Հանրայինի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը չի կայանում կորոնավիրուսի պատճառով․Ստեփան Զաքարյան

Հանրայինի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը չի կայանում կորոնավիրուսի պատճառով․Ստեփան Զաքարյան

Հանրային հեռուստաընկերության տնօրենի թափուր պաշտոնի հայտարարվելիք մրցույթի վերաբերյալ սկզբում  2 տեսակետ էր շրջանառում․ մեկը, որ, ինչպես և թույլ է տալիս կանոնադրությունը, մրցույթ կհայտարարվի 6 ամսվա ընթացքում, մյուսը, որ այն կկայանա շատ արագ։ Մանավանդ, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը երկու ամիս առաջ տված հարցազրույցում ասում էր՝ երկու շաբաթից կհայտարարենք մրցույթը։ Ապրիլի 20-ից հետո մոտ 2․5 ամիս է անցել, բայց մրցույթը ոչ միայն չի հայտարարվում, այլև այդ մասին խոսակցություններ էլ չկան։ Քանի որ Արա Շիրինյանը չի պատասխանում  «Հրապարակի» հարցերին, զանգահարեցինք խորհրդի խոսնակ Տիգրան Դանիելյանին՝ հարցնելով, թե ինչու չի հայտարարվում մրցույթը և չի հրապարակվում մրցութային հանձնաժողովի կազմը։ Վերջինս խորհուրդ տվեց դիմել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ՝ ասելով, որ մրցույթով իրենք են զբաղվում։ Այդպես էլ արեցինք։ Խորհրդի նախագահի տեղակալ Ստեփան Զաքարյանը, հարցին, թե ինչու չի կայանում մրցույթը, պատասախանեց․«Դե, էս կորնավիրուսի, էս իրավիճակի պատճառով»։ Իսկ ձևավորվե՞լ է մրցութային հանձնաժողովը։ Ստեփան Զաքարյան՝ «Կազմը վերջնական չէ, կազմվել է, լրիվ հաստատված չէ»։ Նա հրաժարվեց նշել, թե ովքեր են հանձնաժողվում, այս պահին, կրկնելով, որ հանձնաժողովը վերջնականապես հաստատված չէ։ «Ես կարող եմ ասել սկզբունքները, թե ովքեր կարող են լինել․ մշակույթ, սպորտ, մարդիկ, ովքեր կապ ունեն, ԱԺ այդ հանձաժողովից, լրատվության հետ կապ ունեցող ՀԿ-ներ։ Խորհրդի՞ց, մեր մոտեցումն է, որ լինի մեկ անդամ, և ես առաջարկել եմ, որ լինի Արա Շիրինյանը»,-մանրամասնեց Զաքարյանը։ Նրա ասածները եկան հաստատելու այն տեղեկությունը, որ հանձնաժողովը ձևավորվել է, սակայն կազմն ինչ-ինչ պատճառներով դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին, և հիմա պատրաստվում են նոր մրցութային հանձնաժողով ձևավորել։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա «Հրապարակը», նաև ՀԺ-ն գրել էր, որ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը թեկնածուներից է։ Բայց նրա հարցում մի բան այն չէ, նա՞ չի ուզում, թե Փաշինյանը, թե՞ այլ պատճառներ կան,  և այս պահին, ըստ տեղեկությունների՝ ավելի շատ հակված են  այդ պաշտոնում տեսնել Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանին, որը մինչ այս զբաղեցնում էր Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նա նաև քավորսանիական կապերի մեջ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Ի դեպ, այս ֆոնիին արձանագրենք, որ Մարգարիտա Գրիգորյանի հետ ազատման թափի տակ չընկած Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանն էլ Արայիկ Հարությունյանի տեղակալն է։