ԱԺ-ում աշխատանքային մթնոլորտը մի մարդ կարող է խաթարել՝ Նիկոլ Փաշինյանը 

ԱԺ-ում աշխատանքային մթնոլորտը մի մարդ կարող է խաթարել՝ Նիկոլ Փաշինյանը 

Ակնհայտ է, որ իշխանությունների թիվ մեկ խնդիրն այսօր իրեն պաշտպանելն է, իր հանդեպ բացասական վերաբերմունքը նվազեցնելը, իշխանափոխության ռիսկերը չեզոքացնելը։ Եւ դրա համար ինչի ասես, որ չեն դիմում։ Էլ պետական պաշտոնյային ուղղված հայհոյանքը քրեականացնում են՝ դեմ գնալով միջազգային իրավունքի ընդունված նորմերին։ Էլ լրացուցիչ միջոցներ են հատկացնում իրենց պահպանության համար, այդ թվում՝ Ազգային Ժողովում աննախադեպ միջոցառումներ իրականացնելով։ Էլ լրագրողների մուտքն են արգելում ԱԺ միջանցքներ եւ իշխանական հարկաբաժին։ 

Բայց ամենամեծ անհանգստությունը, պարզ է, որ ունեն նորընտիր ընդդիմությունից։ Այս ընդդիմությունը, ի տարբերություն նախորդի, հակված չէ պայմանավորվածությունների, փափուկ հարաբերություններ կառուցելու։ Նախորդների առաջնորդը Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանն էին, որոնք իշխանությունների հետ «համագործակցելու» հարուստ փորձ ունեին, նորերի առաջնորդները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, Արթուր Վանեցյանն ու Սեյրան Օհանյանը, որդի կորցրած Գեղամ Նազարյանը, բանտից նոր դուրս եկած Արմեն Չարչյանը, քրեական գործերի տակ գտնվող Վահե Հակոբյանը, Արմեն Գեւորգյանը, Տարոն Մարգարյանը, հեղափոխականների հանդեպ խորը ատելություն ունեցող Անդրանիկ Թեւանյանն ու Արեգնազ Մանուկյանը, մյուսները։ Այնպես որ ներողամտություն, բարեկիրթ պահվածք այս ընդդիմությունից ակնկալելը միամտություն կլիներ։ 

Ուստի իշխանության օրենսդիր թեւն առաջին իսկ օրվանից լարված էր, «ստոյկա» բռնած, որ հակադարձի ընդդիմադիրների հարձակումներին։ Պետք չէ մոռանալ, որ անգամ վերարտադրվելուց հետո նրանք նույն ուսապարկերն են, որոնք շարունակելու են ծառայել մեկ անձի։ 

Ընդդիմությունն էլ ինքնահաստատման, կայանալու խնդիր ունի եւ իր ընտրողներին պետք է ապացուցի, որ իշխանափոխության մտքից չի հրաժարվել, իր նպատակը մանդատները վերցնելը չէր եւ ինքը չի գնացել «հողատու եւ դավաճան» իշխանությունների հետ համագործակցելու, այլ իրականացնում է իշխանափոխության իր ծրագիրը։

Պարզ էր, որ առաջին իսկ նիստերում կողմերը շոշափում են միմյանց, փորձում հասկանալ, թե որն է դիմացինի թույլ տեղը, ինչպես ու ինչքան կարող են հարձակվել, որտեղ է հարկավոր պաշտպանվել ու զիջել՝ այնպես, որ Ազգային Ժողովի դահլիճը չվերածվի մարտադաշտի եւ խորհրդարանի աշխատանքները դեռ չսկսված փակուղի չմտնեն։

Եթե ժողովրդական լեզվով ասենք՝ կատու ճղելու օրեր են։ Այսինքն՝ ինչպես նոր ամուսնացած ամուսինը կնոջ աչքի առաջ իր հրահանգը չկատարած կատվին ճղում է, որ նա իր գլխի գալիքը հասկանա եւ կրակի հետ չխաղա։ Այնպես էլ ԱԺ իշխանությունն ու ընդդիմությունն այժմ միմյանց ցուցադրում են իրենց ուժը եւ իրենց վճռականությունը։

Եւ քանի որ գլխավոր հարցը կա եւ շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը, ուստի իշխանական խմբակցությունն ու ԱԺ ղեկավարությունն իրենց գլխավոր խնդիրը համարում են խորհրդարանում վարչապետի շահերը պաշտպանելը։ 

Այսօրվա միջադեպը, երբ Արեգնազ Մանուկյանի անմեղ բառը՝ «նիկոլենք» հունից հանեց ԱԺ նախագահին եւ նա սպառնալից տոնով զգուշացրեց, թե ինքը թույլ չի տա, որ իր «շեֆին» վիրավորեն եւ վարչական տույժ կկիրառի, հենց այդ մարտավարության շրջանակներում էր։

Այսինքն, ինձ, Ռուբինյանին, Արշակյանին կարող եք վիրավորել, բայց սրբության սրբոցը մեր առաջնորդն է, նրան վիրավորելը ծանր կնստի ձեր վրա, սա էր Ալեն Սիմոնյանի ասածի իմաստը։ Ճիշտ է՝ նա փորձում է դեռ հավասարակշռությունը պահպանել եւ երբեմն դիտողություններ է անում նաեւ իշխանական խմբակցության պատգամավորներին, որոնք աղմկում են կամ ռեպլիկներ թողնում, բայց դա, վստահ ենք՝ երկար չի տեւի։ Իսկ ավելի ստույգ կտեւի մինչեւ այն պահը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մեկի վրա կատաղած, չի հրահանգել՝ «դրան սատկացրեք» ու ՍՄՍ-ներով չի ասել, թե ինչպես «սատկացնեն»՝ ինչ բառերով ու ինչ գործողություններով։ Ինչով զբաղվել է երեք տարի շարունակ՝ իր քաղաքական հակառակորդներին դիտելով որպես թշնամիներ, որոնց տեղը բանտում է։ Իսկ եթե բանտ նստեցնել չի ստացվում, ապա պետք է ֆեյսբուքներում ու ելույթներով նրանց ստորացել ու ոչնչացնել։ Ահա իշխանությունների մարտավարությունը 2018-ից սկսած։