ այս տարի այդ ամենը կիրականացվի։ Մենք նկատեցինք, որ այս գործընթացը մեկնարկել է դեռ նախորդ նախարարի օրոք, ինչո՞ւ այն կանգնեց, ի՞նչը խանգարեց։ Արշակյանն ասաց, որ չի կանգնել գործընթացը, շարունակվում է։

Նույն վիճակն է նաեւ տրանսպորտային ցանցի բարեփոխման առումով՝ ինչ-որ քայլեր են կատարվել, որոնք նախորդների դրած հիմքերի վրա են, նոր բան չկա, եւ ընդամենը բարի ցանկությունների փուլում ենք հիմա, որ ունենանք միասնական տոմսային համակարգ։ Նախարարն ահագին չարչարվեց, որ մոնիտորի վրա ցույց տա քարտեզը, թե իրենք որ մարզում ինչպիսի տրանսպորտային ցանց են ուզում ունենալ, պատմեց դրա լավ կողմերի մասին, իրենց ծրագրերի, բայց երբ բանը հասավ կոնկրետ հարցադրումներին, թե երբ, ինչ միջոցներով, ինչպես, հստակ պատասխան չհնչեց։ Մեր հարցին՝ միասնական տոմսային համակա՞րգ է գործելու, Արշակյանը դրական պատասխան տվեց․ «Միասնական տոմսային համակարգ է լինելու։ Դա նշանակում է, որ ե՛ւ օնլայն, ե՛ւ օֆլայն տարբերակով մարդը կարող է առնել տոմս, ունենալ քարտ, որի վրա ինքը կունենա բալանս եւ որով կկարողանա օգտվել տրանսպորտային համակարգից»։ Իսկ դա նյութական եւ տեխնոլոգիական առումով հնարավո՞ր է կյանքի կոչել Հայաստանում, նախարարն ասաց․ «Միանշանակ հնարավոր է իրագործել, բարդությունը ոչ թե դրա իրագործումն է, բարդությունն ավելի շատ էսպիսի համակարգի կառուցումն է, որը կարողանում է ամբողջությամբ ճշգրտել եւ մոդելավորել ցանցը։ Դրանից հետո սրա պիլոտային փուլը կգա, որից հետո՝ ամբողջական իմպլեմենտացիան»։

Իսկ հաշվարկ կա՞, թե որքան կնստի դա պետության վրա, նախարարը դժվարացավ գնահատել։ Ինչպես նաեւ ասել, թե երբ պատրաստ կլինի միասնական ցանցը, միայն նշեց, որ 2 ամսից մենք կունենանք տվյալների ամբողջական ցանկ։ Հակոբ Արշակյանը չուներ պատասխան նաեւ, թե երբ կավարտվի «Հյուսիս-հարավի» շինարարությունը։ Հանուն արդարության նշենք, որ այս հարցի պատասխանը չուներ նրանից առաջ պաշտոնավարած եւ ոչ մի նախարար։ Արշակյանը խոսեց նաեւ ճանապարհաշինարարությունից՝ նշելով, որ այս տարի աննախադեպ ծավալով ճանապարհաշինություն է իրականացվելու՝ ավելի քան 300 կմ, ինչը չի եղել նախորդ 5 տարիների ընթացքում։ Նա հույս ունի, որ մինչեւ տարվա վերջ կավարտվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի շինարարությունը, որի մի մասն է այս պահին պատրաստ։ Դրանով մենք կունենանք մինչեւ Վրաստանի սահմանը լիարժեք նորոգված ճանապարհ։

Իսկ ի՞նչ է լինելու, եթե կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում տրանսպորտի նախարարությունը վերացվի եւ մեկ այլ նախարարության կազմում ընդամենը վարչության կարգավիճակ ստանա, այս բոլոր ծրագրերը կարո՞ղ են կիսատ մնալ։ Արշակյանը վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել։ Իսկ ո՞րն է երաշխիքը, ի՞նչ հիմնավորում կա, որ կիսատ չեն մնա դրանք։ «Երաշխիքը քաղաքական կամքն է»,- ասաց նախարարը՝ մեզ հուսադրելով, որ երկիրն էլ փուլ չի գա։

Հաշվի առնելով, օրինակ, Նիկոլ Փաշինյանի տված ու չկատարած խոստումները, կարելի է պատկերացնել, թե որքանով արժի վստահել իրենց քաղաքական կամքի տված երաշխիքներին։ Իսկ եթե հավատանք զուտ Հակոբ Արշակյանի անձնական երաշխիքներին, որ նա հետեւողական կլինի այս ծրագրերի իրագործմանը, ապա նույն Արշակյանը շուտով, երբ փոխվի կառավարության կառուցվածքը, զբաղեցնելու է բարձր տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը, այսինքն՝ հեռանալու է տրանսպորտի ոլորտից։ Եվ ամեն ինչ մնալու է մեկ այլ նախարարության, նախնական տարբերակով՝ տարածքային կառավարման նախարարության կազմում ընդգրկվող վարչության ու դրա պետի հետեւողականության հույսին։