Պետք է մարդիկ իմանան, թե Հայաստանն ինչ «վիլկայի» մեջ է հայտնվել

Պետք է մարդիկ իմանան, թե Հայաստանն ինչ «վիլկայի» մեջ է հայտնվել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:

- Տեւական ժամանակ է` ընդդիմադիրները դուրս են եկել փողոցային պայքարի: Քաղաքացիների մի ստվար զանգված եւս միացել է նրանց` բարձրացնելով իր բողոքի ձայնն օրվա իշխանությունների դեմ: Ի՞նչ եք կարծում` այս պայքարն ի՞նչ արդյունք կտա:

- Ցանկացած արդյունք էլ մեր ժողովրդի համար լինելու է բացասական: Այդ շարժման հաղթանակի դեպքում հետ կգան կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները, եւ կա մեծ վտանգ, որ կվերադառնան հակաժողովրդավարական եւ կոռուպցիոն կարգերը: Իսկ ահա ինչ վերաբերում է նրան, որ այս շարժումը կարող է ձախողվել, ապա սա Նիկոլ Փաշինյանի համար կլինի հնարավորություն, որ վերջինս մատնացույց անի, թե տեսեք՝ Հայաստանի քաղաքացիները, երեք միլիոն հայերը համաձայն են իր առաջարկի հետ, այն է` Արցախի 120 հազար հայերին հարկադրել ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը կամ հեռանալ իրենց պատմական հայրենիքից:

- Դուք հիմա զուգահեռներ եք անցկացնում կոռուպցիոներների եւ ոչ կոռուպցիոներների միջեւ, սակայն կան բազմաթիվ տեսակետներ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ, իր բոլոր թերացումների հետ մեկտեղ, նաեւ զերծ չէ կոռուպցիոն ռիսկերից: Թանկարժեք մեքենաներ են գնում, պարգեւավճարներ են ստանում, անգամ պատերազմի ամենաթեժ օրերին….

- Նիկոլ Փաշինյանը գուցե կոռուպցիոներ է, դա էական առումով ոչինչ չի փոխում կամ չի արդարացնում այն մարդկանց, որոնց բոլորս գիտենք, որ կոռուպցիոներ են: Այն փաստարկը, թե ինչ տարբերություն Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, թե Ռոբերտ Քոչարյան, հասարակության համար մեծ տարբերություն կա:

- Ո՞րն է ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման Ձեր ճանապարհը: Այժմ, կարծես, Դուք ակցիաներ չեք իրականացնում, չեք բողոքում:

- Մենք չենք միանում փողոցում ժողովրդի ցասումը ղեկավարող մարդկանց: Բնական է, որ այս մարդիկ Նիկոլ Փաշինյանին պետք է անբարոյական համարեն, նրա այն առաջարկը, թե 120 հազար մարդու պետք է «փուռը տալ», 3 միլիոն մարդու գոնե ժամանակավոր փրկելու համար, անընդունելի է: Խնդիրն այն է, որ այս ռեւանշիստական եւ կոռուպցիոն ուժերն են այսօր շարժումը ղեկավարում, ինչն ակնհայտորեն շարժման համար եւս խնդիր է: Շարժումը բոլոր ռեսուրսներն ունի, որպեսզի արդեն հենց հիմա մեկուսացնի կառավարող մարմինների շենքերը` զրկելով Նիկոլ Փաշինյանին իր աշխատասենյակ այցելելու հնարավորությունից: Կան բազմաթիվ ռեսուրսներ, նյութական եւ մարդկային, որը բավարար է արդյունքի հասնելու համար, բայց մարդիկ չեն շրջափակում Հանրապետության հրապարակը, չեն շրջափակում Նիկոլ Փաշինյանի մուտքը դեպի կառավարության շենք: Խաղաղ պայքարի նպատակը խաղաղ պայմաններում երկրի կառավարման համակարգը վարչապետի ձեռքից վերցնելը պետք է լիներ: Ֆրանսիայի հրապարակում նստացույցը կարող է տեւել ամիսներ եւ որեւէ կերպ արդյունք չտալ: Այդ առումով մենք նույնիսկ չենք տեսնում, թե ինչ ակցիաներ կարող ենք անել: Միանալ այն ուժերին, որոնք այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, բնականաբար, չունենք մտադրություն, իսկ ահա ուշադրությունը շեղել մեզ վրա, եւս էֆեկտիվ լինել չի կարող: Գլխավոր գործառույթը, որ այսօր կյանքի պետք է կոչենք, մարդկանց հետ զրուցելն է, բացատրելը: Մարդկանց իրազեկված լինելու հնարավորություն պետք է տանք, որպեսզի հասկանան, թե Հայաստանն ինչ «վիլկայի» մեջ է հայտնվել: Այսօր կարեւորն իրավիճակին ճիշտ գնահատական տալն է:

- Պայքարի դուրս եկած ընդդիմադիրներն ասում են, որ իրենց նպատակն իշխանության գալը չէ, այլ` գործող իշխանությունների ապազգային քայլերի առաջ պատնեշ դնելը, նրանց հեռացնելը:

- Դե, նրանք շատ բան կարող են ասել: Ասում են նաեւ, որ պետք է թալանը վերադարձնեն: Ո՞նց են վերադարձնելու թալանը, եթե իշխանության գալ չեն ցանկանում:

- Ասում եք՝ թե՛ պայքարի դուրս եկած ընդդիմությունը, թե՛ իշխանությունը Հայաստանի պետական շահի համար մահաբեր են: Իսկ ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու Ձե՛ր ճանապարհը:

- Երրորդ ուժին ընտրելու հնարավորություն մեր քաղաքացիներն ունեին 2021 թվականի ամռանը: Սակայն քաղաքացիների մեծամասնությունը գնաց Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ետեւից, ինչի արդյունքում էլ ստեղծվեց նման իրավիճակ: Այսօր փաստացի երրորդ ուժի համար չկա ճանապարհ, այդ իրողությունը մենք բաց աչքերով ենք տեսնում: Տարակուսելի է գուցե, սակայն փաստ է: