Մենք հոկտեմբերի 27-ին մի անգամ Պապ թագավորին սպանեցինք, հիմա չպետք է թույլ տանք

Մենք հոկտեմբերի 27-ին մի անգամ Պապ թագավորին սպանեցինք, հիմա չպետք է թույլ տանք

Իրան կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել։ Խոսելով ազգային ինքնությունն ամուր պահելու եւ օտարամոլությանը տուրք չտալու մասին` նա ասել է․ «Թույլ չենք տա Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: Հետո նաեւ կոչ էր արել․ «Այլեւս թույլ չտանք Պապ թագավորի սպանությունը՝ ամենամեծ դավադրությունը մեր ժողորդի նկատմամբ»։ Ապա ասել, որ Հայաստանը մանրադրամ չպետք է դառնա աշխարհաքաղաքական որեւէ կենտրոնի ձեռքում։ Ո՞ւմ էին ուղղված Փաշինյանի այս ակնարկ-ուղերձները․ փորձեցինք պարզել վարչապետի հետ Իրան մեկնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանից։

- Իմ կարծիքով, ընդհանրապես Իրանում ունեցած ելույթով  Հայաստանում ազգակենտրոն գործընթացների սկիզբ դրվեց, որ մենք վերջիվերջո ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը պետք է ներկայացնենք մեր երկրում, այլ հենց մեր շահերը։ Մենք կարող ենք համագործակցել բոլորի հետ, բայց մեր հետաքրքրությունների կենտրոնը մեր երկիրն է, մեր քաղաքացին եւ մեր ժողովուրդը․ սա էր հաղորդագրությունը, որը ելույթի միջոցով փոխանցվեց։

- Փաշինյանն ասում էր, որ թույլ չենք տա, որ լինեն քաղաքական գործիչներ, որոնք «օտարերկրյա գործակալներ» են․ Դուք ճանաչո՞ւմ եք այդպիսի գործիչների, խոսքը նախկինների՞, թե՞ ներկաների մասին է։

- Չէ, հայտնի չեն։ Ես ունեմ կանխավարկածներ, թե ինչ նկատի ուներ, մեր երկրի ղեկավարները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետք է առաջնորդվեն միայն մեր երկրի շահերով։

- Հիմա կա՞ն այնպիսիները, որոնք չեն առաջնորդվում, չէ՞ որ վարչապետը հենց այնպես «օդում» հայտարարություն չէր անի, սա լուրջ հայտարարություն է։ 

- Հա, հնարավոր է՝ ինքն ունի տվյալներ, ես կարծում եմ՝ էդ մասին պարզելը հեշտ է, օրինակ, լյուստրացիայի մասին նախագծով։

- Իշխանության օրակարգում լյուստրացիայի հարց կա՞։

- Ես գոնե պատրաստ եմ ու կարծում եմ՝ կա դրա անհրաժեշտությունը, բայց պետք է քննարկել, դեռեւս չկա մեր օրակարգում նման հարց։

- Որ ասում է՝ «Պապին չսպանենք», Փաշինյանը մտահոգվա՞ծ է իր անվտանգությամբ։

- Պապ թագավորի ժամանակներն ազգային գաղափարների վրա ազգային պետություն կառուցելու ժամանակներ էին, մենք հիմա էլ նման փորձ պետք է անենք ու պետք է հետ գնանք եւ թույլ չտանք, որ սպանեն, մենք հոկտեմբերի 27-ին մի անգամ էլ Պապ թագավորին սպանեցինք ու հիմա չպետք է թույլ տանք, մենք մի անգամ ազգային համակարգ պետք է սարքենք, որ անգամ Պապ թագավորին սպանեն էլ, այդ համակարգը նոր «պապեր» գեներացնի, ու հնարավոր չլինի ազգը սպանել։

- Մինչ Փաշինյանը օտարերկրյա գործակալների մասին ելույթ է ունենում, ձեր ընդդիմախոսներն իշխանություններին մեղադրում են «սորոսյան» ազդեցության տակ գտնվելու համար, մատնացույց են անում մարդկանց, որոնք համագործակցում են Սորոսի հիմնադրամի հետ։ Գուցե Փաշինյանի ակնարկը հենց նրա՞նց է ուղղված։

- Գիտեք, էդ Սորոսի անունը եւ հիմնադրամներն այնքան ուռճացրեցին վերջին շրջանում, ես չեմ հասկանում, թե ինչ կոնկրետ վտանգ են տեսնում այդ հիմնադրամներից։ Ենթադրենք, ծրագրեր կան, օրինակ՝ ընտրական իրավունքի հետ կապված, տարբեր խտրականությունների, ֆիզիկապես սահմանափակ մարդկանց համար նոր հնարավորությունների ստեղծման, դրանք կարող են ֆինանսավորվել ինչպես այլ ֆոնդերի, այնպես էլ «Բաց հասարակության հիմնադրամների»՝ նույն իր՝ Սորոսի կողմից, հիմա ի՞նչ տարբերություն, թե ում կողմից է ֆինանսավորվում։ Եթե մենք պարզենք, որ ֆինանսավորել են գործընթացներ, որոնք քանդում են, քայքայում, մեր ազգի ինքնությունն են վնասում, այո, մենք պետք է դեմ գնանք այդ գործընթացին։

- Օրինակ, առաքելական եկեղեցու, մայր բուհի դեմ ծավալվող գործընթացների հետեւում այդ ֆոնդի հովանավորչությունն են տեսնում։

- Եկեք մայր բուհի օրինակով խոսենք։ ԵՊՀ-ն, ցավոք սրտի, շատ ցածր որակի կրթություն է տալիս, համալսարանական կրթությունը սկզբունքորեն պետք է վերափոխվի, այսինքն՝ մենք պետք է լրիվ հնարավոր տարբերակները, որ կոռումպացված են, արհեստական են, կեղծ են, հիմնված են զուտ դասախոսին աշխատանքով ապահովելու տեղեկության վրա, պետք է դնենք մի կողմ ու ստեղծենք նորմալ՝ ուսանողակենտրոն բարձրագույն կրթություն։ Իմ համար միեւնույն է՝ այս արտահայտությունն ասողը ֆինանսավորվե՞լ է, թե՞ ոչ կամ որտեղից է ֆինանսավորվել, որովհետեւ այդ ճշմարտությունն է՝ մենք բուհը պետք է վերափոխենք։

- Այսինքն, եթե ՀՀԿ-ական ռեկտորը հեռանա, իշխանության մարդը նշանակվի, կվերափոխվի՞ բուհը, կամ վերափոխելու տանող ուղին ճնշումնե՞րն են։

- Սա Ազգային ժողով է, եթե ես տեսնեմ, որ ինչ-որ գործընթացներ պիտի տեղի ունենան այստեղ, որոնց ես խոչընդոտում եմ, կթողնեմ կգնամ, կասեմ՝ թող լինեն։ Այսինքն, եթե կա հին, կարծրացած համակարգ, 70-ն անց պրոֆեսորներ, որոնք վաստակ ունեն, ու պետք չէ դա նսեմացնել, բայց եթե աշխարհում կրթական համակարգերը մեծ արագությամբ փոփոխվում են, ու մենք այդ հին բուրգը շարունակում ենք պահել, չենք կարող որակյալ մասնագետ տալ։

- Տարիքո՞վ է պայմանավորված, որ որակյալ մասնագետներ չենք տալիս։

- Ոչ, տարիքով չի որոշվում, բայց պետք է ամեն ինչ փոխվի։
Ես ուզում եմ, որ մեր երկրում լավ, որակյալ կրթություն լինի, միայն ԵՊՀ-ն չէ, մենք չենք կարող որեւէ բուհ վերցնել եւ ասել, որ համադրելի է աշխարհի լավագույն բուհերի հետ, խնդիրը մարդկանց փոխելը չէ, այլ՝ համակարգերը, ուղղակի մարդիկ պետք է արժանապատվություն ունենան, ասեն՝ ժողովուրդ, ես արդեն հին եմ, եկեք այդ համակարգերը փոխեք։

- Նոր իշխանությունների մասին տպավորություն կա, որ դեռեւս միայն քանդում են, ոչինչ չեն կառուցում, չե՞ք վախենում այս մեղադրանքներից։

- Հա, ընդունում եմ այդ մեղադրանքները եւ գտնում եմ, որ դա ճիշտ է։ Մենք պետք է քանդենք եղածը ու կառուցենք նորը։ Տեսեք, այս շենքը՝ ԱԺ շենքը, սովետական շենք է ու շատ վատն է։ Միգուցե դրսից նայում ես՝ շատ սիրուն է, բայց շատ վատ շենք է։ Այստեղ  հնարավոր չէ աշխատել, այս շենքը խեղդում է մարդուն, եթե մենք ուզում ենք լավ աշխատել․․․ կարող ենք այս շենքը թողնել, ինքը շատ լավ պատկերասրահ կլինի, մենք նոր ԱԺ շենք սարքենք, որը մարդկանց աշխատելու համար է նախատեսված։ Սա, ամեն դեպքում, այդպիսին չէ։

- Ինչի՞ն է շենքը խանգարում, օրինակ՝ ի՞նչը չի թողնում աշխատեք։

- Մենք պետք է բաց լինենք, տեսեք՝ դահլիճում անգամ լուսամուտ չկա, իսկ այս շենքը պետք է բաց լինի, ԱԺ շենքը մարդկանց համար է, իսկ սա այդպիսին չէ, ստեղ մարդկանց համար որեւէ միջավայր չկա, այս շենքը պետք է ամբողջությամբ հարթակներ լիներ, որտեղ մարդիկ կգային ու կխոսեին իրար հետ։

- Իշխանությունում էլ քիչ չեն մարդիկ, որ օտարվել են ժողովրդից։

- Ես երկու պաշտոնյա գիտեմ, որ թիկնազորով են ման գալիս, իսկ մնացածին կարելի է փողոցում հանդիպել, զրուցել, մարդիկ չեն էլ ճանաչում շատերին։