Նորընտիր պատգամավորն իր աշխատանքի, պատգամավորների աշխատավարձի և արդարադատության մասին

Նորընտիր պատգամավորն իր աշխատանքի, պատգամավորների աշխատավարձի և արդարադատության մասին
Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզից ռեյտինգային կարգով ընտրված «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը մասնագիտությամբ իրավաբան է և, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում իր գործունեությունը կծավալի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Նա դեռ ուսանողական տարիներին կարճ ժամանակ աշխատել է հենց այս հանձնաժողովում, այնուհետև մոտ 13 տարի մասնավոր ընկերությունում է աշխատել, իսկ վերջին շրջանում էլ Շիրակի մարզպետի խորհրդականն էր։ Նորընտիր պատգամավորին հիշեցրինք, որ ինչպես նախկինում, այսօր էլ հաճախ է բարձրացվում այն հարցը, որ շատ այլ մասնագիտության տեր անձանց՝ ուսուցիչների, բժիշկների, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը ավելի ցածր է, քան պատգամավորինը։

Տիկին Բաղդասարյանը, սակայն, կարծում է, որ այստեղ հակառակ միտումը պետք է ունենալ՝ այնպես անել, որ հասարակության մյուս շերտերի աշխատավարձերը բարձրանան։ «Համաձայն չեմ այն պնդմանը, որ պետական ծառայողները, քաղաքական պաշտոն զբաղեցնողներն ավելի ազատ և թեթև կյանք ունեն, Դուք քաղաքական պատասխանատվությունը գիտակցեք և այն օրենսդրական նախաձեռնություններն ու այն օրենքները, որոնք կարող են երկրի ապագայի ու զարգացման համար բախտորոշ լինել։ Այսինքն, եթե մենք պատասխանատվության տեսանկյունից ենք գնահատում, հավատացած եղեք, որ բարդ է։ Ես հասկանում եմ, որ պատգամավորական ինստիտուտի նկատմամբ պատկերացումները աղճատված, աղավաղված են եղել նախկինում, և շատ դեպքերում պատգամավորը եղել է ընդամենը կոճակ սեղմող։ Ես լիահույս եմ, որ պատգամավորական գործունեույթունը, որի հենքում օրինաստեղծ գործունեությունն է, թույլ կտա, որ հասարակությունն ընկալի, որ այս աշխատավարձը որոշակիորեն համաչափ է»,-ասաց պատգամավորը։

Անդրադառնալով արդարադատության վիճակին, որ նոր իշխանություններին քննադատում են դատական համակարգի գործերին միջամտելու համար, արդյոք ինքը՝ որպես իրավաբան, այս ութ ամիսներին որևէ խնդիր տեսե՞լ է արդարադատության իրականացման մասով։ Նա հիշեցրեց, որ մինչև հիմա դատական իշխանությունը շարունակում է մնալ նախորդ ուժերի ազդեցության ներքո։

«Ես միանշանակ պնդում եմ և համակարծիք եմ Ձեզ հետ, որ իսկապես մենք մեծ անելիքներ ունենք հատկապես դատական ոլորտում, որովհետև ժողովրդի վստահությւոնը նախորդ երկու տասնամյակների ընթացքում հասել է զրոյական մակարդակի։ Դուք գիտեք, թե ինչպես և ինչ կարգով են քննվում այսժմ դատարաններում գործերը, ինչքան հերթեր են գոյանում, և այստեղ մենք պրոֆեսիոնալ մոտեցումներ պետք է ցուցաբերենք»,-նշեց նա։

Անկախ տեսական դատողություններից՝ ունենք հայտնի գաղտնալսման փաստը, թե ինչպես են ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետն ու վարչապետը միասին քննարկում են՝ ում բռնեն, ում կալանքի սանկցիա տան և այլն, սա նորմա՞լ է։ Նազելի Բաղդասարյանը փորձեց շրջանցել հարցի բուն էությունը՝ կանխակալ ենթադրելով, թե մենք՝ որպես լրագրող, հստակ տիրապետում ենք այն գործիքակազմին, որը խոսքեր աղճատելով և միացնելով՝ կարելի է ստանալ այնպիսի ձայնագրություն, որը թույլ կտա այն դատողությունները, որը կա։

Նկատեցինք, որ մենք չենք տիրապետում այդ գործիքակազմին, քանզի երբևէ որևէ մեկի խոսքը չենք փորձել աղճատել։ «Ես կարծում եմ, որ եթե դատական համակարգում Ձեր ասած ճնշումները լինեին, մենք այսօր այլ իրավիճակ կունենայինք՝ կամայական որոշումներ, և այդ որոշումների հենքում կարող էին լինել քաղաքական տեսակետներ։ Մինչդեռ մենք գոնե տեսնում ենք, որ դատական համակարգը քաղաքական ճնշումների չի ենթարկվում»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։