Արցախի Սխտորաշենը մի բնակիչ ուներ՝ 83-ամյա Լենա տատիկն էր

Արցախի Սխտորաշենը մի բնակիչ ուներ՝ 83-ամյա Լենա տատիկն էր

Արցախում մի  գյուղ կար՝ Մարտունու Սխտորաշեն։  Այդ գյուղի մասին ես 2016 թվականին գրել էի։ Սխտորաշենը  երեսուն տարի  ամայի է  եղել ու նրա մասին կարող էին նաև չհիշել, որ այդպիսի գյուղ է եղել։ Նրա մասին կարող էինք  չգրել, եթե բնակիչ չունենար: Գյուղը  մի բնակիչ ուներ : Մի կենտ բնակիչ: Դա 83-ամյա Լենա տատիկն էր: 
Լենա տատիկի  մասին հիշեցի պետական մակարդակով Արցախի գյուղերի հանձնման, տարհանման  ֆոնին։ Ուրեմն այդ գյուղ էր գնացել օպերատոր լուսանկարիչ Գարեգին Պապոյանը, տեսել էր Լենա տատիին՝ գյուղի միակ բնակչին ու ցնցվել նրա հաստատակամությունից, կամքից։ Այնպես է դա ազդել նրա վրա, որ  որոշել է նրա մասին ֆիլմ նկարել: Օպերատորն ասում էր․ 

- Տատը չէր ուզում լքել գյուղը, որովհետև չէր ուզում, որ Սխտորաշենը քարտեզի վրայից վերանար։ Ասում էր, որ եթե գյուղը  կա քարտեզի վրա, ուրեմն գոյություն ունի։ Էս ու էն կողմից կլսեն, կտեսնեն, կիմանան, կգան Սխտորաշենին տիրություն անելու։ 
Լենա տատը  չորս տղա ուներ, չորսն էլ ապրում էին տարբեր տեղերում:  Ուզում էին տանել իրենց մոտ, չէր համաձայնվում՝ բա Սխտորաշենը ու՞մ թողնեմ։ 

Հետո իմացա, որ Սխտորաշենի միակ տատին մի երկու ամիս հետո մահացել է։ Տատիի մասին գրեցի ու վերջում ավելացրի, որ նման տատիի համար պետական մակարդակով թաղում պիտի կազմակերպեին։ Որոշ ժամանակ  հետո լսեցի, որ Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացվել է հայկական արտադրության «Սխտորաշեն» ֆիլմը: Փառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ներկայացված ֆիլմը Արցախի Սխտորաշեն գյուղի մասին է, որի միակ բնակչուհին 83-ամյա Լենա տատն է: 

Դրանից էն կողմ էլ հայրենասիրություն չկա։ Ֆիլմը լաց էր, հայրենասիրություն, ճիչ։ Արցախցին իր հողից բուսած ծաղիկ է։  2016 թվականին գյուղում մի բնակիչ է եղել, թուրքը վախեցել է գյուղին մոտենալ։ Նիկոլ, դու  ո՞նց ես Արայիկի կատարմամբ արցախցուն  պոկում իր հողից, տնից, գերեզմաններից․․․ Դու ո՞նց կարողացար մարդկանց մեջ այդքան վախ ու սարսափ, մաղձ ու հիասթափություն ներարկել։